«Հյուսիսային տերեւաթափի» գործով դատական նիստին այսօր դատարան էր ներկայացել թարգմանիչը, քանի որ մեղադրյալներից մեկը հայերենին չի տիրապետում:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր մեղադրյալներից մեկի՝ մեղադրական եզրակացությունը չստանալու եւ թարգմանիչ չլինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 2023-ի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը»:
Այսօրվա դատական նիստին քննարկվեց մեղադրյալների խափանման միջոցի հարցը: Անդրադառնալով մեղադրյալներից Սերգեյ Մկրտչյանին՝ մեղադրող դատախազը նկատեց, որ քրեական գործում առկա են բավարար ապացույցներ, որոնցով կարելի է գալ եզրահանգման, որ Մկրտչյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքների հետ:
Կարդացեք նաև
Մեղադրող դատախազը նկատեց նաեւ, որ առաջին ատյանի դատարանների կողմից արձանագրվել է բարձր է հավանականությունը, որ Մկրտչյանը, ազատության մեջ լինելով, կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից, չկատարել որպես մեղադրյալ իր վրա դրված պարտականությունները, ինչպես նաեւ առկա է բարձր հավանականություն, որ կկատարի նոր հանցանք:
Ըստ մեղադրողի՝ նախկինում արձանագրված բոլոր հիմքերը շարունակվում են պահպանվել: Նա նաեւ ասաց, որ այս քրեական գործով ձեռք բերված տվյալներով՝ Մկրտչյանի դերը եղել է շատ ակտիվ. իրենց խմբի հիմնական նպատակի մեջ ներառված գործողությունների կատարումը, դրանք կյանքի կոչելուն ուղղված գործողությունները հիմնականում դրված են եղել Մկրտչյանի վրա:
Արձագանքեց նաեւ Սերգեյ Մկրտչյանը. «Ասում են՝ փախուստի դիմելու հնարավորություն ունեմ: Եթե 1990 թվականից առ այսօր միշտ եղել եմ սահմանում, 1990-94 թվականներին կռվել եմ իմ պետության անկախության համար: Ինչ ասեմ՝ գրավել եմ 8 գյուղ, պլյուս Շուշիի բարձունքները, որ հիմա սաղ ասում են, որ իրենք են գրավել: Ես կարող եմ ապացուցել, որ եղել եմ ես, անկախության բանակի Մալխասյան Արթուրը եւ Սերգեյը՝ օղորմածիկ: Երեք ջոկատներով գրավել ենք բարձունքներ, բայց ոչ մի թուղթ չունենք, որ այդտեղ մասնակցել ենք:
44 օրյա պատերազմում էլ եմ առաջնագծում եղել: Ես առողջություն չունեմ, եթե կարելի է՝ ինձ թողեք տուն, սա իմ պետությունն է, իմ պետությունից ու կառավարությունից փախնելու տեղ չունեմ: Եթե կապացուցեն, որ մեղավոր եմ, պատասխանատվություն կկրեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ