Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան. «Մեզ համար պետք է հստակ լինի, որ ցավոք, հայ ժողովուրդը իր իշխանությունների ձեռամբ եւ մեղսակցությամբ մասնակից է եղել հայ ժողովրդի ցեղասպանությանը 21-րդ դարում»

Հուլիս 30,2024 17:42

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբից բոլոր լրատվամիջոցներին եւ բոլոր հարթակներին հորդորեց հստակորեն նշել, որ արցախահայությունը ենթարկվել է ցեղասպանության: «Դա ուղղակի նման գործողություն չէր: Կատարվել է հենց ցեղասպանական հանցագործություն՝ ցեղասպանության կոնվենցիայի բոլոր դրույթներին համապատասխան: Եվս մի հորդոր. ես շատ եմ տեսնում եւ, ցավոք, մեր հանրային խոսույթում շատ տարածված է, որ թվային տատանումներ են տալիս՝ 100 հազար, 120 հազար: Մենք խոսում ենք 150 հազար արցախահայերի ցեղասպանության մասին: Ու մի շատ կարեւոր հստակեցում նույնպես: Երբ մենք մեր հանրությանը տարաբնույթ, տատանվող մեկնաբանություններ ենք ներկայացնում, կարծես, տպավորություն ենք ստեղծում, որ քննարկելու կամ կասկածելու առիթ կա: Խնդիրն այն է, որ այդ 150 հազար հայերի ցեղասպանությունը իրականացվել է արեւմտյան ծրագրերին հագուրդ տալով ու այդ ցեղասպանական գործողությունը իրականացվել է մեր իշխանության մասնակցությամբ եւ մեղսակցությամբ՝ լինի նրանց անգործությամբ, թե կատարած գործողությունների տեսքով, որովհետեւ տարբեր դրվագներում դրանք եղել են գործողություններ, տարբեր դրվագներում՝ անգործություններ ամենաբարձր պետական մակարդակով՝ մինչեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

Մեզ համար պետք է հստակ լինի, որ ցավոք, հայ ժողովուրդը իր իշխանությունների ձեռամբ՝ մասնակցությամբ եւ մեղսակցությամբ մասնակից է եղել հայ ժողովրդի ցեղասպանությանը 21-րդ դարում: Եվ դրան զոհ է գնացել մի ամբողջ արցախահայություն՝ 150 հազար անդամով»,-ասաց դիվանագետը եւ շարունակեց:

«Հիմա գանք այսօրվա զարգացումներին, որոնք պատահական չեն: Մի քանի ամիս առաջ արդեն նշել էինք, որ արագացում է տեղի ունենալու, արեւմտյան կողմը շտապում է: Վերջին շրջանում ամերիկյան բարձր մակարդակի պատվիրակների այցերի շքերթը պատահական չէ: Նրանք փորձում են ի վերջո այդ չարաբաստիկ խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը ստորագրել՝ անկախ նրանից, թե դա ինչ տեսք ու բովանդակություն կունենա: Ես մի անգամ արդեն նշել եմ, որ դա կարող է դատարկ թուղթ լինել, որի վերեւի մասում գրված լինի խաղաղության համաձայնագիր կամ շրջանակային ինչ-որ պայմանագիր եւ տակը ուղղակի ստորագրություններ՝ առանց միջի բովանդակության: Նրանց եւ այս իշխանություններին դա պետք է, որ ասեն՝ մենք այսպիսի փաստաթուղթ ենք ստորագրել:

Հանրությունը կարող է հարցնել, թե ինչու: Որովհետեւ Արեւմուտքի համար կրիտիկական է այստեղից Ռուսաստանի դուրս բերումը եւ ամբողջ տարածաշրջանը իր ենթակայության տակ մտցնելը: Կրիտիկական է այդ փաստաթղթի ստորագրումը, որպեսզի Ադրբեջանը արդեն ստիպված լինի իր հանձնառությունները կատարել, որոնք հանգում են Իրանի դեմ գործողություններին:

Այդ գործընթացի էական տարր է Զանգեզուրի միջանցք կոչվածը, որն այսօրվա վիճակով փորձ է արվում փաստացիորեն ստանալ ամենատարբեր ձեւակերպումների ներքո: Պատահական չէր, որ ամերիկյան կողմը վերջերս մաքսային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ: Մենք բավականին ծավալուն համաձայնագրերի ցանկ ունենք: Այսինքն, մենք մեծ համագործակցություն ունենք թե ամերիկյան կողմի, թե միջազգային տարբեր կառույցների հետ: Եվ ի՞նչ կարիք կար եւս մեկ համաձայնագրի: Սա վերաբերում է հենց միջանցքին եւ միջանցքի վերահսկողությանը ամերիկյան ընկերությունների կողմից: Եվ այս ամբողջ փաթեթի իրական մաս է Իրանի, փաստացի, կարմիր գիծը, որը մինչ օրս ապահովագրել է մեզ եւ ապահովել այդ միջանցք կոչվածի իրականություն չդառնալը:

Եվ արձակուրդում գտնվող կառավարության ղեկավարի հապճեպ այցը Իրան առանց նախապես հայտարարելու, ի վերջո, ինչ որ գործարքի գնալու եւ Իրանի նոր ընտրված նախագահից  այդ միջանցքը բացելու համաձայնություն ստանալու նպատակ ունի:

Ես խիստ կասկածում եմ, որ իրանական կողմը կգնա դրան: Թեեւ հայտարարվում է, թե այս նախագահը արեւմտամետ է, ես նման կարծիքի չեմ: Նա, գուցե, որոշակի առաջադիմական սկզբունքների է հարում, սակայն նա իրանամետ է եւ Իրանի անվտանգային համակարգին վնասող որեւէ քայլ ուղղակի չի կարող կատարել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031