Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայ-թուրքական սահմանի բացման հարցում ընդառաջ վազելու կարիք չկա, դրանում պետք է շահագրգիռ լինի Թուրքիան, ինքն է առավելագույնս օգտվելու»

Հուլիս 29,2024 15:46

«Առավոտի» հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանն անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ է հավանական հայ-թուրքական սահմանի բացումը։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն այցելել է Մարգարայի անցակետ։ 

«Հավանաբար հայ-թուրքական սահմանը կբացվի, վերջին շրջանում այդ մասին շատ են խոսում, Էրդողանն էլ վերջին շրջանում թթու ու կծու խոսք չի ասում Հայաստանի մասին։ Դրա պատճառն ամերիկյան կողմի բարերար ազդեցությունն է։ Միանգամայն հնարավոր է սահմանի բացումը, ինչո՞ւ ոչ։ Կարող է ոմանք դեմ էլ լինեն, բայց հարեւան երկրի հետ վաղ թե ուշ սահմանը պիտի բացվի, անբնական երեւույթ է, երբ անմիջական հարեւանների միջեւ փակ սահմաններ կան։ Սկսած 1993 թվականից՝ Թուրքիան սահմանը միակողմանիորեն փակել էր՝ երրորդ երկրի, այսինքն՝ Ադրբեջանի հորդորով։ Դա ըստ միջազգային հարաբերությունների նորմերի՝ թշնամանքի ակնհայտ դրսեւորում է»,- մեզ հետ զրույցում ասաց Չաքրյանը։

Հակոբ Չաքրյան

Դեռ նախորդ տարվանից հայտարարվում է, որ աշխատանք է տարվում հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հարցին՝ եթե սահմանը բացվի, երրորդ երկրների քաղաքացիների համա՞ր է բացվելու, Հակոբ Չաքրյանը պատասխանեց․ «Երրորդ երկրների համար սահմանը բացելը դեռ չի նշանակում Հայաստան պետության առաջ սահմանները բացել։ Դա կարելի է համարել անցած էտապ, որովհետեւ լրիվ խայտառակություն էր։ Թուրքիայի հետ սկսում ես հարաբերությունների նորմալացման գործընթաց եւ սահմանը բացում ես երրորդ երկրների քաղաքացիների համա՞ր։ Ովքե՞ր էին այդ երրորդ երկրների քաղաքացիները, ռուսնե՞րը։ Ես չեմ կարծում, որ հիմա այդ հարցը կբարձրացվի, որովհետեւ դա նույնպես նախապայմանի ձեւ է։ Այսօր սահմանների բացման մասին է խոսքը, մեր կողմից բաց է, մենք խնդիր չունենք, իրենք պետք է բացեն»։

Մեր դիտարկմանը, որ Թուրքիան մշտապես նախապայմաններ է առաջ քաշել, արդյոք հիմա կհրաժարվի՞ նախապայմաններից, հնարավո՞ր Հայաստանին նոր զիջումներ պարտադրվեն սահմանը բացելու խոստումների դիմաց, թուրքագետը պատասխանեց․ «Համենայնդեպս Հայաստանի վարչապետը չպետք է թույլ տա, որ նախապայմաններ առաջադրեն։ Գուցե զուսպ կլինեն, այլեւս «Զանգեզուրի միջանցքի» հարց չեն բարձրացնի։ Եթե որեւէ այլ նախապայմաններ առաջադրեն, պետք է հակաճառել, չի կարելի անել այն, ինչ ասում են»։

Հակոբ Չաքրյանի խոսքով՝ պետք է ընդունել, որ սահմանի բացումն առաջին հերթին Թուրքիային է օգուտ բերելու, երկրորդը՝ Ադրբեջանին։ «Այսինքն՝ Թուրքիան Հայաստանի տարածքով ամենակարճ ճանապարհով հասնելու է Ադրբեջան, այնտեղից էլ Միջին Ասիա՝ թյուրքալեզու հանրապետություններ է ներթափանցելու։ Դա վաղեմի ծրագիր է, եւ սահմանը բացելու դեպքում այդ հնարավորությունն է ստանալու Թուրքիան։ Այսինքն՝ սահմանների բացմամբ պետք է շահագրգիռ լինի Թուրքիան, ոչ թե մենք, որովհետեւ ինքը պետք է առավելագույնս օգտվի։ Ընդառաջ վազելու կարիք ընդհանրապես չկա։ Ազգային արժանապատվության հարցում բոլոր պետություններն իրավահավասար են, անկախ նրանից՝ գերհզոր երկիր է, թե փոքր Հայաստանը։ Դա չպետք է մոռանալ»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031