Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակից տուժած այլ երեխաների մասին տեղեկատվությունը, ըստ գյուղապետի՝ «կլյաուզա է»

Հուլիս 30,2024 17:05

«Գիտեմ՝ էլի է երեխայի խփել, ծնողները բողոքում էին, որ խփել է, ապացույց չունեին: Էս, որ նկարվեց, ելավ մեյդան, սաղ էլ իմացան, որ խփում է երեխեքին, հո մենակ իմ տղուն չի խփում: Մեկը նույնիսկ իր երեխուն հանեց էդ մանկապարտեզից խփելու համար: Չէին կարողանում ապացուցել, որ խփում է: Ասում էր՝ ես չեմ խփել: Երկու ամիս է՝ ինչ էդ երեխուն հանել են պարտեզից: Արցախից էին եկել, էս դեպքից հետո գնացել է գյուղապետարան, ասել է՝ տեսաք, որ ասում էի երեխուն խփում է, ճիշտ էր, դուք ասում էիք՝ չի խփել»,- lurer.com-ի հետ զրույցում պատմել էր Փոքր Վեդիի «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակի կողմից ծեծի ենթարկված ավագ խմբի սան Ա.Կ-ի հայրը:

Փոքր Վեդի վարչական շրջանի ղեկավար Կարեն Ստեփանյանը, որը նաեւ երեխային ծեծի ենթարկող դաստիարակի դասընկերն է, Aravot.am-ին ասաց, թե իրականությանը չեն համապատասխանում ծեծի ենթարկված երեխայի հոր պատմածները, որ այդ դաստիարակն այլ երեխաների էլ է ծեծել. «Չի կարելի ինչ-որ մեկի կլյաուզան փորձել փաթաթել իմ վզին: Ո՞վ է եկել, բողոքել, որ ընթացք չենք տվել: Թող դիմեն, քրեական վարույթ նախաձեռնեն, ես դրա համար պատասխանատվություն կրեմ, եթե նման բան կա: Ես չգիտեմ այդպիսի արցախցու, եկեք մեր գյուղ, փողոցեփողոց գնացեք, տեսեք՝ նման մարդ կգտնե՞ք… Ինձ համար շատ տհաճ է, որ առավոտից իրիկուն չարչարվում եմ այս գյուղի ու այս մանկապարտեզի պատիվն ու հարգանքը բարձրացնել ու ինչ-որ անանուն ոչխար ուզում է փաթաթել իմ վզին: Այդ տեսանյութը սառնասրտորեն նկարողը, որը չի փորձում միջամտի, իբրեւ թե իր դարդն ու ցավը այդ երեխեն էր: Եթե երեխու համար էր սիրտը ցավում, թող սառնասրտորեն չգնար, թաքցներ բոլորից նկարածը: Ինձ չէին վստահում, թող ոստիկանություն դիմեին, ոչ թե երկու ամիս պահեին, այսօր սաղ դարձել են երեխու մասին մտածող: Երեխու մասին մտածող էիք, հենց էդ օրը գայիք դիմեիք, կանխեինք»:

Արթուր Նահապետյան

Երեխային ծեծի ենթարկած դաստիարակի՝ Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկություններ չունի, որ իր պաշտպանյալն այլ երեխաների էլ է ծեծել. «Չեմ կարող ասել՝ տվյալ տեղեկատվությունը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում: Որեւէ տվյալ չունեմ նման փաստի վերաբերյալ»:

Նա նկատեց, որ երեխաների հանդեպ բռնության դեպքերում հասարակությունը դրսեւորում է որոշակի իմպուլսիվ վարքագիծ. «Ամեն մեկն իր վրա վերցնելով այդ օրինակը: Իրականում այսպիսի քրեական վարույթները բոլորիս համար պետք է ոչ միայն հնարավորություն լինեն որեւէ անձի թիրախավորված դատափետելու, այլ որոշակի հարցեր առաջացնեն հասարակության մեջ, թե ինչպիսի պայմաններն են ծնում նման իրադարձություններ: Այսինքն՝ այն համակարգը, որը պատրաստում է համապատասխան կադրեր այդ ոլորտում, այդ համակարգում ինչ բացեր ունենք, աշխատանքի ընդունելիս ինչ բացեր ունենք: Մարդը, որ ընդունվում է աշխատանքի, արդյո՞ք դրանից հետո անհրաժեշտություն չկա պարբերաբար, օրինակ՝ 3 կամ 6 ամիսը մեկ ստուգել այդ աշխատակիցների սթրեսակայունությունը: Փորձ եմ տեսնում դաստիարակի կերպարը դեմոնիզացնելու:

Արարքը մենք՝ ինքներս, փաստաբաններս չենք ընդունում, բռնությանը որեւէ պարագայում դեմ ենք: Բայց կարեւոր հատկանիշ է, թե այդ բռնությունն ինչպիսի հանգամանքներում է դրսեւորում: Արդյո՞ք այն համակարգը, որտեղ անձը աշխատում է ամբողջությամբ բացահայտում է անձի կարողությունները՝ սկսած սթրեսակայունությունից մինչեւ հոգնածություն: Բոլոր չափանիշներին համապատասխանող աշխատակիցը, որին աշխատանքի են ընդունում, արդյո՞ք վեց ամիս հետո շարունակո՞ւմ է համապատասխանել, թե՞ ոչ: Այսպիսի իրադարձությունները հետեւանք են այդ համակարգի՝ տարիներ շարունակ կուտակված անկատարությունների»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031