«2024-ի հուլիսի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7,75 տոկոս։ ԿԲ խորհուրդը գտնում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքը անհրաժեշտություն է միջնաժամկետ գնաճի 4 % մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ըստ ԿԲ նախագահի՝ 2024-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվել է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0,8 տոկոս․ «12-ամսյա բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0։ 2024-ի 2-րդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ-ի հիմնական գործընկեր երկիրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են, համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն ՀՀ-ի գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր»։
Մարտին Գալստյանը նկատեց՝ աշխարհաքաղաքական անորոշությունը, լարվածությունը ռիսկեր են առաջացնում միջազգային շուկայում գների աճի առումով․ «Հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը՝ մասնավորապես ԱՄՆ-ն, ԴՊՀ-ն ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները՝ արդյունքում արտահանման հատվածից թույլ գնանկումային ազդեցությունը ՀՀ-ի տնտեսության վրա դեռ պահպանվում է»։
Մարտին Գալստյանը վստահեցրեց՝ ՀՀ-ում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվությունը՝ շինարարության, առևտրի և արդյունաբերական ճյուղերի զգալի աճի հաշվին։
Կարդացեք նաև
ԿԲ նախագահն ասաց՝ ԿԲ խորհուրդը որոշել է շարունակել դանդաղ տեմպերով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ «Խորհուրդը հայտնում է իր հանձնառությունը համարժեք գործողություններով միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար»։
Փաստմանը՝ արտաքին պահանջարկը հետզհետե նվազում է և ներգնա զբոսաշրջիկների կողմից ծախսերը երկրում նվազում են և հարցին՝ ինչո՞վ կարելի է բացատրել, որ թեև նման գնահատական ունենք արտահանման պահանջների մասով, բայց ծառայությունները, որոնք սնվում են արտաքին պահանջարկից, դրանց գնաճը 3 տոկոսից չի իջնում, Մարտին Գալստյանը պատասխանեց․ «Մեր դիտարկումներով՝ այդ միտումը կոտրվել է։ Մենք հիմա տեսնում ենք, որ իրենք որոշակի նվազման միտում ունեն։ Դա պայմանավորված է հիմնականում արտահանման պահանջարկի թուլացմամբ։ Մի գործոնն այն է, որ ներգնա տուրիզմի թվերն ավելի ցածր են, քան նախորդ տարվա ընթացքում։ Վիճակագրության կոմիտեն հրապարակել է ցուցանիշներ, որոնց համաձայն՝ մեկ տուրիստի հաշվով իրականացվող ծախսերի թիվն է նվազում։ Մենք ունեինք դրսից ՀՀ եկած աշխատանքային միգրանտներ կամ միջազգային այցելուներ, որոնց մի մասը մեր ունեցած վիճակագրության համաձայն՝ ՀՀ-ից արդեն հեռանում կամ հեռացել են։ Դա վերաբերում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մարդկանց, այլև ցածր որակավորում ունեցողներին։ Հնդկաստանի քաղաքացիների եկածների 25 տոկոսի չափն արդեն ՀՀ-ում չեն՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման վերաբերյալ։ Այսինքն՝ ծառայությունների ոլորտի գնաճի տեմպերի դանդաղում ենք նկատում»։
Փաստմանը՝ ըստ վերլուծության, եթե հանում ենք ոսկու վերաարտահանման ծավալների մասը արտահանումների ընդհանուր ծավալից, ստացվում է, որ արտահանման ծավալները նվազել են 15,6 տոկոսով, իսկ ներմուծման ծավալը՝ 10,6 տոկոսով և հարցին՝ արդյոք ՀՀ-ն կորցնո՞ւմ է իր արտահանման ներուժը, թե՝ սա ընթացիկ իրավիճակ է, Մարտին Գալստյանը պատասխանեց․ «Մենք հակված ենք երկրորդ սցենարին։ Որոշակի տարբերությամբ հիմնականում անկման միտում կա, բայց գիտենք՝ անցյալ տարի սպեցիֆիկ տարի է եղել․ վերաարտահանման ծավալը մեր տնտեսական գործունեության մեջ մեծ է եղել։ Եթե նորմալ ժամանակների հետ ենք համեմատում, այս պահի դրությամբ մեր արտահանման ու ներմուծման ծավալները շատ ավելի բարձր են, քան նախորդ տարիներին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դու հնդիկներին քո պադավատից մի հաշվի: Մի օր մտիր հանրային տրանսպորտ ու կտեսնես հնդիկների 25 տոկոսից ավելին որտեղ է: Դու ինչ ԿԲ-ի նախագահ, դու երկրի փողատերերի սպասարկողն ես՝ դրամ-տարադրամ կուրսի ժանգլյորություններ ես անում, որ էդ փողատեր տղերքն ավելի հարստանան: Մի հատ էլ հարցազրույց ես տալիս, թե իբր գործ ես անում: Դու քո գործը շատ վատ ես կատարում՝ ԿԲ-ն ոչ թե դրամը պետք է կայուն պահի, որ գները աճեն, այլ հակառակը՝ պետք է գները կայուն պահի, իսկ դրամը թողնի, որ ազատ լողա: Հիմնական գործդ չես անում ու դրա փոխարեն Հայաստանի հնդիկների շինծու վիճակագրություններով ես զբաղվում: