Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաներին երբեք չենք լսում․ սեռական բռնության պարագայում ո′չ ծնողները, ո′չ ուսուցիչները չեն վստահում երեխային․ ասում են՝ կինո է տեսել երևի»․ Զարուհի Հովհաննիսյան

Հուլիս 29,2024 15:12

«Ոստիկանները շարունակում են շարժվել անընդունելի ասացվածքներով՝ հայրական ապտակ և այլն, շարունակում են ասել, թե երեխա է, պետք է ուժեղ դաստիարակես։ Ոստիկաններն այսպիսի արդարացումներ են դնում, բայց չեն դիտարկում, որ երեխան այն խոցելի խումբն է, որն անընդհատ մեծահասակներից պաշտպանություն է հայցում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում երեխային։ Ըստ ՆԳՆ ոստիկանության կատարած ուսումնասիրության՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ առերևույթ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վեդու քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել․ դաստիարակին ձերբակալելու որոշում է կայացվել։

Զարուհի Հովհաննիսյանը ահազանգեց՝ երբ երեխայի և մեծահասակի միջև վստահությունը խաթարվում է, նրա՝ աշխարհի վերաբերյալ պատկերացումն ամբողջովին խաթարվում է․ ունենում ենք տրավմատիկ անձ․ «Այդ երեխաները համարելու են, որ բռնությունը նորմալ երևույթ է, ինքը պետք է լինի ուժեղ, ուրիշին բռնության ենթարկի կամ գիտակցում է, որ թույլ է, և հավերժ բռնության պետք է ենթարկվի։ Կարևոր է, որ ծնողները ևս ուշադիր լինեն։ Ի՞նչ է նշանակում՝ չեն բողոքում ծնողները։ Ծնողը երեխայի առաջին պաշտպանն է։ Եթե վաղը երեխան սեռական բռնության դեպքի հանդիպի, արդեն նախադեպը, որ ծնողը չի արձագանքել ֆիզիկական բռնության պարագայում, երեխային կհուշի, որ նա չվստահի մեծահասակին»։

Ըստ իրավապաշտպանի՝ Փոքր Վեդիում կատարվածը եզակի օրինակ չէ․ «Հաճախ ենք լսում մանկապարտեզներում բռնությունների կիրառման մասին։ Ծնողը հաճախ անտեսում է երեխայի վարքային խնդիրները, ասում է՝ հասարակություն է մտել, բնական է։ Ցանկացած դեպքում բռնությունն անթույլատրելի է։ Մենք հիմա ունենք փաստացի մի դրվագ, որտեղ իրավապահ համակարգն է արձագանքում, ոչ թե ներքին մեխանիզմները, որոնք առաջնային օղակներն են և առաջնագծում են գտնվում երեխայի և տվյալ կրթական հաստատության միջև։ Առաջնային օղակները պետք է պարզ շրջայցեր կատարեն, կարողանան վերհանել խնդիրը, լսել երեխաներին։ Մենք երեխաներին երբեք չենք լսում․ նրանց՝ լսված լինելու իրավունքը մենք համատարած խախտում ենք թե′ դպրոցներում, թե′ մանկապարտեզներում։ Երբ երեխան հանկարծ բարձրաձայնում է, մենք չենք վստահում իրեն, ասում ենք՝ դա իր երևակայությունն է։ Սեռական բռնության պարագայում ո′չ ծնողները, ո′չ ուսուցիչները չեն վստահում երեխային․ ասում են՝ կինո է տեսել երևի։ Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է հենց այդ երեխան բարձրաձայնում, չէ՞ որ մյուսներն էլ են կինո, մուլտֆիլմեր նայում։

Մենք այս դեպքով ցույց տվեցինք, որ պետություն գոյություն ունի, բայց պետությունը միայն իրավապահ համակարգը, չէ, որ պատժեց, փակեց, ու վերջացավ։ Պետությունն ինստիտուտներն են։ Եթե չենք ապահովում երեխայի՝ լսված լինելու իրավունքը, մշտադիտարկումներ չեն արվում, խնդիրները վեր չեն հանվում, մենք անընդհատ ունենալու ենք այս դեպքերը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031