Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիների նպատակը Ջերմուկն իրենց վերահսկողության տակ վերցնելն է, նաեւ՝ Ամուլսարի ոսկու հանքի վրա աչք ունեն»․ Գառնիկ Դանիելյան

Հուլիս 30,2024 17:21

«Այն զինվորականները, ովքեր գնում Նիկոլին «չեստ» են տալիս, գեներալների ուսադիրներ են ստանում ու էստեղ-էնտեղ ասում են՝ երկիր ենք կորցնում, բա սրա դեմն ինչպե՞ս ենք առնելու, Նիկոլից վատն են»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։

Նա խոսեց Տավուշի մարզի՝ սահմազատման-սահմանագծման արդյունքում Ադրբեջանին հանձնված տարածքների մասին․ «Այն, որ առաջնագիծը հանձնվեց թշնամուն, ոչինչ, բայց որ Կիրանցից եկող ինտերնետ մալուխը վնասվել էր ու մի քանի ժամ ինտերնետ չկար, ամբողջ Երեւանն իրար էր խառնվել։ Ադրբեջանի հաջորդ նպատակը գազատարն է լինելու, Հայաստան մտնող գազամուղը եւ ճանապարհի այլ հատվածներ էլ կան, որոնց նկատմամբ ադրբեջանցիները ցանկանում են վերահսկողություն սահմանել»։

Խոսքը Ոսկեպար գյուղի ճանապարհի մի հատվածի մասին է, որը նախնական տեղեկություններով, սահմանազատման եւ սահմանագծման այս փուլում պետք է անցներ Ադրբեջանին, բայց այդ հատվածի մասով գործընթացը սառեցվեց։ Գառնիկ Դանիելյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ սահմանի որեւէ հատվածում սահմանազատում-սահմանագծում այլեւս չի իրականացվում․ «Այն բերքաբերցիները, որ ասում էին՝ ոչինչ, որ Կիրանցը կիսվում է, Բերքաբերի հատվածում Ադրբեջանը մեզ հողեր կտա՝ կվերցնենք դրանք․ տվեցի՞ն, վերցրեցի՞ք։ Հիմա էլ ասում են՝ ոչ մի միլիմետր հող ձեզ չենք տալու․ բա ինչի՞ չեք բողոքում, ինչի՞ եք լուռ»։

Գառնիկ Դանիելյանը նաեւ տեղեկացրեց, որ Կիրանցում հիմա հատուկ ռեժիմ է մտցված․ «Մարդիկ չեն կարող ալկոհոլ օգտագործել, իրենց տանը ուրախություններ նշել, նկարահանումներ անել, գյուղացիներին հորդորում են գիշերային ժամերին դուրս չգալ, քանի որ Կիրանցը հատուկ ռեժիմի տեղ է»։

Ըստ բանախոսի, այս ամենի արդյունքում Կիրանցում նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվելն է խնդիր դարձել եւ բերքը, որը որ մարդիկ ցանել էին, այժմ ադրբեջանցիներն են հավաքում։ Իսկ Ադրբեջանին հանձնված տարածքներում ակտիվ ինժեներական աշխատանքներ են ընթանում։ Ընդդիմադիր պատգամավորի հավաստմամբ, Կիրանցից արտագաղթ է սպասվում, քանի որ մարդիկ, տարբեր զրույցներում ասում են՝ նպատակահարմար չեն գտնում այնտեղ ապրելը։

Գառնիկ Դանիելյանը նկատում է՝ Կիրանցի հանձնումից հետո որոշները գեներալի ուսադիրներ ստացան, Փաշինյանն ասաց, որ այդ ամենն անում է, որպեսզի պատերազմ չլինի, իսկ Արարատ Միրզոյանը հայտարարում է՝ COP 29-ից հետո Ադրբեջանը հարձակվելու է․ իր տպավորությունն այն է, որ ՀՀ ՔՊ-ական իշխանությունները այդ տարածքները հանձնեցին, որպեսզի սպասվող հարձակման ժամանակ Ադրբեջանի գործը հեշտացնեն։

Իսկ հնարավոր հարձակումը, ըստ բանախոսի մի քանի ուղղություններով է լինելու՝ Տավուշի մարզից, Վայոց Ձորի մարզից՝ Ջերմուկի հատվածում, Գեղարքունիքի մարզից Սոթքի հատվածով եւ Սյունիքի մարզից, այսպես կոչված «Սյունիքի միջանցքով», որի մասին ադրբեջանական հեռուստաալիքներով, տելեգրամ ալիքներով շատ ակտիվ քննարկումներ են գնում, որ ամեն ինչ արդեն պայմանավորված է․ «Միջանցքի վերահսկողությունը, ըստ այդմ, ամերիկյան ինչ-որ մի ընկերության պետք է վստահվի։ Այսինքն, COP 29-ից հետո նոր փուլ է սկսվելու, որը նաեւ էսկալացիա է ենթադրում եւ նոր զիջումների պարտադրանք Հայաստանին։ Առաջնագիծը հանձնելուց հետո, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա նստելու են ադրբեջանցիները, ոնց որ Շուշիում էր։ Արցախի սցենարը կրկնվում է Տավուշում։ Ու այն մարդիկ, ովքեր դիմադրում են, աշխատանքից ազատում են, քրեական հետապնդման են ենթարկում․ այսինքն, ամեն ինչ անում են, որ պատերազմից հինգ պակաս, որեւէ դիմադրություն տեղի չունենա»։

Գառնիկ Դանիելյանի հավաստմամբ, որը նոր է վերադարձել Վայոց Ձորի մարզից, բավական տխուր պատկեր է նաեւ Ջերմուկ առողջարանային քաղաքում, որը սոցիալական բարդ վիճակում է հայտնվել, նաեւ արտագաղթն է մեծացել․ «Ադրբեջանցիների նպատակը՝ Ջերմուկն իրենց վերահսկողության տակ վերցնելն է, նաեւ՝ Ամուլսարի ոսկու հանքի վրա աչք ունեն։ Ոնց որ Սոթքում․ հիմա ամեն ինչ արել են, Սոթքի հանքը չի աշխատում ու ամեն անգամ՝ փոքր ու մեծ քայլերով փորձում են հանքն իրենց վերահսկողության տակ վերցնել»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031