«Հյուսիսային տերեւաթափի» գործով դատական նիստին այսօր մեղադրող դատախազը անդրադարձավ նաեւ մեղադրյալներից Վազգեն Ոսկանյանին: Ըստ նրա՝ Ոսկանյանը, ինչպես նաեւ գործով անցնող մյուս մեղադրյալներից՝ Սերգեյ Մկրտչյանը, մեղադրվում են խմբով ահաբեկչություն նախապատրաստելու եւ խմբով զենք- զինամթերք ձեռք բերելու նախապատրաստության համար:
Հիշեցնենք, որ 2023-ի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը»։
Մեղադրող դատախազն ասաց, որ Ոսկանյանի կալանքը երկարաձգելու համար բոլոր հիմքերը կան, որովհետեւ Ոսկանյանը ազատության մեջ գտնվելով, կարող է խուսափել վարույթ իրականացնող մարմնից, կրկնել հանցանքը կամ որպես մեղադրյալ իր վրա դրված պարտականությունները չկատարել: Մեղադրողը միջնորդեց նրա խափանման միջոց կալանքը երկարաձգել եւս երեք ամսով:
«Հանրային մեղադրողն ասաց, որ երկարատեւ նախապատրաստություն է խումբն իրականացրել, այսինքն՝ 5 հոգով, 5 ամիս պատրաստվում են ինչ-որ հանցագործություն անել, բայց չեն ընտրում հանցագործության օբյեկտը: Եկեք գնանք նախարար Պողոսյանին սպանենք, սրան առեւանգենք, էս ինչ շենքը գրավենք: Չկա ոչ մի նման խոսակցություն կամ փաստական տվյալ: Մեղադրանքը վերացական է՝ կատարել ահաբեկչություն, մարդկանց սպանել, ամեն ինչ թվարկած է էլի»,- արձագանքեց Ոսկանյանի պաշտպանը՝ Զորայր Հարությունյանը:
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ գործում չկա, թե, օրինակ, իր պաշտպանյալն ի՞նչ դերակատարություն պետք է ունենար ենթադրյալ ահաբեկչության ժամանակ՝ ռո՞ւմբը պիտի տեղադրեր, պայթելու կոճա՞կը պիտի սեղմեր, թե՞…
Ինչ վերաբերում է կալանքի հիմքերին՝ պաշտպանը նկատեց, որ դրանք չկան, այն անհիմն է ու ենթակա է մերժման:
Պաշտպանը խնդրեց դատարանին քննարկման առարկա դարձնել նաեւ այլընտրանքային խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառման հնարավորությունը, եթե, այնուամենայնիվ, գտնի, որ կալանքի հիմքերը կան:
Դատարանը որոշեց Ոսկանյանի կալանքի ժամկետը երկարաձգել երկու ամսով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ