«Առավոտի» հետ զրույցում Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանն անդրադարձավ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների այսօր կայանալիք հանդիպմանը։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն այցելել էր Մարգարայի անցակետ։
«Մենք սպասում ենք հանդիպումներին եւ կատարվելիք հայտարարությանը, որովհետեւ նախապես այստեղ շատ տեղեկություններ չկան, պարզապես արտգործնախարարության կայքում հանդիպման մասին լուրը կա։ Երեկ լսեցինք, որ այս առավոտ նախ Հայաստանի տարածքում, հետո Թուրքիայի տարածքում երկու բանագնացները պետք է հանդիպեն։ Այս պահին տեղեկությունը միայն դա է, հետեւաբար, արդյունքին ենք սպասում, տեսնենք, թե ինչ կհայտարարեն»,- ասաց Էստուկյանը։
Հարցին, թե զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս, հնարավո՞ր է հայ-թուրքական սահմանի բացում տեղի ունենա, Բագրատ Էստուկյանը պատասխանեց․ «Թուրքիան այս առումով շատ անակնկալներ պատրաստող երկիր է, որովհետեւ Թուրքիայի մեջ պետական համակարգը ամբողջովին վերածված է մենատիրական համակարգի։ Այսինքն՝ կարծես թե թագավոր ունենք, որ գիշերն ինչ երազ տեսնի, հաջորդ օրը համապատասխան գործողություն կկատարի։ Հետեւաբար, կանխատեսում անելը շատ դժվար է։ Այդ առումով բնավ մթնոլորտ գոյություն չունի այս պահին, հետեւաբար, դրական եւ շատ բարձր ակնկալիքներ չունեմ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Ակօս»-ից