Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի էթնիկ զտմանը հաջորդող մշակութային ցեղասպանությունն էլ պիտի հանդուրժե՞ք․ադրբեջանցիների ձեռքերը հասել են Վատիկան. Լիլիթ Գալստյան

Հուլիս 30,2024 15:43

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն և ԿԳՄՍ-Ն

Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանական վանդալիզմի, ոչնչացման կամ յուրացման քաղաքականությունը շարունակվում է։ Իրենց այս «գործունեության» մեջ ադրբեջանցիները միջազգային գործընկերներ են գտել և,  ցավալիորեն, ձեռքերը հասել  է Վատիկան։

Վատիկանում լույս տեսնող  L’Osservatore Romano պարբերականում,  Ռոսսելա Ֆաբիանիի ստորագրությամբ  օրերս լույս է տեսել  «Քրիստոնեության  ակունքներն Ադրբեջանում․  ալբանական առաքելական եկեղեցու հետքերով»  բովանդակությամբ մի հոդված, ուր հեղինակը ներկայացնում է «Կովկասյան Ալբանիա»՝  իրականում Արցախ  կատարած իր այսպես կոչված ուսումնասիրական-ճանաչողական այցը։

Հղում անելով տեղացի ինչ-որ գիտաշխատողի, հոդվածագիրը տարածում-ամրագրում է  տարածաշրջանում հայերի եկվորության վարկածը՝  արձանագրելով, որ մենք ադրբեջանական հողեր են եկել Իրանից և Թուրքիայից։ Մեկ այլ  հաստատման համաձայն ուդիները բռնի դավանափոխ են եղել և առաքելական եկեղեցու հետևորդ դարձել տեղի հայերի կողմից։

Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ռ․ Ֆաբիանիին  ուղեկցել է Ախունդովի աշակերտ, ալբանական մշակույթի «գիտակ» Ս․ Հաջիևան։  Եվ, բնականաբար, հեղինակն անվերապահ եզրահանգում է կատարում, որ 13դ․ վանական համալիրներ Դադիվանքը /հոդվածում Խուդավենք է գործածվում/ և  Գանձասարը/ հոդվածում՝ Գենջասար/ Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի և ալբանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ են։

Ինչպես տեսնում եք Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր որակներ և դրսևորումներ է ստանում։ Ցավալի է, բայց  իրողություն է՝ Ադրբեջանին հաջողվել է իր մշակութային զտման/մշակութային ցեղասպանության/ ակամա մասնակից դարձնել ոչ ավել ոչ պակաս՝ Վատիկանին։ Ի դեպ վերոհիշյալ հոդվածում Դադիվանքը ներկայացվում է որպես ալբանական Վատիկան։

Հիշենք, որ «L’Osservatore Romano»-ն Վատիկանի միակ, ամենօրյա պարբերականն է, որ լույս է տեսնում 1861-ից։  Բնականաբար, հասկանալի են պարբերականի տարածման մասշտաբները, նաև ադրբեջանական քարոզչամեքենայի  թիրախավորումը։ Արդյունքում կաթոլիկ եկեղեցունն պատկանող պարբերականում՝ վերնագիր՝ Ադրբեջանը քրիստոնեության օրրան։

Թե Ադրբեջանում սա ինչպես են հիմնավորում, պարզ է․ հայկական մշակույթի յուրացումը կամ ոչնչացումն Ադրբեջանում պետական քաղաքականության  առաջնահերթություն է։ Մեհրիբան Ալիևայի ՅՈՒՆԵՍԿՕ-ում պատվավոր  «առաքելությունը» հենց այս նպատակադրումների շրջանակում է։

Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդպես էլ, հակառակ բազմաթիվ հավաստիացումների և  կոնվենցիաներով պայմանավորված պարտականությամբ, այդպես էլ դիտորդական առաքելություն չուղարկեց Արցախ։

Իսկ Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն և ԿԳՄՍ-Ն։  Արցախի էթնիկ զտումին հաջորդող մշակութային ցեղասպանությունն էլ պիտի հանդուրժե՞ք․ գուցե ձայն հանեք, նվազագույն քաղաքական արժանապատվություն դրսևորեք, տեր կանգնեք մեր հավաքական ժառանգությանն ու ինքնությանը։

Հ․Գ․ Իսկ  ոչ վաղ անցյալում, Քրիստոնեության 1700 ամյակի շրջանակում Հռոմի պապ էր այցելում Հայաստան, Վատիկանում Սուրբ Նարեկացու արձան էր տեղադրվում ու Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ մատուցվում։

Հ․Գ․ Բայց  որքանո՞վ է  արդարացված «Հայ ժողովրդի պատմությունը»  «Հայաստանի պատմության» մեջ զետեղած իշխանություններից ակնկալիք ունենալը․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031