Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր արվեստն այսօր առավել կարեւոր է

Հուլիս 30,2024 10:00

Անցած երկու օրերին համացանցում հանդիպեցի շատ խիստ գնահատականների՝ Թաթա Սիմոնյանի համերգի մասնակիցների հասցեին: Չեմ կիսում այդ գնահատականները՝ մարդիկ իրավունք ունեն բավարարելու իրենց գեղագիտական պահանջմունքներն՝ իրենց ճաշակին կամ նույնիսկ՝ օրվա տրամադրությանը համապատասխան: Այլ հարց, որ ես ինքս չէի գնա այդ համերգին՝ իմանալով, որ գտնվելու եմ Հայաստանի այսօրվա ծանր վիճակի համար գլխավոր պատասխանատուի հետ նույն տարածքում:

Պարզ է, որ Թաթայի կատարած երգերը զվարճանալու, «քեֆ անելու» համար են: Բայց, եթե մենք սկսենք կամայական գծեր դնել «բարձր» եւ «ոչ բարձր» արվեստի միջեւ, ապա շատ հեռուն կգնանք. մեկը կարող է ասել, որ «Բիթլզի» երգերը կամ Յոհան Շտրաուսի վալսերը նույնպես բարձր արվեստ չեն:

Իհարկե, ավելի գերադասելի են այն երաժշտական գործերը, այն գրքերը, ներկայացումները, կտավները, ձայնագրությունները, տեսանյութերը, որոնք մարդկանց միտքն են շարժում, դուրս են բերում նրանց կենցաղային հարթությունից: Ավելին՝ կարծում եմ, այսօր դրանք ավելի կարեւոր են, քան երբեւէ:

Մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ՝ այդ երկրի ղեկավարը մեզ մշտապես հիշեցնում է դրա մասին: Հայաստանի իշխանությունը, խոսելով ինչ-որ՝ միայն իրեն հայտնի «խաղաղության» մասին, փաստորեն հանդես է գալիս հակառակորդի կողմից: Կհարցնեք՝ այս վիճակում ի՞նչ արվեստ:

Բայց եկեք հարցին մոտենանք այլ կողմից՝ ինչո՞ւ է հայաստանցիների մեծամասնությունը հաշտվում ազգային նվաստացման հետ, ինչո՞ւ է հանդուրժում այս աղետը բերած իշխանությանը: Գուցե պատճառներից մեկը տգիտությունն է, ցինիզմն է, իրական արժեքների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը: Արդյո՞ք 1988-ի հայ հասարակությունն իրեն այդպես կպահեր: Ակնհայտորեն ոչ՝ որովհետեւ այդ հասարակության կրթական ցենզը զգալիորեն ավելի բարձր էր: Եվ, հետեւաբար, մարդկանց կրթելը, դաստիարակելն այսօրվա կարեւորագույն խնդիրներից մեկն է:

…Տեսագրություններից մեկում ես խոսել եմ Եղիա մարգարեի մասին: Օգտատերերից մեկն արձագանքել է՝ «Հերիք է հրեաներին գովեք, խոսեք հայոց պատմության մասին»: Գուցե չհամաձայնեք ինձ հետ, բայց կրկնեմ՝ մեր ներկայիս իրավիճակի եւ մեր քաղաքացիների մեծամասնության կրթական մակարդակի միջեւ ուղիղ կապ կա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը «Առաջին ալիքի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Ես շատ ծանոթներ ունեմ, որոնք լինելով կիրթ, գրագետ մարդիկ, միևնույն է իրենց գործողություններով կամ անգործությամբ հանդուրժել և հանդուրժում են ներկայիս իշխանությանը։ Շատերն, ի դեպ, 1988 թվականի հայ հասարակության ներկայացուցիչներ են։ Ինչու՞ են նրանք հանդուրժում այս ամենը: Որովհետև հակառակ դեպքում իշխանության կգան նախկինները։ Փաշինյանն ու ՔՊ-ականները նրանց համար, ինչպես նաև Ձեզ համար, ավելի ընդունելի են, քան Քոչարյանն ու դաշնակները։ Նրանք պարզապես այնքան են թույնով լցված նախկին նախագահների հանդեպ, որ պատրաստ են տեսնել իրենց երկիրի կործանումը և իրենց հարազատների դաժան սպանությունը ու խոշտանգումը։
    Իմ կարծիքով, խնդիրն ավելի շատ մարդկանց մտածելակերպի մեջ է, քան կրթությունը: Նրանք չեն կարող քննադատաբար մտածել, անընդհատ տրվում են էմոցիաներին, անընդհատ ընկնում են ինֆորմացիոն փուչիկի մեջ և այլն:

  2. Gohar says:

    – Այս գեղեցիկ կյանքը մեզ, ով է տվել՞, ինձ կասեք՞ ,- կամ նման մի բան ։
    Հարգելի Դավիթ, խնդրում եմ գրեք Գո՛նե 3 բաների մասին, որոնք արել են նախկինները, բայց բացառում են ներկաները։ Նախկիններին երբեք չեմ հանդուրժել։ 2019թ․ աշնանը , Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու սրահում մեր Թավշյա հեղափոխության ռահվիրաններ հետ հանդիպման համար մուտքի առջեվ բավականին ժամեր եմ սպասել ։ Դահլիճում էլ կողքս նստած մի հարգելի սփյուռքահայ տիկին երբեմն -երբեմն ցնցվում էր իմ ոգեշնչված բղավոցներից։

  3. Հայ says:

    88 ի ներկայացուցիչները շատ լավ գոռում էին,իրենց պատճառով ես 4 տարի նորմալ դպրոց չգնացի,երևի դա նկատելի է իմ կետադրական սխալներից։
    Այդ նրանց ուղեղում միայն կարող էր ծագել այնպիսի փառահեղ մտքեր ինչպիսիք են փակել ատոմակայանը,Ջերմուկով կպահենք Հայաստանը,94 ի հրադադարի ստորագրումը, Քոչարյանին Հայաստանի հանձնումը,արտաքին քաղաքականությունը Ռուսաստանին հանձնելը,բիզնես -քաղաքականություն սերտաճումը, օրինակ’Գրզո-Պետրոս – Վանո տրիոն։
    Այո,պետք է ասեմ,որ 88 ի մեր ներկայացուցիչների հայերեն խոսելու ընդունակությունը,առոգանությունն ու քերականությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա էր և դա շատ լավ է։
    Կարելի է ասել կատարյալ հիմարություն,տալ այդ ամենին ճիշտ քերականություն,օգտագործել կրթված մարդու առոգանություն,օգտագործել գրքային բառապաշար և վուալյա’ ապուշությունը կարծես թե դարձավ անհերքելի ճշմարտություն։

    • Van says:

      Ես Ձեզ հետ համաձայն եմ միայն ատոմակայանի փակման հարցում։ Այո, դա շատ մեծ սխալ էր։ Մնացածի հետ համաձայն չեմ։ Մնացածը տիպիկ նիկոլական կեղծ ու անհեթեթ թեզեր են։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031