Գյումրու ամենակոլորիտային փողոցում ՝ Ռուսթավելիում, կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ 14-ում, որտեղ գտնվել են ալեքպոլյան աղաների սրճարանները (դրանք հայտնի էին ղայֆախանա անվամբ), և որտեղ միայն սև աղացած գարուց սուրճ են խմել ու լուրջ խոսակցություններ ծավալել, զրուցել քաղաքի անցուդարձից, գործարքներ կնքել, անգամ խնամախոսություններ կատարել, գործարարներ Արման Սահակյանի ու Վարդան Սիրմակեսի ներդրմամբ 2,5 տարի առաջ բացվել է զբոսաշրջային մի նոր, հետաքրքիր ու ինքնատիպ հասցե։
Այս երկու գործարարները, «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքի հուշարձան-տներից չորսը վերանորոգելով, վերածել են ռեստորանների՝ իհարկե, ճարտարապետական տեսքը պահանելով ու կառույցների պատմամշակութային արժեքն է՛լ ավելի շեշտադրելով։
Դրանք 1840-ականների կառույց են․ 2017 թվականին, երբ գործարարները ձեռք են բերել, եղել են անխնամ վիճակում ( Տես լուսանկարներում)։
Կարդացեք նաև
Նրանք հիմնովին վերանորոգել են՝ ինտերիերը մոտ պահելով կառույցների պատմական տեսքին։
Ռուսթավելի 29 հասցեում գործում են երեք ռեստորաններ՝ մեծ համբավ ունեցող «Բաստուրմա շոփ և գրիլ բարը», նորաբաց «Միրո» և սիրական «Ալ Ահուազ» ռեստորանները։
Ըստ Tripadvisor ճանապարհորդական կայքի, «Բաստուրմա շոփ և գրիլ բարը» Գյումրիում այցելուների թվով առաջինն է։ Tripadvisor-ն ամերիկյան ամենահայտնի կայքերից է, որից օգտվում են զբոսաշրջիկները՝ տվյալ երկիր կամ քաղաք այցելելիս։
Գյումրիում գործող մոտ 75 ռեստորան ու սրճարան են գրանցված, սակայն «Բաստուրման» 2 տարի է՝ ինչ առաջին հորիզանականն է զբաղեցնում։ Այն ձևավորվում է մարդկանց կարծիքների հիման վրա, երբ կարծիքները դրական են, զբոսաշրջային տվյալ հասցեն հայտնվում է առաջին տեղում։
«Բաստուրա» և «Միրո» ռեստորանների համահիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Չարխիֆալակյանը մեզ հետ զրույցում ասաց․«Ինչո՞ւ «Բաստուրմա». մտածեցինք մի անուն լինի, որն իր մեջ հայկականություն կունենա։ Սկսեցինք բաստուրմայով՝ հում չորամսով պատրաստել մենյուն, այն մենյույի բաղադրիչ մաս դարձրեցինք։ Բացի այդ, որոշեցինք պատրաստել բաստուրմա, բոլորիս հայտնի ավանդական չորամիսը՝ աղի մեջ դրված, ու ռեստորանի փոքր հատվածում խանութի համար տարածք հատկացրեցինք, որտեղից և վաճառում ենք բաստուրմա, քիչ քանակով, բայց վաճառում ենք»։
Մեր զրուցակիցն ասում է՝ հայկական բաստուրման համադրել են ամերիկյան համբուրգերի հետ ու ստացել յուրահատուկ համով ուտեստ։
«Մենք հայտնիություն վայելում ենք սոցցանցերում, բուրգերը պատրաստում ենք համեղ ու ճիշտ, այնպես, ինչպես որ պիտի պատրաստվեն, ոչ թե տան կոտլետով։ Մինչ «Բաստուրմայի» բացվելը, ինչ բուրգեր համտեսել ենք, դրանք նման են եղել տնային տնտեսուհու պատրաստածի, դրանց մեջ ամեն ինչ կա, որոնք չպիտի լինեն՝ հաց, սոխ, կանաչի, իսկ մենք պրոֆեսիոնալ մոտեցում ենք ցուցաբերում։ Բուրգերի կարևոր առանձնահատկությունը հյութալի ու միատարր լինելն է, մենք միայն միս ենք օգտագործում, իր մեջ չկան հավելումներ և օգտագործում ենք անգուս ցեղատեսակի միս, որն ինքն իրենով ունի յուղեր և նպաստում է, որ բուրգերը հյութալի դառնա, հավելյալ յուղ կամ այլ բաներ ավելացնելու կարիք ընդհանրապես չլինի։
Եղել են դեպքեր, երբ Երևանից հատուկ եկել են մեզ մոտ բուրգեր ուտելու, ասել են՝ նույնիսկ Երևանում չկան նման համեղ բուրգեր։ Շատ են լինում նման դեպքեր։ «Բաստուրման» 2021 թվականին է բացվել, մեր մենյուի 60-70 տոկոսը պատրաստվում է ածխաքարերով գրիլի վրա, որը լրիվ այլ համ է տալիս, դրանով է մեր մոտի բուրգերը տարբերվում մյուսներից», -ասում է Արմեն Չարխիֆալակյանը։
Այս տարվա մայիսի 11-ին այն նույն հասցեում բացվեց նաև «Միրո» ռեստորանը։
«Այդ անունը ընտրելով՝ արդեն պատկերացում ունեինք՝ ինչ դիզայն, ինչ մենյու և ինչ մթնոլորտ ենք ուզում ունենալ։ Որոշեցինք մի անուն, որը հեշտ կլիներ արտաբերելը՝ իր մեջ կունենար թե՛ եվրոպական և թե՛ հայկական նոտաներ։ Միրո բառը մեզ համար այնքանով է հայկական, որ Ձորի Միրոյի հետ ենք ասոցացնում, ռեստորանը ձորում է բացված, «Ձորի մայլա» են անվանում Գյումրիի այս հատվածը, իսկ եվրոպական մասը կապված է իսպանացի նկարիչ Խուան Միրոյի հետ, ժամանակակից նկարիչ է , աբստրակտ ոճի նկարներ է անում, ու ռեստորանի պատերի գույները մենք իրենից են վերցրել։ Երկու միրոներին վերցրեցինք ու ստացանք մեր «Միրոն», -ասում է Արմեն Չարխիֆալակյանը։
Նա նշում է՝ «Միրոյի» մենյուի մեջ կան թե՛ հայկական, թե՛ եվրոպական ուտեստներ, հայկականը մատուցում են ոչ ավանդական եղանակով, օրինակ՝ թաթարբորանիի դեպքում կտրվածքն են փոխել․ խմորը կլոր են կտրում, հնարավորինս գեղեցիկ տեսքով մատուցում, իսկ Գյումրվա պանրխաշը ռոլերի տեսքով են մատուցում՝ լավաշի մեջ փաթաթած, կողքը ափսեի մեջ սոխարածն են լցնում։
Ըստ նրա, տրամադրող է նաև «Միրո» ռեստորանի դիզայնը․ փորձել են այնպիսի սրահներ ստեղծել, որտեղ կարող են ջերմ, մտերմիկ առանձնազրույցներ ունենալ, կա նաև հատված, որտեղ հնարավոր է համակարգչով նստել, աշխատել ու սուրճ խմել, հեռու լինել աղմուկից։
Գյումրին զբոսաշրջային քաղաք դառնալուց հետո գրավել է նաև սիրահայ Հրատ Ալայբոզանյանին, ով որոշել է ռեստորան հիմնել այս քաղաքում՝ «Ալ Ահուազ» անվամբ։
2023 թվականին տեղափոխվել է Գյումրի, իր բառերով ասած՝ լավ մարդկանց հետ է ծանոթացել, որոնք քաջալերել են իրեն, ինքն էլ արել է իր ներդրումը։ Նա անչափ շնորհակալ է, որ իր ռեստորանը բացել է Գյումրու հին փողոցներից մեկում՝ այս նույն հասցեում։
«Երևանը շատ եմ սիրում, բայց տեսա, որ շատ ծանրաբեռնված քաղաք է, Գյումրին շատ ավելի հանգիստ վայր է, քաղաքը հանգիստ, մարդիկ հանգիստ, և ամենակարևորը՝ հին կառույցները պահպանված են։ Այդ հնությունները շատ հետաքրքիր էին ինձ համար,որովհետև ինչ-որ չափով նմանություն կա Հալեպին։ Հալեպը հին քաղաք է, տները հին են։ Շատ մտածեցինք ռեստորանի անվան շուրջ, որոշեցինք Սիրիայում մեր ունեցած սրճարանի՝ «Ալ Ահուազ» անունը դնել։ Դա փողոցի անուն է Հալեպի մեջ՝ քրիստոնեական թաղամասում, որտեղ 2021 թվականից մեր սրճարանն է գործում։ Ալ Ահուազը քաղաք է Պարսկաստանում, որտեղ հիմա մեծամասամբ արաբներ են բնակվում։ Կեսն ասում է «Ալ Ահուազ»-ն արաբական է, կեսն ասում է՝ պարսկական է։ Այնտեղ եղել է մեծ հայկական գաղութ՝ 250 հազարանոց, բայց պատերազմից հետո մնացել են 1-2 ընտանիք։ Նույն անունով կոչեցինք այստեղ, ինձ թվում է՝ այն կգրավի մարդկանց, սիրուն անուն է, թեև Սիրիայում նույնիսկ այդ փողոցում ապրողները չգիտեն, որ այն «Ալ Ահուազ» է կոչվում»,-պատմում է հիմնադիրը։
Սիրական ռեստրանի աշխատակազմում կան թե՛ գյումրեցիներ, թե՛ սիրիացիներ, որոնք սկսել են հարմարվել Գյումրիին։
«Հյուրերին սկսել է հետաքրքրել աշխատակիցների մեջ սիրիացիներ լինելու հանգամանքը, կոլորիտը փորձում ենք պահել։ Մենք փորձել ենք այնպես անել, որ մեր խոհանոցը տարբերվի․ տարբեր համաշխարհային խոհանոցներից ուտեստներ վերցրեցինք և սարքեցինք սենդվիչի ոճով։ Այնպես ենք անում, որ հասանելի, ֆինանսապես մատչելի լինի բոլորին, ոչ միայն օտարին, տուրիստին, այլ տեղացի ժողովրդին։ Տարբեր հյուրեր ենք ունենում տարբեր վայրերից, իհարկե, ուրախ կլինենք, որ զբոսաշրջիկներից ավել գյումրեցին մեզ այցելի, լինի մեր հիմնական հաճախորդը», -ասում է մեր զրուցակիցը։
Նա ասում է, որ իր բոլոր ռեստորանների, գործարանների, խանութների դիզայնով ինքն է զբաղվել, ամենուր փորձել է մոդեռնը ներկայացնել հնի հետ, պահպանել նաև հինը։
Գյումրու ռեստորանի պատերին փակցրել է այս քաղաքի նկարները, այնպիսի միջավայր է ստեղծել, որ հաճախորդը զգա, թե տանն է նստած, ընտանեկան ջերմություն ստանա։
Հ․ Գ․ Ի դեպ, գործարարներ Արման Սահակյանն ու Վարդան Սիրմակեսը միայն իրենց պատկանող ռեստորաններում մոտ 80 աշխատատեղ են ստեղծել։
Ռեստորաններում հնարավորություն է տրվում մարդկանց՝ հենց տեղում մասնագիտություն ձեռք բերելու, եթե օրինակ՝ որևէ մեկը ցանկություն ունի խոհարար աշխատել, տեղում սովորեցնում են և այդ ընթացքում՝ ինչ-որ պահից, սկսում են վճարել, որպեսզի նա աշխատելով՝ սովորի։ Իսկ գիտելիքներ տալուց հետո բարձրացնում են աշխատավարձը։
«Բաստուրա» և «Միրո» ռեստորաններում հիմնականում գյումրեցիներ են աշխատում, սակայն կան նաև ազգությամբ ռուս աշխատակիցներ, որոնք աշխատելու ընթացքում նաև հայերեն են սովորում։
Առաջիկայում կանդրադառնանք նաև գործարարներ Արման Սահակյանին ու Վարդան Սիրմակեսին պատկանող «Ալեքսանդրովսկի» համալիրին ու մյուս նոր խոշոր ծրագրերին, որոնք միտված են Գյումրու պատմական միջուկն ավելի գրավիչ դարձնելու ու զբոսաշրջային ոլորտը հզորացնելու։