Երեւանի քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայրում այսօր կայացավ ՔՊ-ական նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գործով նիստը: Երկուսուկես ժամ տևած նիստի ընթացքում հայցվոր կողմը ներկայացրել է իր բավականին երկար փաստարկների ցանկը` Ավետիք Իշխանյանի մեղավորության մասով։
Aravot.am ի հետ զրույցում Ավետիք Իշխանյանի շահերի ներկայացուցիչ Զարուհի Նախշքարյանն ասաց, որ ի պատասխան այդ երկար ցանկի, ինքն ընթերցել է Ավետիքի հրապարակումը և ասել, որ այն պարունակում է բոլոր հակափաստարկները։
Տրդատ Սարգսյանի պաշտպանները հայտարարել են` իրենց պաշտպանյալին չորս տարի բոլորը մեղադրում էին փոխգնդապետի ծեծին ու մահվանը մեղսակից լինելու մեջ և տարակուսել` «Հո մենք բոլորին չպե՞տք է արձագանքեինք»։ Զարուհի Նախշքարյանն էլ տարակուսում է` «բայց իրենք ոչ ոքից չնեղացան, Ավետիքից նեղացան»։
ՔՊ-ական նախկին մարզպետի պաշտպանները նաև ասել են, որ եթե Ավետիք Իշխանյանը գրում է, թե իրենց պաշտպանյալը «պատասխանատու է», դա ենթադրում է քրեական պատասխանատվություն։ «Ես էլ ասում եմ՝ եթե այդպես է, Տրդատն էլ իր հայտարարության մեջ էր գրում` «ես քաղաքական պատասխանատվություն եմ կրում», եթե իր պաշտպանների տրամաբանության մեջ նայենք, եթե ինքը «պատասխանատու» բառն օգտագործել է, ուրեմն ինքն էլ գիտեր, որ իրեն քրեական պատասխանատվության են ենթարկելու»,-մանրամասնեց տիկին Նախշքարյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, հայցվորը, դատարանում իբրեւ ապացույց ներկայացրել է նաեւ Ավետիք իշխանյանի՝ 2024 թվականի փետրվարի 2-ին Aravot.am-ին տված հարցազրույցը։
Հիշեցնենք նաև, որ ՔՊ-ական նախկին մարզպետի ընկալմամբ, իրավապաշտպանը զրպարտել է իրեն ՝ ֆեյսբուքյան իր գրառմամբ:
Հայցը վերաբերվում է անցյալ տարվա հուլիսի 27-ին Ավետիք Իշխանյանի կատարած գրառման հետևյալ հատվածին․ «Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ