Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դու ունես կանխիկ, որը քո ակտիվների 20-30 տոկոսն է, կարող է խելամիտ որոշում լինել»․ ինչո՞ւ են հայ պաշտոնյաները կանխիկ գումար պահում

Հուլիս 30,2024 16:43

«Տնտեսական աճի ֆիսկալ քաղաքականության տեսանկյունից՝ կան մի քանի այլընտրանքներ։ Թերհավաքագրումը պայմանավորված է պլանավորվածի համեմատ ավելի թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալով․ հարցն այն է, թե տարեսկզբին ճի՞շտ էին պլանավորել այդ ամենը, թե՞ այդտեղ իրական տնտեսության հետ կապված խնդիրներ կան։ Իմ կարծիքով՝ պլանավորումների հետ կապված խնդիրներ են»,-փաստմանը՝ կես տարվա տվյալներով՝ 116 միլիարդ դրամով պակաս են հավաքագրվել հարկերն ու մուտքերը և հարցին՝ սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պետական ծախսերի և տնտեսության վրա և արդյոք տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները վերանայվե՞լ են, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Ըստ ԿԲ նախագահի՝ երևի թե բյուջեի ծախսերի ճշգրտում կլինի, բայց ոչ մեծ․ «Մենք ունենք տարածք պարտքն ավելացնելու համար և մի փոքր մեծ դեֆիցիտով աշխատելու տեսանկյունից։ Խելամիտ հարաբերակցություն է պետք գտնել։ Կարծում եմ՝ կառավարության մեր գործընկերները դա կգտնեն։ Մենք տնտեսական աճ չենք կանխատեսում այս տարվանից սկսած։ Շուկայի կանխատեսումը, որ նայում ենք, նույն 6 տոկոսի աճ են ակնկալում»։

Հիշեցմանը՝ մոտ երկու տարի առաջ մտցվեցին կանխիկի շրջանառության սահմանափակման դրույթները և հարցին՝ ի՞նչ արդյունքներ եք արձանագրում ու դիտարկմանը՝ մեր պաշտոնյաները հաճախ հայտարարագրում են խոշոր չափի կանխիկ գումար, որ պահում են տանը այդ թվում՝ ԿԲ նախագահը ու մյուս հարցին՝ արդյոք պետությունն այս առումով անելիք ունի՞, թե ոչ՝ հաշվի առնելով եվրոպական փորձը, որ բանկային համակարգից դուրս կանխիկ պահելը դիտարկվում է ոչ այնքան լավ տեսանկյունից, ԿԲ նախագահը պատասխանեց․ «Մեր օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում էր կանխիկի վճարմանը՝ 300 հազար դրամը գերազանցող ծավալների համեմատ։ Խելամիտ է՝ որպես խնայողության միջոց ինչ-որ չափով կանխիկ ունենալը պորտֆելի կառավարման տեսանկյունից, քանի որ դա հնարավորություն է տալիս որոշակիորեն դիվերսիֆիկացնել ռիսկերը, բայց եթե քո խնայողությունների գերակշիռ մասը կանխիկ է, իմ ասած թեմային դա չի վերաբերում։ Եթե դու ունես կանխիկ, որը քո ակտիվների 20-30 տոկոսն է, կարող է խելամիտ որոշում լինել, բայց եթե ամբողջ խնայողությունների 70 տոկոսը կանխիկ է, այդ պորտֆելի տեսության տարբերակը, որի մասին խոսում եմ, այնքան էլ տեղին չէ»։

Լրագրողները փաստեցին՝ պետպարտք-ՀՆԱ հարաբերակցության մասով ունենք առաստաղ, այսինքն՝ ընթացիկ տարեվերջին պետական պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ 60 տոկոսը, և ԵԱՏՄ օրենսդրությամբ նման առաստաղ ևս գոյություն ունի, որն ավելի ցածր է և հարցին՝ արդյոք ՀՀ-ն հետևո՞ւմ է դրան՝ հատկապես, որ առաջին եռամսյակի տվյալներով՝ ՀՀ-ն պետական պարտքի ամենամեծ աճն է գրանցել ԵԱՏՄ անդամ երկրների թվում, Մարտին Գալստյանն այսպես արձագանքեց․ «Կնախընտրեի այդ հարցին չպատասխանել, քանի որ ԿԲ տիրույթից ծայրահեղ դուրս հարց է։ Ֆիսկալ կանոնի մասին եք ասում, որի տեսանկյունից կան բացառիկ դեպքեր, որի դեպքերում կարող ես ճեղքել շեմը։ Մենք այս պահի դրությամբ փաստացի հիսուն տոկոսից ցածր ենք, եթե կառավարության գործընկերները որոշեն՝ իրենք պետք է իրականացնեն ծախսերը թերհավաքած եկամուտների հարաբերակցության հետ կապված, կարող են իրականացնել՝ որոշակի պարտք ներգրավելով, որը հիսունից ավել կլինի, բայց չեմ կարծում ՝ 60 տոկոսի խնդիր ունենք այստեղ։ Չեմ կարծում՝ այդ խնդիրն այնքան սուր է, որ մենք մոտեցել ենք 60 տոկոսի շեմին»։

Մյուս հարցին՝ տեղական արժույթի և արտարժույթի մասով ռիսկեր նկատվո՞ւմ են պետպարտքի մասով, ԿԲ նախագահը պատասխանեց․ «Ռիսկային բաներ չեմ տեսնում։ Դրամային պարտքի էական մեծացում է տեղի ունեցել ՀՀ-ում։ Հարաբերակցությունը՝ ՀՀ դրամ-դոլար կամ արտարժույթ- դրամ փոխվել են, ու դրամն առաջին անգամ, եթե ճիշտ եմ հիշում, գերազանցել է արտարժույթի պարտքին»։

Հիշեցմանը՝ խոսվում է ՌԴ-ի տնտեսության գերտաքացման մասին, որտեղ ծախսերը մեծ են, աշխատուժի խնդիր է և հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է սա ունենալ ՀՀ-ի տնտեսության վրա, Մարտին Գալստյանը պատասխանեց․ «Տնտեսության վրա ազդեցությունը կարող է լինել բավականին բարդ։ Եթե դու անընդհատ ծախսում ես, չես ունենում աճ, այդ ամենը վերածվում է գների մակարդակի բարձրացման, որը ստիպում է ԿԲ-ին որոշակիորեն արձագանքել այդ իրողությանը՝ բարձրացնելով տոկոսադրույքը։ Դա ենթադրում է վարկերի տոկոսադրույքի աճ, ներդրումների նվազում։ ՀՀ-ի արտագնա աշխատողների թիվը մեր գնահատմամբ, որոնք մեկնում են ՌԴ, էապես նվազել է։ Աշխատավարձերի տարբերությունը, իրական արտահայտությունը, որը ունենք ՌԴ-ի հետ, նեղացել է։ Ստանում են ռուբլով աշխատավարձ, որը, եթե կոնվերտացիա ես անում հայկական դրամի, նույն աշխատավարձն է լինում, ինչ այստեղ շինարարության ոլորտում եթե աշխատեն՝ մի փոքր բարձր։ Այդ առումով մենք պաշտպանված ենք, քանի որ այդքան մարդ չի գնում ՌԴ, այլ մնում, այստեղ են աշխատանք գտնում։ ՌԴ-ի տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացների ազդեցությունը ՀՀ-ի տնտեսության վրա ևս լինելու են բացասական՝ արտաքին պահանջարկի թուլացման և այլ ուղիներով»։

 

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031