Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիթչ»-ը 2024թ. ակնկալում է, որ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 4.5%

Հուլիս 29,2024 17:10

2024թ. հուլիսի 26-ին «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ կայուն հեռանկարով:

Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի ու կառավարման ՝ համեմատվող երկրների հետ համադրելի ցուցանիշները, տնտեսական աճի կայուն հեռանկարները, երկրի ամուր մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը:

Գործակալության գնահատմամբ` տնտեսական աճի վրա շարունակում են դրական ազդեցություն ունենալ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, այժմ նաև` Լեռնային Ղարաբաղից միգրացիան: Ակնկալվում է, որ տուրիզմի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտները կլինեն աճի կարևոր շարժիչ ուժերը: Արտահանման և աճի վրա բարենպաստ ազդեցություն կունենա նաև 2025 թվականից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը: Այսպես, գործակալությունը 2024-2026թթ. համար ակնկալում է համապատասխանաբար 6%, 5.5% և 5.1% տնտեսական աճ:

Գործակալությունն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման, պաշտպանական ու կապիտալ ծրագրերի ուղղությամբ ծախսերի աճին, ինչի արդյունքներով «Ֆիթչ»-ը 2024թ. ակնկալում է, որ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 4.5%: Ըստ գործակալության կանխատեսումների` վերոնշյալ գործոններին զուգահեռ 2025թ. առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը կհանգեցնի հավելյալ ծախսային ճնշումների, որի հետևանքով բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը կաճի մինչև 5.4%: 2026թ. համար գործակալությունը, սակայն, ակնկալում է ՀՆԱ-ի նկատմամբ պակասուրդի 4.2% մակարդակ՝ պայմանավորված փախստականների հետ կապված ծախսերի նվազմամբ ու հարկային բարեփոխումների արդյունքում բյուջեի եկամուտների ավելացմամբ:

Գործակալությունը 2024թ. ավարտին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսում է 48.7% և դրա կայունացում 50.5%-ի շրջակայքում 2026թ., ինչը ցածր է համադրելի երկրների 55.2% միջինից:

Գործակալությունն անդրադարձել է նաև աշխարհաքաղաքական առկա ռիսկերին, բանկային համակարգի դոլարիզացիային, արտաքին ֆինանսներին ու գնաճին:

Զեկույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031