ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբից դիմեց անձամբ Նիկոլ Փաշինյանին:
«Ինքը արձակուրդում է: Ես չգիտեմ ինքը տեղյակ է, թե չէ, բայց ոնց որ մենք արդեն նոր վարչապետ ունենք: Ու չգիտեմ՝ իրեն այդ մասին ասե՞լ են, թե՞ չէ: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը հեռախոս եւ ինտերնետ ունի, կարող է մտնել ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջ: Որ մտնի, մեր վարչապետացուին կտեսնի: Արգիշտի Քյարամյան: Ինքը լրիվ դերի մեջ է: Եվ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, գեներալի կոչում եւ համազգեստ ունի: Բայց միանգամայն վարչապետի այցելություն է իրականացրել Գեղարքունիքի մարզ:
Քննչական կոմիտեի ղեկավարը մարզային այցելությունների ինչի՞ է գնում: Ինքն այնտեղ ունի մի ստորաբաժանում, որտեղ կա շատ-շատ 10-12 աշխատող: Բայց իրեն դիմավորել է մարզպետը, մի մարդ, որը ՀՀԿ Կոտայքի մարզային կազմակերպության նախկին նախագահն էր, որը մարզպետարանում էր աշխատում:
Կարդացեք նաև
Այնտեղ նրան ընդունել է նաեւ Գեղարքունիքի թեմի հոգեւոր առաջնորդը, որն Արգիշտի Քյարամյանի առաջ այնպես է խոնարհվել, որ լավ է՝ չի ընկել գետնին: Հարց այդ հոգեւորականին. դու Արգիշտի Քյարամյանին ընդունում ես որպես ի՞նչ, քննչական կոմիտեի ղեկավարը քո հետ ի՞նչ կապ ունի, եթե դու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Գեղարքունիքի թեմի առաջնորդն ես: Այն եկեղեցու, որի վանքերն ու տաճարները նրա մեղքով գտնվում են Ադրբեջանում: Բա լավ, դու չէի՞ր հարցնում. Արգիշտի ջան, դու ինչի՞ էիր գնացել Արցախ: Գնացել էիր պաշտպանելու չէ՞: Հիմա կլինի՞ ես ու դու միասին գնանք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցի, գնանք Շուշիի Ղազանչեցոց վանք՝ աղոթք անենք, քեզ օրհնեմ: Եկել ես Գեղարքունիքի մարզ, չէ՞, արի գնանք Շորժա: Մինչեւ քո ԱԱԾ տնօրեն, քննչականի ղեկավար լինելը, մենք կարողանում էինք գնալ Շորժա: Կարելի՞ է հիմա էլ իրար հետ գնանք այնտեղ»,-ասաց պարոն Ղազարյանը ու նկարագրեց ՔԿ պետի՝ վարչապետ դառնալու տարբերակներից մեկը: «Բոլոր քննչական մարմինները, որոնք նախկինում առանձին էին, բերել, միացրել է քննչական կոմիտեին: ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը նման ստորաբաժանումներ չունեն: Հիմա էլ խոսակցություններ կան նրա եւ դատախազի լարված հարաբերությունների մասին: Այսինքն, ամբողջ ուժային բլոկը փաստացի վերցնում է իր վերահսկողության ներքո:
Միայն տեսեք, թե նրան ինչ կարգի ընդունելություն է կազմակերպվում: Գնում է մարզային այցելության, որտեղ տարազով երեխաներ են կանգնած ու ինքը պետք է նրանց միջով անցնի: Դա նշանակում է, որ ինչ-որ մեկը դա կազմակերպել է, չէ՞, այն էլ արձակուրդի շրջանում, երբ այդ երեխաները պետք է ճամբարներում, իրենց տատիկների տանը լինեին: Լրատվությանը նայեք. Արգիշտի Քյարամյանը ծաղիկներ է դրել զոհվածների շիրիմին, այցելել է նկարների ցուցահանդես…:
Երեւան քաղաքի վարչության համար էլեկտրամոբիլներ են գնել, որոնց հանձնման արարողությունը տեղի է ունենում Գեղարքունիքի մարզում: Այսինքն, Երեւանի վարչության համար գնված մեքենաները քշել, հասցրել են Գեղարքունիք, որպեսզի այնտեղ հանձնեն Երեւանի վարչությանը, որպեսզի հետո քշեն, բերեն Երեւան: Եվ ինչի համա՞ր: Որպեսզի լուսանկարները շատանան, որպեսզի այցելության նշանակությունը մեծանա: Գեղարքունիքի մարզն էլ, որ նայում ես, առավոտից երեկո կրիմինալը չի պակասում: Այսինքն, ուժային կառույցները լավ չեն աշխատում»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Բանախոսը Նիկոլ Փաշինյանին նաեւ խորհուրդ տվեց մտնել քննչականի կայք եւ համեմատել իր այցելությունը Արմավիրի մարզ եւ Արգիշտի Քյարամյանի այցելությունը Գեղարքունիքի մարզ: «Ու տես, թե որ մեկն է կազմակերպված ամենաբարձր մակարդակով: Տես՝ մի դպրոցի զուգարան մտե՞լ է, մի սրբազան քեզ ընդունե՞լ է: Նայիր, տես, թե վարչապետը ոնց է լինում»,- ասաց Էդգար Ղազարյանը եւ հուշեց նաեւ՝ բացել քննչականի մասին օրենքը, ըստ որի նա նաեւ իրեն ձերբակալելու իրավասություն ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արգիշտի Քյարամյանի լուսանկարները՝ ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից