Սոցցանցերում դժգոհություններ կային, որ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում կազմակերպված միջոցառման ժամանակ Կորյունի արձանը հայտնվել էր հովանոցի տակ, ինչը որակվել էր վանդալիզմ եւ անհարգալից վերաբերմունք հուշարձանի հանդեպ:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանից:
«Սա առաջին դեպքն է, որ խոսում եմ այդ դրվագի մասին, որովհետեւ երբեմն այնպիսի անլուրջ աղմուկ է լինում, որ պատասխանելն ուղղակի դառնում է անհարիր, որովհետեւ չի կարող Մատենադարանի ղեկավարությունն արձագանքել չվերահսկվող տեղեկատվական դաշտի ամեն մի զառանցանքի»,- ասաց Արա Խզմալյանը:
Կարդացեք նաև
«Մենք նախապես բերել էինք այդ ծածկոցները՝ ելնելով այն հանգամանքից, որ լինելու է տեխնիկա, երաժշտական գործիքներ, եւ անձրեւի դեպքում երաժշտական գործիքները փրկելու համար հարկ կլինի արագ դրանք ծածկել: Եվ երկրորդ, երբ սկսեցինք դրանք տեղադրել, իսկապես անձրեւ սկսվեց:
Մենք մինչեւ ժամը 9-ը ուղղակի սարսափած էինք՝ արդյոք համերգը կկայանա՞, թե՞ ոչ, բայց քանի որ Մատենադարանը օրհնյալ կառույց է, եւ Մատենադարանում կան ավելի շատ ավետարաններ, քան որեւէ եկեղեցում, մեզ չար աչք չի կպչում: Մենք պաշտպանված ենք չարախոսությունից:
Արագ, երկու ժամով, ոնց պատահել է, մարդիկ ծածկել են անձրեւի տակ այդ ամենը: Հիմա կարող ենք ասել՝ կարելի էր մի քանի մետր գնալ առաջ կամ մի կես մետր ձախ գնալ, միշտ էլ կարելի է քննարկել, բայց այն աշխարհացունց սրտացավությունը, որ ես նկատում եմ, մեր որոշ հայրենակիցների կողմից, ինձ համար անընդունելի է: Այդ հայհոյանքի փոխարեն գոնե մեկ անգամ այցելեք Մատենադարան»,-հավելեց Խզմալյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մատենադարանի ձեռքբերումների մասին՝ Արա Խզմալյանի հարցազրույցը առաջիկայում: