Լրահոս
Օրվա լրահոսը

Չկարողանալով բնակվելու տեղ գտնել՝ հաստատվեցին Գյումրու նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում

Հուլիս 29,2024 18:09

«Ապառաժ». Արցախից տեղահանված 41 մարդ՝ 23 ընտանիք, 2023 թ-ի հոկտեմբերից մինչև հիմա ապրում է Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում։ Բռնագաղթի օրերին վերջին ավտոբուսներով Հայաստան հասած մարդիկ են, որոնք չեն կարողացել ինքնուրույն բնակվելու տեղ գտնել։ Մինչև իրենց համար բնակարաններ ձեռք բերելը կարող են ապրել հիվանդանոցի շենքում։

Բնակիչներից մեկը՝ Սիլվա Բրուտյանը, դիմավորում է մեզ և իր սենյակ հրավիրում։ Մտնելուն պես՝ աչք են շոյում ասեղնագործ աշխատանքները, որոնցով Սիլվան փորձել է շուք հաղորդել իր փոքրիկ, բայց մաքուր ու կոկիկ սենյակին։

Ասեղնագործությամբ զբաղվում է 4-րդ դասարանից։ Հիմա, երբ ոչ մի տեղ չի աշխատում, նորից ասեղնագործություն է անում, փորձում է դրանով գումար վաստակել։ Պատմում է, որ թելերն ու կտորները փոխմարզպետ Աննա Մարտիկյանը է նվիրել իրեն։

«Յուրաքանչյուր շաբաթ այցելում է մեզ, տեղեկանում մեզ հուզող հարցերի մասին, աջակցում։ Բոլորս սիրում ենք նրան և, առհասարակ, գոհ ենք գյումրեցիների վերաբերմունքից»։

Միայնակ կինը Արցախից տեղահանվել է 2023-ի սեպտեմբերի 27-ի գիշերը։ Հաջորդ օրը հասել է Գորիս, որտեղից էլ վերջին տեղահանվածների իրենց խմբի հետ եկել Գյումրի։

Հայաստանում ծնված ու մանկատանը մեծացած Սիլվան 1999-ին է մեկնել Արցախ և, որպես վերաբնակիչ, հաստատվել Տիգրանակերտում։ Այստեղ նա ընտանիք է կազմել, երեխա ունեցել։ Զբաղվում էր հողագործությամբ։ Նա իրեն արցախցի է համարում։

44-օրյա պատերազմից հետո, երբ Տիգրանակերտն անցավ թշնամու վերահսկողության տակ, Սիլվան աղջկա հետ տեղափոխվեց Ստեփանակերտ, որտեղ Արցախի կառավարության կողմից նրան տրամադրվեց բնակելի տուն։ Մինչև 2023-ի սեպտեմբերն աշխատում էր պտուղ-բանջարեղենի խանութում։

«Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտում արդեն ադրբեջանցիներ կային։ Հասկացա, որ պետք է հեռանամ։ Այդ օրը լվացք արեցի, վերջին անգամ իմ տունը մաքրեցի և, միայն մի քանի հագուստ ու նոր թխած հաց վերցնելով՝ գնացի հրապարակ։ Այնտեղ հավաքվել էին մարդիկ, որոնք սեփական մեքենաներ չունեին և սպասում էին վերջին ավտոբուսներին։

Հրապարակում խուճապային իրավիճակ էր, շատերն արդեն ուտելու բան չունեին։ Ես նրանց իմ թխած հացը հյուրասիրեցի։ Ուրախանում էի, որ կարող եմ օգտակար լինել հեռու գյուղերից եկած մարդկանց։

Խանութների դռները բաց էին։ Բոլորի հետ՝ ես էլ մտա ու վերցրի մեկ վարագույր, պատի ժամացույց և էլեկտրական թեյնիկ, որոնք օգտագործում եմ այստեղ»։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031