Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքին նայում էր պայծառ ժպիտով»

Հուլիս 30,2024 18:01

«Ապառաժ». Հովսեփյանների ընտանիքը 2003 թվականին է Սյունիքից տեղափոխվել Արցախ և 2006 թվականին վերաբնակեցվել Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղում։ Նույն թվականի օգոստոսին տան մինուճար զավակը՝ Արթուրը, ամուսնացել ու ընտանիք է կազմել ստեփանակերտցի Էլինայի հետ։ Երեք երեխաների ծնունդները պարգև էին Արթուրի և Էլինայի համար, և ապրում էին նրանք՝ ինչպես բոլոր արցախցիները՝ ստեղծելով ու արարելով․․․

Մի իսկական դրախտավայր էր հիշեցնում նրանց տունը՝ շրջապատված մրգատու ծառերի այգիներով ու բազմերանգ ծաղիկներով։ Աշխատավոր մարդկանց ձեռքերն ի զորու էին ստեղծել, բազմացնել։ Տան կից անասնաֆերմաները լիքն էին խոշոր ու մանր անասուններով․ տարիների վաստակ էր դա․․․

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ուղտասարը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գյուղի անկումից հետո ընտանիքը տեղափոխվեց Գորիս, իսկ Արթուրը մնաց Արցախում․ ծառայում էր ԱՀ ՊԲ շարքերում։

-Արթուրը մեզ տեղափոխեց Գորիս, իսկ ինքը մնաց ծառայելու։ Չէր ուզում Արցախից հեռանալ․ ասում էր, որ շուտով տուն կվարձակալի Ստեփանակերտում և մենք հետ կվերադառնանք։ Անգամ հույս ուներ, որ Ասկերան-Իվանյան հատվածում կառուցվող տներից կտրամադրեն մեզ ու մեր սեփական անկյունը կունենանք։ Ասում էին, որ այդ թաղամասը կառուցվում է Ուղտասարի և Արմենակավանի բնակչության համար։ Արդեն տանիքներն էին տեղադրում։

Դիրքապահ գնդացրորդ էր։ Հերթափոխից հետո գալիս էր Գորիս, հետո նորից վերադառնում Արցախ։ Հերթական տունդարձը պետք է լիներ 2022 թվականի դեկտեմբերի 11-ին։ Զանգեց ու ասաց, որ դիրքերից վերադարձել է, սակայն մեկ օր պետք է հերթապահի զորամասում և հաջորդ օրը մեզ մոտ գա։ Սակայն հաջորդ օրը՝ դեկտեմբերի 12-ին, փակվեց Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Ճակատագրի հեգնանք ասեմ, թե ինչ․․․ Մեկ օր հերթապահ կանգնելը նրան զրկեց ընտանիքի հետ լինելու հնարավորությունից։ Արցախը շրջափակման մեջ մնաց 9 ամիս, և այդպես էլ մենք իրար չտեսանք․ շփվում էինք սոցիալական ցանցերի միջոցով,-պատմում է Էլինան և համեստորեն աչքերը հեռացնում մեզանից, որ չտեսնենք արցունքներն ու այնտեղ ծվարած անվերջանալի կարոտը․․․

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Արցախի դեմ սկսվեց լայնամասշտաբ պատերազմը, Արթուրը Հարավի դիրքերում էր՝ թշնամու ուղղակի թիրախի տակ։ Այդ օրը նրա կյանքի վերջին օրն էր։ Բեկորային վնասվածքներից զոհվեց հայրենիքի նվիրյալը։

Արթուր Կարոյի Հովսեփյանը, միշտ հավատարիմ մնալով իր գաղափարներին ու հայրենիքը պաշտպանելու գործին, մասնակցել է նաև ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Ընկերասեր, ազնիվ ու հայրենասեր երիտասարդ էր և կյանքին նայում էր պայծառ ժպիտով։ Հավատում էր․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031