Լրահոս
Օրվա լրահոսը

Բանանցի հայաթափումը մի դրվագն է ընդամենը այն հրեշավոր իրականության, որում ստիպված են եղել գոյատևել գարդմանահայության ներկայացուցիչները. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Հուլիս 29,2024 17:16

1989 թ․ հուլիսի 27-ին հայկական Գարդմանի Բանանց գյուղն ամբողջապես հայաթափվեց։ Հայկականության պատմական հարուստ ավանդներ ունեցող գյուղը, պատմության ընթացքում քանիցս դիմակայելով թշնամական հարձակումների, ունենալով բացառապես հայկական բնակչություն, կարողացել էր պահպանել իր էթնիկ ավանդները։

Բանանցում հայ բնակչությունը XIX դարի սկզբից միայն աճել է, այնտեղ XIX դարի վերջին գործել է մեծ հեղինակություն վայելով ծխական-եկեղեցական դպրոց, որն ունեցել է հսկայական գրադարան 750 անուն գիրք հավաքածույով։ Բանանցում գործել են հնագույն Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին՝ ներսից և դրսից ագուցված մեծաթիվ խաչքարերով և տապանքարերով։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են պահվել 13 գրչագիր Ավետարաններ, որոնցից ամենահայտնին Բանանցի կամ Վեհամոր («Ծեր») ավերատարանն է, որը ընդօրինակվել է դեռևս VII դարում։ Դեռևս 5-րդ դարում հիմնադրվել է Բանանցի Թարգմանչաց անապատի վանքը։

Նման հայկական հոգևոր-ազգային մեծարժեք ժառանգություն ունեցող հայկականության կենտրոնը 1918-1920 թթ․, ինչպես ամբողջ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, ապա նաև Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվեց խոշոր գոյութենական փորձության՝ մուսավաթական իշխանության ծայրահեղ հակահայկականությանը։ Թեև 1920 թ․ երկրամասում հաստատվեցին խորհրդային կարգեր, սակայն խորհրդային «ժողովուրդների եղբայրության» դեկլարացիան ի զորու չեղավ խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում ապահովել դրա կիրառականությունը՝ շնորհիվ «խորհրդային մուսավաթականների» ազգայնական քաղաքականության։ Ասվածի վառ վկայությունն է 1969 թ. հուլիսի 26-ի գիշերը Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «Արծիվ» աղբյուր-հուշարձանի ոչնչացման փաստը։ Սա ընդամենը մեկ դրվագն է այն ծավալուն հակահայկականության, որ ստիպված են եղել կրել պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությունը։

1988 թ․ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության համար սկսված պայքարը հակադարձվեց բռնությունների, ջարդերի, կոտորածների, բռնի տեղահանումների մի ամբողջ շարքով՝ ի դեմս 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1991 թ․ Գետաշենի, 1992 թ․ Մարաղայի և հայկական ու հայաբնակ շրջանների ջարդերի։

Արդեն 35 տարի է, ինչ պատմական հայկական Գարդման աշխարհի Բանանց բնակավայրը հայաթափված է՝ բնակեցված ադրբեջանցիներով։ Արդեն 35 տարի է, ինչ Բանանցի հայկական մշակութային միջավայրը լքված է, ոչնչացված կամ ոչնչացման եզրին։ Բանանցի հայաթափումը միջազգային մի շարք իրավական նորմերի, կոնվենցիաների, բանաձևերի և այլ իրավարար հիմնարար սկզբունքներ խախտման, ոտնահարման ամբողջություն է, որը արդեն 35 տարի է, ինչ չի ստացել իրավական և քաղաքական գնահատական։ Բանանցի հայությունը ցավոք հայ փախստականության միակ համախումբը չէ, որի իրավունքները շարունակում են մնալ ամբողջությամբ ոտնահարված։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից, Նախիջևանից բռնի տեղահանված հայությունը շարունակում է բախվել ադրբեջանական ժխտողականությանը՝ ի դեմս ալիևյան վարչակազմի ծայրահեղ ռասիզմի, որը հանգեցրեց նաև Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ ադրբեջանական ռասիստական քաղաքականության, որի տրամաբանական շարունակությունը ավելի քան երեսնամյա ժխտողականությունն է։ Բանանցի հայաթափումը մի դրվագն է ընդամենը այն հրեշավոր իրականության, որում ստիպված են եղել գոյատևել գարդմանահայության ներկայացուցիչները՝ որպես հայկականության օրգանական և անօտարելի բաղադրիչներ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը տոկունության կոչ է անում Բանանցի և ողջ Գարդմանի հայությանը՝ համախմբվելու մեր ոտնահարված իրավունքների վերականգնման կարևորագույն գաղափարի շուրջ։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031