Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը զղջացել է արարքի համար, հայտնել՝ պատրաստ է ներողություն խնդրել երեխայից եւ նրա ծնողներից

Հուլիս 30,2024 14:15

Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը (լուսանկարում), որն ավագ խմբի սան Ա. Կ-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է արարքի համար ու պատրաստ է ներողություն խնդրել ե՛ւ երեխայից, ե՛ւ նրա ծնողներից:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը. «Նա ամբողջությամբ զղջում է կատարված փաստի համար, դիրքորոշում է արտահայտել, որ պատրաստ է ներողություն խնդրել թե՛ երեխայից, թե՛ նրա ծնողներից»:

Արթուր Նահապետյան

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ինչպես ստացվեց, որ երեխային ծեծած կինը հայտնվեց ազատության մեջ ու նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նույնիսկ միջնորդություն չներկայացվեց:

«Հասարակության մեջ եղած այն մոտեցումը, թե եթե անձի նկատմամբ չի ընտրվում ամենախիստ խափանման միջոց կալանքը, նշանակում է՝ անձը խուսափելու է պատասխանատվությունից, թերի պատկերացում է: Ըստ էության, գործ ունենք մի ապացույցի՝ տեսանյութի հետ, որի բովանդակությունը, ամենամեծ ցանկության դեպքում էլ մեղադրյալը՝ ազատության մեջ լինելով, չի կարող խեղաթյուրել: Ըստ էության՝ քանի որ հրապարակային եղավ երեխայի ծնողների դիրքորոշումը, որ բողոք չունեն, ինչը հայտնի դարձավ, երբ մեղադրյալը գտնվում էր անազատության մեջ: Մեղադրյալը չի կարող նաեւ ինքնանպատակ մղում ունենալ ապացուցման գործընթացին միջամտել, որ իր դեմ բողոք չներկայացվի:

Ինչ վերաբերում է նոր հանցանք կատարելուն, քանի որ խոսքը վերաբերում է անձի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում ենթադրյալ հանցանքի կատարմանը, այլ ոչ թե առօրյա կենսագործունեության ընթացքում եւ նրա լիազորությունները կասեցված են, նշանակում է, որ չի կարող լինել ողջամիտ ենթադրություն, որ անձը՝ լինելով դրսում, կարող է նոր հանցանք կատարել: Անձն իր խնամքին ունի երկու անչափահաս երեխա, ամուսինը Հայաստանում չէ, մեկնել է արտագնա աշխատանքի: Արդյոք այս անձը նոր հանցանք կանի՞, կթողնի՞ երեխաներին, փախուստի կդիմի՞ կամ կխոչընդոտի՞ նախաքննությանը, եթե կա այնպիսի ապացույց, որի բովանդակությունը խեղել հնարավոր չէ: Միանշանակ այս հանգամանքների համակցությունը բերում է այն հետեւության, որ որեւէ պարագայում ողջամիտ կասկած, որ այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել իր պատշաճ վարքագիծը, չի կարող լինել»,- մեր հարցին այսպես պատասխանեց դաստիարակի պաշտպանը:

Փաստաբանը՝ վարույթ իրականացնող մարմնի դիրքորոշումը՝ դատարան խափանման միջոց ընտրելու միջնորդություն չտանելու վերաբերյալ համարում է արդարադատության ոլորտում մեկ քայլ առաջ. «Մենք ողջունում ենք, որ վարույթ իրականացնող մարմինները սկսել են ավելի ողջամիտ գնահատել դատարանների կողմից յուրաքանչյուր կոնկրետ գործով խափանման միջոցի կիրառման հնարավորությունն ու այլեւս ինքնանպատակ միջնորդություններ չեն տանում: Սա արդարադատության ոլորտում մենք մեկ քայլ առաջ ենք գնահատում: Չի բացառվում, որ վարույթ իրականացնող մարմինները գնահատել են, որ ստեղծված իրավիճակում հիմքերն այնքան ամուր չեն, որ նման միջնորդություն տարվի ու բավարարվի»:

Դաստիարակի նկատմամբ կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ իրենք տեղեկություն չունեն՝ ով է նկարահանել կատարվածը. «Ակնհայտ է, որ տեսանյութը տարածողը երեխայի լավագույն շահով չի առաջնորդվել, որովհետեւ դեպքը եղել է ավելի վաղ, իսկ տեսանյութը տարածվել է ավելի ուշ: Թե ով է եղել կոնկրետ նկարողը, նման տեղեկատվության չենք տիրապետում, բայց ողջամտորեն ենթադրում ենք, որ եղել է այնպիսի անձ, որի ներկայությունը թույլատրելի է եղել տվյալ կրթական հաստատությունում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031