ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի իրականացրած «Վարպետաց դասեր» խորագրով «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրն ամփոփվել է:
Վերապատրաստման դասընթացներն անցկացվել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում երկու փուլով՝ հուլիսի 2-4-ը և 24-26-ը: Դասընթացներին մասնակցել են Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի և Վայոց ձորի մարզային և համայնքային գրադարանների 50 աշխատակիցներ:
Նախարարության աջակցությամբ իրականացվող ամենամյա ծրագրի նպատակն է ապահովել շարունակական կրթությունը գրադարանային ոլորտում, նպաստել գրադարանավարների մասնագիտական աճին և կարողությունների զարգացմանը:
Եռօրյա դասընթացների շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ամերիկյան համալսարանի Փափազյան, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանների փորձառու գրադարանավարներն ու ոլորտի մասնագետները ծրագրի մասնակիցներին ներկայացրել են գրադարանային գործի գործառույթների վերաբերյալ նոր գիտելիքներ, հմտություններ, խոսել ոլորտային մարտահրավերների հաղթահարմանն ուղղված արդի մոտեցումների մասին:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը միտված է նաև ամրապնդելու գործընկերային կապերը, նպաստելու համագործակցության զարգացմանը մարզային ու համայնքային գրադարանների միջև:
Դասընթացների ավարտին ծրագրի բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր:
ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ