Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարկվել է Արցախից բռնի տեղահանվածներին իրավական աջակցության հարթակը՝ armrights.am-ը

Հուլիս 30,2024 17:09

Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկել է «Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացում» ծրագիրը, այսօր՝ հուլիսի 26-ին, տեղի ունեցավ Արցախից տեղահանվածներին իրավական և իրավաբանական օգնության հարթակի շնորհանդեսը։

Ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ մեծ ջանքեր են ներդրվել ծրագիրն իրականացնելու համար։ Նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ադապտացմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի իրավաբան Մարիանա Ավագյանը, որը նույնպես Արցախից բռնի տեղահանված է, նշեց, որ իրավաբանական աջակցությունն ավելի հասանելի դարձնելու նպատակով ՏԻՄ-երի միջոցով հանդիպումներ են կազմակերպվել հենց այն համայնքներում, որտեղ բնակվում են տեղահանված քաղաքացիները։

«113 արցախցու անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերվել տեղում՝ Հայաստանի 12 համայնքներում մեր այցելությունների ժամանակ, 10 քաղաքացի ինքնուրույն է դիմել մեր գրասենյակ, ևս 28-ը՝ հեռավար (հեռախոսով կամ առցանց)։ Իրազեկման սեմինար ենք անցկացրել, որի նպատակը Արցախից բռնի տեղահանված անձանց իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է եղել։ Ներկայացվել են այն աջակցության ծրագրերը, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները, որոնց վերաբերյալ հաճախ հարցեր են առաջանում»,-նշեց Մարիանա Ավագյանը։

Այնուհետև Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» ՀԿ գործադիր տնօրեն, բռնի տեղահանված Ջուլիետտա Առուստամյանը ներկայացրեց Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը, որը ստեղծվել է 2024 թվականի փետրվարին։ Ցանցի հիմնական նպատակն է համախմբել արցախահայերի իարվունքներով զբաղվող ներուժը՝ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքները պաշտպանելու համար։

Վերջում Կարեն Զադոյանը ներկայացրեց armrights.am-ը։ Էլեկտրոնային հարթակի անվանումն ընտրվել է Ցանցի անդամների կողմից կայացած քվեարկության արդյունքում։

Էլեկտրոնային հարթակի միջոցով արցախահայերը հնարավորություն են ունենալու առցանց բարձրացնել և լուծել իրենց իրավական խնդիրները։ Հարթակի միջոցով քաղաքացիները կարող են նաև ֆինանսապես աջակցել արցախահայերի իրավական խնդիրների լուծմանը։
«Սա փորձնական հարթակ է, որն անընդհատ լավարկելու ենք։ Հարթակում տեղադրվել են նաև արցախահայերի հաջողության պատմությունները՝ ցույց տալու համար, որ եթե մեկ անձի իրավական խնդիրները լուծվում են, ապա համանման խնդիրներ ունեցող մեկ այլ անձ դա կարող է տեսնել և դիմել, որպեսզի իր խնդիրները նույնպես լուծվեն։ Լուծված խնդիրը կարող է փոքր թվալ, սակայն այդ անձի, ընտանիքի համար այն լուրջ հաջողություն է»,-նշեց Կարեն Զադոյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված է Արցախից տեղահանված 101 848 անձ, որոնցից 30 հազարը երեխաներ են: Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մյուսները՝ Երևանում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031