«Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2016-ից Հայաստանի Հանրային ռադիոյի ուղիղ եթեր մտած իր հեղինակային «Ստատուս քվո» քաղաքական-վերլուծական հաղորդումը Հանրային հեռարձակողի խորհուրդը փակել է գործող իշխանության քաղաքականությունը քննադատելու պատճառով:
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դա տարուց ավել ձգձգվող թեմա է. «Իրենք մեկ անգամ մեկ ամսով կասեցրին հաղորդումը՝ պատճառաբանելով, որ ես կողմ եմ եղել էկոլոգիական պայքարին: Իմ հյուրերից մեկն էկոլոգիայի հարցերով էր խոսում, ես էլ իրենց բռնած գործին հաջողություն էի մաղթել, ինչը համարեցին, որ աջակցում եմ իրենց, ինչի իրավունքը չունեմ: Մի խոսքով, առանց ինձ հարցնելու՝ մեկ ամսով կասեցրին հաղորդումը, որից հետո, երբ արդեն Գարիկ Խումարյանը ռադիոյի տնօրեն չէր, իրենք առաջին հերթին հենց իմ հաղորդումը փակեցին:
Սկզբում պատճառաբանում էին, որ մասնագիտական հարցեր կան եւ այլն: Հանդիպում եղավ, ես էի առաջարկել հանդիպել, իրենք համաձայնել էին, մենք մտածում էինք, որ մինչեւ նոր տնօրենի նշանակվելը որեւէ հարց չի քննարկվի, բայց իրենք առանց որեւէ վայրկյան սպասելու՝ դրեցին իմ հաղորդումը փակելու հարցը: Խնդիրը միայն քաղաքական է, հարցը այն չէ, որ չգիտեմ պատճառը: Իրենք ասացին, որ պատճառն այն է, որ իմ հաղորդումներում քննադատություն կա ոչ միայն իշխանության, այլ անձնապես Նիկոլ Փաշինյանի հասցեին, ինչն անընդունելի է իրենց համար, ասացին, որ այս հաղորդումը իրեն սպառել է, մարդկանց պետք չեն նման վերլուծություններ, մարդիկ ուզում են ռադիոընդունիչը միացնեն եւ հանգիստ բաներ լսեն, մեզ պետք է ձեւավորել խաղաղ հասարակություն:
Ես ասացի, որ այդ դեպքում զբաղված եք մաքուր պրոպագանդայով, ինչին Արա Շիրինյանը շատ կտրուկ պատասխանեց, որ Հայաստանում չկա պրոպագանդա, դա հնացած տերմին է, իրենք պրոպագանդայով չեն զբաղվում: Ես հաջորդ օրը իրեն հրավիրեցի «Պրոպագանդա եւ դեզինֆորմացիա» թեմայով մեծ սեմինարին, որին ինքը չեկավ, որ բացատրեր, թե ինչ է պրոպագանդան Հայաստանում եւ աշխարհում ընդհանրապես:
Կարդացեք նաև
Այսինքն, իրենք ուզում են Հայաստանում ստերիլ պրոիշխանական, Հ1-ին հարիր հաղորդում, Պետրոս Ղազարյանի հաղորդումը օրինակ բերելով՝ ասացին այդպիսին պետք է լինի հաղորդումը, ես ասացի, որ դա ամենավատ օրինակն է լրագրողի համար, թե ինչպիսին չպետք է լինի հաղորդումն ընդհանրապես: Բայց դե ես ուր, Պետրոս Ղազարյանն ուր»:
Գեւորգ Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է շրջանառվող այն տեղեկությունը, որ ինքը ժամանակին զբաղված է եղել Նիկոլ Փաշինյանի «ֆեյքերի» ՊՈԱԿ-ի համար մարդկանց հավաքագրելով:
«Դա իրականությանը չհամապատասխանող ոչ տրամաբանական տեղեկատվություն է, եթե կապ ունենայի Նիկոլ Փաշինյանի կամ այդ ՊՈԱԿ-ի հետ, միթե իմ հաղորդումը կփակեին»,-ասաց մեր զրուցակիցը:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանից: Պարոն Շիրինյանը ուղարկել է հետեւյալ գրավոր պատասխանը. «2024 թ․հունիսին Հանրային հեռարձակողի խորհրդի առաջարկությամբ «Ստատուս քվո» հաղորդաշարը չի ընդգրկվել Հանրային ռադիոյի Առաջին ծրագրի հաղորդացանցում։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի՝ Խորհրդի իրավասություններին վերաբերող 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Խորհուրդը տնօրենների ներկայացմամբ հաստատում է լսողական ծրագրերի հաղորդացանցը։
Այս որոշման հիմք են հանդիսացել հաղորդաշարի հեղինակ եւ վարող, քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հաղորդումների ընթացքում տեղ գտած լրագրողական էթիկայի բազմաթիվ խախտումները։ Դրանց վերաբերյալ ստացվել են բացատրություններ և մասնագիտական եզրակացություններ։
Մասնավորապես, Հանրային ռադիոյի Խմբագրական փորձագիտական խորհուրդը, որը կազմված է փորձառու, վաստակաշատ խմբագիրներից և արտահայտում է գործընկերային մասնագիտական կարծիքը, ամեն շաբաթ արձանագրում է եթեր հեռարձակված հաղորդումների գնահատականը։ Ինքը, Գևորգ Մելիքյանը, հիմնականում ընդունել է գործընկերների դիտողությունը։
Մեջբերենք երկու հատված այդ արձանագրություններից։
1. «Ստատուս քվո» հաղորդման ապրիլի 16-ի եթերում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ քննարկվում էր Հայաստանի իշխանության՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք կողմնորոշման խնդիրը։ Հաղորդավարը, շարունակ ընդհատելով զրուցակցին, գրեթե պարտադրում էր իր պատկերացումները՝ հնարավորություն չտալով հյուրին սպառիչ ներկայացնել իր կարծիքը։ Աշխատանքի այս ոճի մասին խոսվել է նաև նախկինում, բայց խնդիրը կրկնվում է։ Բացի այդ, հաղորդաշարի մարտի 26-ի հաղորդման շուրջ տարաձայնությունները դեռ չհարթված, այստեղ էլ Հանրային հեռուստատեսությունը կրկին հիշատակելը, կարծում ենք, անհարկի էր, այն էլ հենց շարքի հեղինակի կողմից։ Առավել ևս, որ այդ հիշատակումը ասելիքը հաստատող կամ լրացնող պարտադիր փաստարկ չէր»։ (Հանրային ռադիոյի Խմբագրական փորձագիտական խորհրդի 22․04․2024 թ․արձանագրությունից հատված)
2.Մայիսի 2-ին «Ստատուս քվոյի» հյուրը քաղաքագետ Արմեն Վարդանյանն էր, որի հետ քննարկվում էին երկրի ներքին զարգացումները և թե ինչ հանգրվանի ենք հասել։ Սկսած հաղորդման մոտավորապես 12-րդ րոպեից, երբ բանախոսը փորձում էր բացատրել կամ ինչ-որ չափով արդարացնել իշխանության ինչ-ինչ քայլեր, չկար մի տեսակետ, որին չառարկեր շարքը վարողը։ Ընդ որում, խոսում էր հյուրին հավասար։ Քանիցս գրել ենք, որ ՀՌ-ն / նաև «Ստատուս քվոն»/ բազմակարծության, ազատ խոսքի հարթակ է։ Դա առաջին հերթին հյուրերին է վերաբերում և չի նշանակում, որ շարքերի հեղինակները իրավասու են նախաձեռնությունն այնքան վերցնել իրենց ձեռքը, որ իրենց կարծիքը դառնա գերիշխող ու պարտադրվող, որ հյուրին հնարավորություն չտան իրենց ասելիքն ամբողջացնելու։ Սա վերաբերում է վերջին շրջանում «Ստատուս քվոյի» հաղորդումներից շատերին։
Այն կարծիքին ենք, որ շարքը համակարգող խմբագիրը հեղինակի հետ պետք է հատուկ զրույց ունենա՝ հիշեցնելով ՀՌ-ի եթերային քաղաքականության և մեր՝ ավելի վաղ ունեցած պայմանավորվածության մասին։ Իսկ պայմանավորվածությունն այն է, որ հեղինակը պետք է զրույցը կառուցի կարճ ձևակերպած հարցերով, միջամտությունները կարճ, չպարտադրվող դիտարկումների ձևով լինեն, եթերաժամանակի հիմնական մասը պետք է տրամադրվի հյուրի խոսքին։»։ (Հանրային ռադիոյի Խմբագրական փորձագիտական խորհրդի 6․05․2024 թ․արձանագրությունից հատված)
Տարիներ շարունակ, Գևորգ Մելիքյանը զգուշացվել է էթիկայի տեսակետից անընդունելի գործելաոճի մասին, սակայն հետևություններ չի արել նույնիսկ այն բանից հետո, երբ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի 10.03.2023 թ․N Ռ/23-01-20 որոշումով «Ստատուս քվո» հաղորդաշարի արտադրությունն ու հեռարձակումը դադարեցվել է մեկ ամիս ժամկետով։
Ավելացնենք նաև, որ Գեւորգ Մելիքյանը դիմել է Հանրային ռադիոընկերությանը՝ նոր հաղորդաշար պատրաստելու ցանկությամբ, որը նախատեսում է վարել Ստյոպա Սաֆարյանի հետ համատեղ։
Մեր պատկերացմամբ, նոր հաղորդաշար սկսելու որոշումը Խորհրդին պետք է ներկայացնի Հանրային ռադիոյի արդեն նորանշանակ տնօրենը»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ