Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքերի կողմից գործընթացը ձգձգելու միտում կա, երկու տարի սպասեցինք, ոչ մի առաջընթաց չեղավ»․ թուրքագետ

Հուլիս 30,2024 16:28

«Առավոտի» հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն անդրադարձավ հայ-թուրքական բանակցություններին։

Հայաստան-Թուրքիա սահմանին այսօր տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել հանդիպումից«Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաեւ փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար»։

Տիրան Լոքմագյոզյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Սա երկու տարի առաջվա պայմանավորվածության շարունակությունը կարելի է դիտարկել։ Երկու տարի առաջ Մարգարայի ցամաքային անցակետի մասին էր խոսքը, այսօր երկաթգծի անցակետի մասին է։ Բայց այս անգամ կարծես թե Մարգարայի անցակետի մասին չի խոսվել։ Այսինքն՝ ի՞նչ եղավ դա, մոռացվե՞ց։ Հիմա երկաթգիծը կարգի բերելու ու գործարկելու մասին են խոսում։ Երկու տարի առաջ խոսվում էր, թե դիվանագիտական անձնագրեր ունեցողների, թե երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին։ Այսօր երրորդ երկրների քաղաքացիների մասին էլ խոսք չի գնում։ Ես այստեղ շատ մեծ առաջընթաց չեմ տեսնում, երեւում է, որ Մարգարայի անցակետի հարցն այդպես մնաց։ Իմ կարծիքով՝ թուրքերի կողմից այս խնդիրը ձգձգելու հարցն է դրված։ Տեսեք, թե երկու տարի առաջ ինչեր էին պայմանավորվել, երկու տարի սպասեցինք, ոչ մի բան չեղավ, հիմա նոր պայմանավորվածություններ ենք տեսնում, դա ուղղակի գործընթացը ձգձգելու միտում ունի»,- ասաց Տիրան Լոքմագյոզյանը։

Թուրքագետի խոսքով՝ այս հանդիպման ժամանակ գուցե այլ քննարկումներ էլ են եղել, որոնց մասին տեղեկություն չկա։ Կարող է՝ ուրիշ պայմանավորվածություններ էլ են եղել։

ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, որ հանդիպման ժամանակ «կողմերն ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար»։

Տիրան Լոքմագյոզյանի խոսքով, սակայն, Թուրքիան չի հրաժարվի նախապայմաններից: «Թուրքիան երբեք չի հրաժարվի նախապայմաններից։ Եվ ինչպես այսօր տեսնում ենք, գնալով ավելանում են այդ նախապայմանները։ Իմիջիայլոց, այդ նախապայմանները նախապայմաններ էլ չեն արդեն։ Նախկինում 30 տարի մեր առջեւ նախապայման էին դնում, ասում էին՝ եթե այս պայմաններն ապահովես, մենք էլ դիվանագիտական հարաբերություն կստեղծենք, սահմանը կբացենք եւ այլն։ Այսօր այդպիսի խոսույթ էլ չկա, ոչ ոք Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից չի խոսում, որ դիվանագիտական հարաբերություն պետք է ստեղծեն Հայաստանի հետ, ճանապարհներ պետք է բացեն։ Երկու տարի առաջվա պայմանավորվածության համաձայն՝ ճանապարհները բացելու համատեքստում խոսում էին միայն դիվանագետների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին։ Իսկ մեր ինչի՞ն է պետք, որ երրորդ երկրների քաղաքացիներն այդ սահմանով անցնեն, եթե մենք չենք անցնելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031