Հուլիսի 30-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այցով եղել է Վանաձորում։
Նախարարը հանդիպել է ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների ծառայողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ոստիկանության չորս հենասյունային ուղղություններով իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության, Ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացները, կադրային համալրումն ու ձեռքբերումները։
Անդրադառնալով ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացին՝ Վահե Ղազարյանը հորդորել է ակտիվացնել մասնակցությունը և բարելավել սոցիալական երաշխիքները։
Քննարկվել են Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից հանցավորության դեմ պայքարի, առանձին հանցագործությունների մասով իրականացված աշխատանքների արդյունքները, վեր են հանվել կարգապահական խնդիրներ։
Նախարարը հանցավորության դեմ անզիջում և հետևողական պայքարի ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել:
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել նաև ՁՊՎ-ների պայմանների բարելավմանը, ինչպես նաև այլ իրավապահ կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը։
Պարեկային ծառայության գործունեության շրջանակում քննարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման, ծառայության արդյունավետ կազմակերպման, կանանց ներգրավվածության և այլ հարցեր։
Նախարարը, ՆԳ նախարարության ղեկավար կազմը և Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքարին։
ՀՀ ներքին գործերի նախարարություն