Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Կարճաժամկետ լուծում չի կարող լինել միայն դաստիարակին պատժելը»․ բռնության ենթարկված երեխաների մայր

Հուլիս 29,2024 15:55

«Կարող եմ ասել, որ ինձ համար կարճաժամկետ լուծում չի կարող լինել միայն դաստիարակին պատժելը»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց 2020-ին մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի մայր Վիկտորյա Ռստակյանը՝ անդրադառնալով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում տեղի ունեցած բռնությանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում երեխային։ Ըստ ՆԳՆ ոստիկանության կատարած ուսումնասիրության՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ առերևույթ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վեդու քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել․ դաստիարակին ձերբակալելու որոշում է կայացվել։ Սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը շարունակում է գտնվել արգելանքի տակ: Ներկայացվել է անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու մեղադրանք։

 

Վիկտորյա Ռստակյանը պատմեց՝ որ իր երեխաների հետ բռնության դեպքը տեղի էր ունեցել «Մեր բակ» մասնավոր մանկապարտեզում։ Նա մանրամասնեց․ «Զույգ բալիկներ ունեմ։ Երկուսուկես տարեկանում երեք օր մանկապարտեզ հաճախելուց հետո պատմում էին, որ իրենց ծեծում են։ Երեխաներից մեկը պատմում էր, որ մյուսին էր ծեծում դաստիարակը, դաստիարակն ասել էր՝ չասես, որ քեզ ծեծել եմ, բայց չէր ասել, որ չասես, որ քույրիկիդ եմ ծեծել։ Նրանք էլ եկել, պատմել էին։ Ես կապվեցի իրենց հետ, տնօրենը ժխտեց, դաստիարակը՝ ևս։ Փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում։ Պարզվեց, որ երեխաները ճիշտ էին ասում»։

Վիկտորյա Ռստակյանն ասաց, որ մեկ տարի տևեց նախաքննությունը, և երեք տարի դատական գործընթաց է ընթանում․ «Նոր-նոր վերջը երևում է։ Երեք տարվա ընթացքում հազիվ կարողացել ենք վկաներին հավաքել իրար գլուխ, որ վկայություն տան։ Մանկապարտեզի տնօրենին կես տարի հնարավոր չէր լինում բերել դատարան, որ վկայություն տա։ Հստակ է, որ նա նոր մանկապարտեզ է բացել։ Մենք ծնողներով ենք գտել տվյալներ, փոխանցել, որ հունիսի 21-ին վկայություն է տվել։ Կարծես վկաներն ավարտեցին, մի քանի ամիս հետո միգուցե արդեն վճիռը կայացվի»։

Վիկտորյա Ռստակյանն ասաց, որ ներքևի օղակից սկսելու դեպքում խնդիրն իրականում չի լուծվի․ «Պետք է մանկապարտեզի տնօրենն իմանա, որ եթե իր մանկապարտեզում նման դեպք է գրանցվում, ինքն առաջինն է պատժվելու, ինքն էլ է թիրախավորվելու, ինչու չէ՝ նաև վերահսկող կառույցը։ Հիմա իմ երեխաները պետական մանկապարտեզ են գնում․ լսում եմ՝ ստուգողներ են գալիս։ Հենց վերահսկող կառույցն էլ պետք է իր ազդեցությունն ունենա։ Եթե երկու օղակն էլ վերևից իր չափաբաժնով մեղքն ունենա, միգուցե արդյունքն ավելի տեսանելի լինի։ Եթե լինում է նման դեպք, ու տնօրենը չի հեռանում պաշտոնից, ուրեմն նա տեղյակ է։ Տնօրենն ունի բոլոր իրավասությունները տեղյակ լինելու, թե խմբասենյակներում ինչ է կատարվում։ Իմ երեխաները գնում են պետական մանկապարտեզ և մեծ հաճույքով հաճախում են։ Դա գալիս է տնօրենից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031