Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան․ «Եթե Նիկոլը Մինսկի խմբի վերացմանը համաձայնեց, դա նշանակում է համաձայնել Հայաստանի վերացմանը»

Հուլիս 29,2024 23:50

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում խոսեց Արեւմուտքի հովանավորությամբ եւ հորդորով Ադրբեջանից նոյեմբեր ամսին Հայաստանին արված հրավերի, Նիկոլ Փաշինյանի՝ այդ հրավերն ընդունելու եւ Բաքու հնարավոր մեկնելու վտանգների մասին։

«Բաքվում Էրդողանն ու Ալիեւը փորձելու են Փաշինյանի հետ պայմանավորվել, թե ինչ է հետագայում հանձնելու եւ ավելին՝ սովորեցնել Փաշինյանին, որ նա իրեն համապատասխան ձեւով պահի։ Այսինքն, պահի այնպես, որ թուրքական աշխարհին դուր գա։

Մասնավորապես, տալ միջանցք, որը Նիկոլի թեթեւամիտ առաջարկով դարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ։ Հայտարարություն, որի առաջին կետը վերաբերում է Ղարաբաղին, իսկ Արցախն այսօր չկա։ Բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ այդ համաձայնագրի մեջ ու դուրս չի գալիս։ Այդ համաձայնագիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է Ռուսաստանի քավորությամբ։ Բայց խոսքը վերաբերում էր այնտեղ ձեւակերպված «ճանապարհ» տերմինին։

Ռուսաստանը մի քանի անգամ հայտարարեց, որ ինքն այդտեղ միջանցք չի տեսնում։ Լավրովը եւ Զախարովան հայտարարել են, որ այս ստորագրված փաստաթուղթը հեռու է «միջանցք» տերմինաբանությունից, եւ խոսքը վերաբերում է ճանապարհային բեռներին։ Փաշինյանն ինքն առաջարկեց այս միջանցքը, դիմացը իբր թե ստանալով Լաչինի միջանցքը դեպի Արցախ։ Դրանից հետո Փաշինյանը իրեն եւ աշխարհին հարցնում էր, թե որտեղ են տեսել միջանցք բառը։ Միջանցք չենք տեսել, բայց անխոչընդոտ ճանապարհը տեսել ենք։

Տարօրինակն այն է, որ թուրքական աշխարհը՝ Ալիեւը եւ Էրդողղանը, սկսեցին խոսել միջանցքի մասին։ Եվ, ի զարմանս բոլորիս, դրան միացան Միացյալ Նահանգներն ու Եվրոպան։ Ավելին, սկսեցին հեռուն նայել։ Այդ ի՞նչ եղավ, որ ԱՄՆ-ը ու Եվրոպան դարձան միջանցքի ջատագովը։ Վերջին հաշվով Հայաստանի՞ն են վատություն անում, թե՞ կա աշխարհաքաղաքական ստրատեգիա։ Արեւմուտքը տեսնում է, որ  թուրքական աշխարհը, թեեւ Վրաստանով ճանապարհ ունի, մեր, այսպես կոչված, միջին միջանցքով Բաքվից Հայաստանով, բեռները կբերի ու Հայաստանով կտանի Նախիջեւան ու Թուրքիա։ Այսինքն, մի քանի միլիոն տոննա բեռ թուրանական աշխարհը կարող է փոխանակում կատարել ու միջանցքով կդառնա միասնական թուրանական աշխարհ։ Եվ այդ թուրանական աշխարհը կռվելու է Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի դեմ։

Ռուսաստանն ու Իրանը հասկանում են, թե ինչ է տեղի ունենում։ Թուրքական աշխարհն էլ փոփոխվում է։ Ու Ռուսաստանն Արեւմուտքին ասում է, որ ինքը թուրքական աշխարհի հետ բարեկամ է դառնում։ Եվ ո՞վ ասաց, որ իմ վրա պետք է հարձակվեն։ Գուցե, ձե՞ր վրա հարձակվեն։ Օրինակ, երեկ Էրդողանը հայտարարեց, որ կուզենա հարձակվել Իսրայելի վրա։

Չինաստանն  ասում է, որ ինքը Ույգուրիայի հետ հարցերը լուծել է։ Հայաստանում միջա՞նցք եք բացում, ես հայտ եմ ներկայացնում եւ այդտեղով բեռներ եմ տեղափոխելու։ Մանավանդ, այդ «ախմախ» հայերին ասել էինք, որ այդ ճանապարհը Իրանով գար ու Հայաստանով գնար Ռուսաստան։

Սրանք չարեցին այս ճանապարհը։ Ու հիմա, մանավանդ իմ քննադատությունից հետո են ասում, որ  հապշտապ վարկ են վերցնում, որպեսզի այդ ճանապարհը կառուցեն։ Գլխիդ կպնի։ Այդ ճանապարհը 15 տարում էլ չեք կառուցի։ Արդեն պետք է կառուցված-վերջացրած լիներ։ Հիշեցնեմ, որ այս առաջարկի մասին խոսում ենք դեռ 2015/2016 թվականից։ Մեռանք Կարեն Կարապետյանին բացատրելով։ Չէր հասկանում։ Եվ եղել է տարբերակ, որ 1% վարկային երաշխիք տալով՝ Չինաստանն ինքը կկառուցեր այդ ճանապարհը։

Եվ 12 տարի Հայաստանի հետ աշխատելուց հետո չինացիներն ասացին՝ եղբայր, Հայաստանի հետ գործ չունենք։ Ու հիմա շատ լավ աշխատում են Ադրբեջանի հետ։ Ուրիշ ի՞նչ անեն։ Ռուսաստանն ու Չինաստանը, տեսնելով Հայաստանի դավաճանությունը, Հայաստանին ասում են՝ այ ախմախ, դու կարծում ես Թուրքիան ու Ադրբեջանը իմ դե՞մ են դուրս գալու։ Նրանք պատրաստ են ցանկացած պահի իմ հետ ախպերության։ Դո՛ւք եք այդտեղ ոչնչանալու։ Ու Բաքվում կքննարկվեն Հայաստանի ոչնչացման հերթական քայլերը։

Հազար ու մի հարց կա։ Այդ թվում, նաեւ Մինսկի խմբի վերացման հարցը, որին ոչ մի կերպ չի կարելի համաձայնել։ Մինսկի խումբը Արեւմուտքի կոկորդին է մնացել։ Եթե Նիկոլը Մինսկի խմբի վերացմանը համաձայնեց, դա նշանակում է համաձայնվել Հայասստանի վերացմանը՝ Ղարաբաղը մեկ է, էլ չկա։ Մինսկի խումբը այսօր վերաբերում է Հայաստանին»,-ասաց պարոն Բագրատյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031