Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ծրագրում է մշտական ​​դիվանագիտական ​​ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Արարատ Միրզոյան

Հուլիս 29,2024 16:02

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցությամբ։ Վերջինս կայացել է Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։

Նախարար Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախարարին հրավերի համար, որն առաջինն է իր ձևաչափով։ Արարատ Միրզոյանն ընդգծել է. «Կիպրոսի հետ մենք վայելում ենք գերազանց հարաբերություններ և կարող ենք առանց կասկածի արձանագրել, որ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում արդեն հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի։ Արտասովոր է համագործակցության դինամիկան և միմյանց դիրքորոշումների խորը ըմբռնումը։ Իմ գործընկեր նախարար Կոմբոսի հետ մենք պայմանավորվել ենք լրացուցիչ խթանել համագործակցությունը, և Հայաստանը ծրագրում է մշտական ​​դիվանագիտական ​​ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում։ Կարծում եմ, որ դա նոր հնարավորություններ կտա շարունակել համադրել ջանքերը և ընդլայնել համագործակցության շրջանակները»:

Հաջորդիվ նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, ժողովրդավարական բարեփոխումները, միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Արարատ Միրզոյանը մատնանշել է նաև առկա մարտահրավերները, որոնք կրում են նաև տարածաշրջանային բնույթ։ Անդրադարձ է կատարվել նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացման ուղղությամբ գործադրվող ջանքերին և կնքման կարևորությանը։ Ներկաների ուշադրությանն է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման միջոցով ընձեռնվելիք հնարավորություններին։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգին, վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին ու հեռանկարներին։

Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Կիպրոսի փոխգործակցության հարցերի շուրջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031