«Ապառաժ». «Ամեն տարի «տանկիստի օրը» հայրս քեֆ էր կազմակերպում մեր տանը՝ հրավիրում մարտական ընկերներին, մեր հարազատներին ու հարևաններին։ Շատ կենացներ չէր սիրում ասել, բայց ամեն սեղան նստելիս անպայման խմում էր հայրենիքի համար զոհված, ինչպես նաև ապրող հերոսների կենացը։ Ամեն անգամ, երբ եղբայրներով կամ ընկերներով հավաքվում էին մեր տանը, վերհիշում էին Արցախյան ազատամարտի օրերը, իսկ մենք կողքից ոգևորվում էինք»,- Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքից քսանամյա Կարեն Ալավերդյանն այսպես է հիշում իր հորը՝ Կառլենին, որը զոհվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ։
90-ականներին Կառլենը ծառայում էր բանակում։ Կոչումով լեյտենանտ էր, տանկիստ։ Նա մասնակցել է Արցախյան առաջին, ինչպես նաև Ապրիլյան քառօրյա պատերազմներին։
Բնավորությամբ հանգիստ էր, ազնիվ, խստապահանջ ու պատասխանատու։ Նրան բոլորը սիրում ու հարգում էին։ Երկու որդիները՝ Կարենը և Նիկոլայը, այսօր մեծ հպարտությամբ են խոսում հոր մասին։ Նրանց միակ նպատակն իրենց հոր արժանի զավակներ լինելն է։
Նրանք չորս եղբայր էին․ Կամոն զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Եղբոր գործի շարունակողը Կառլենն էր՝ տան փոքրը։ 2018 թվականին մահացել է Կարմենը։ Եղբայրներից ավագը՝ Կարոն, չի հաշտվում իրականության հետ, եղբայրների մասին երբեք անցյալով չի խոսում։ Վերհիշում է, թե ինչպես է ինքը, 2020 թվականի պատերազմի ժամանակ, եղբոր հետ գյուղի պաշտպանության գործին լծվել։
Կարդացեք նաև
Կարոյի միակ նպատակը Արցախը կրկին ազատ ու անկախ տեսնելն է։ Իսկ իր սրտի փափագը՝ հայրենի Թաղավարդում սիրելի եղբոր հիշատակին հուշաղբյուր կառուցելը։
Վեհանուշ Հովսեփյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: