Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավերել, ոչնչացրել են, հիմա ասում են՝ սա պատմական հնարավորություն է: Նվաստացումը պատմական հնարավորությո՞ւն է մեզ համար»․ Բագրատ սրբազանը՝ Արարատ Միրզոյանին

Հուլիս 29,2024 20:28

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տեղեկությանը, որ Սիսիան-Նախիջեւան հատվածում հայկական զորքերը դուրս են բերվում դիրքերից։ «Մենք տեղեկատվությանը տիրապետում ենք, Պաշտպանության նախարարությունը հերքել է դա, այդուհանդերձ նաեւ ներքին կարգով գիտենք, որ դիտորդները գնացել են, ինչ-որ չափագրումներ են եղել։ Վերջնական դա էլ կճշտենք։ Դա մեզ համար չափազանց կարեւոր բարձունք է։ Եվ, բնականաբար, այդ խնդիրը չի կարող հենց այնպես անցնել»,- ասաց Բագրատ սրբազանը։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանին հուլիսի 30-ին կայանալիք հանդիպմանը՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Հերթական խաբեությունը պետք է լինի։ Նախնական չգիտենք, թե ինչ է քննարկվելու, ոչ մի տվյալ չունենք»։

Բագրատ սրբազանն արձագանքեց նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Կիպրոս կատարած այցի ժամանակ արած հայտարարությանը, որ «Հայաստանն ուզում է օգտագործել այս պատմական պահն ու փակել Ադրբեջանի հետ թշնամանքի էջը»։ «Այսինքն՝ ավերել հասցրել են մի տեղ, լրիվ ոչնչացրել են, հիմա ասում են՝ սա պատմական հնարավորություն է։ Նվաստացումը պատմական հնարավորությո՞ւն  է մեզ համար»,- ասաց սրբազանը։

Նա անդրադարձավ նաեւ Վայոց ձոր կատարած այցին։ «Թե Վայքում, թե Ջերմուկում, թե հետագայում Եղեգնաձորի գյուղերում հարցը միայն այդ հավաքվող մարդիկ չեն, որոնք, չնայած ճնշումներին, ոչնչից չեն վախենում, ամենագեղեցիկը այդ գյուղերով քայլելն էր։ Գյուղում ես գրեթե տուն չեմ տեսել, որ չողջունեն կամ ներս չհրավիրեն։ Այնպես որ, վերստին պետք է ասեմ՝ մեր երկրում մթնոլորտը փոփոխությունների մթնոլորտ է։ Եվ մեզ մնում է միայն ճիշտ ճանապարհով հունավորել ու հասցնել տեղ։ Սպասումները շատ մեծ են մարդկանց»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նա նշեց, որ մարզային այցերը շարունակվելու են, առաջիկայում դարձյալ կայցելեն Գեղարքունիքի մարզ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ Սրբազան պայքարի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031