Լրահոս
Օրվա լրահոսը

Համբարձում Համբարձումյանը Գարեգին Խումարյանից պահանջում է չշահարկել իր անունը

Հուլիս 30,2024 11:06

Գրող Համբարձում Համբարձումյանն արձագանքել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի պնդմանը, որ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների մի զգալի մասը փոխկապակցված է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի հետ, եւ մասնավորապես Արփի Ոսկանյանի ամուսինն ընդգրկված է եղել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում.

«Վերջին շրջանում անունս պարբերաբար շրջանառվում է լրատվամիջոցներում։ Գարեգին Խումարյանի թեթև ձեռքով, Արփիի աշխատանքի առնչությամբ։ Ըստ պարոն Խումարյանի Արփին չի կարող պաշտոնավարել, որովհետև ես ՔՊ-ի հետ ինչ-որ կապ եմ ունեցել, եղել եմ «Իմ քայլ»-ի ընտրացուցակում։ Լավ է, էլի, էն որ պարոն Խումարյանը էդ իշխանության ժամանակ պաշտոն է ստանձնել, բարձր աշխատավարձով աշխատել՝ չընդդիմանալով իշխանության «ուռռա-հայրենասիրական», աղետաբեր քաղաքականությանը, էդ հեչ, իմ ցուցակում լինելը՝ մեջ։

Ի գիտություն պարոն Խումարյանի՝ ասեմ, որ 2019 թվականից որևէ կապ չունեմ ՔՊ-ի հետ։ Ճիշտ է, որ ՔՊ-ում չլինելուց աղմուկ չեմ սարքել, չեմ փիառվել դրա հաշվին, բայց 19 թվականից քննադատել եմ իշխանությանը այն ժամանակ, երբ Նիկոլը գրեթե բոլորի սիրելին ու կուռքն էր։

ՔՊ-ի հետ կապս կտրել եմ նաև կադրային քաղաքականության պատճառով, էն պատճառով, որ կոռումպացված նախկին պաշտոնյաները ոստիկանապետ ու ԱԱԾ տնօրեն էին նշանակվում, ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից թռած կարիերիստները սիրով ընդգրկվում էին շարքեր, միջակ, գրդոնչի լրագրողներն ու փտած դասախոսները կարևորագույն պաշտոններ էին ստանձնում, «հայուգենի պրոպագանդիստն» էլ Հանրային ռադիոյի տնօրեն էր դառնում։

Էդ պատերազմի աղետից հետո էր, որ իշխանության խարխուլ վիճակով պայմանավորված կամ պարտության պատասխանատվությունը չկիսելու համար շատերը լքեցին իշխանության ճամբարը։ Պարոն Խումարյանը հավանաբար գնում է նրանց շարքը լրացնելու, իր գործն է, բայց պահանջում եմ իմ անունը չշահարկել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031