Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինչո՞վ է «Շիրակը» պակաս Քութայիսի օդանավակայանից, որ էժան չվերթներ չեն կազմակերպվում»․ Վարդան Սրտաշյան

Հուլիս 29,2024 14:58

Aravot.am-ը Գյումրու պատմական կենտրոնում գտնվող ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանից հետաքրքրվեց՝ այս տարի կա՞ն արտերկրից Գյումրի այցելող զբոսաշրջիկներ, թե՞ հիմնականում ներգնա զբոսաշրջությունն է զարգանում։

«Հիմնականում ներգնա տուրիզմն է զարգանում, նախկինում դրսից եկող տուրիստների մեծամասնությունը Ռուսաստանի Դաշնությունից էր։ Գիտեք, հիմա ինչ է տեղի ունենում Ռուսաստանի Դաշնությունում, պատերազմի մեջ է, ու մարդիկ առօրյա իրենց հոգսերով են տարված, տուրիստից վերածվել են գաղթականի, փախստականի։

Ռուսաստանի Դաշնությունից բազմաթիվ չվերթներ են չեղարկվել դեպի Գյումրի, գիտեք, որ Կրասնոդարի երկրամասից անվտանգային առումով ինքնաթիռներ ընդհանրապես չեն թռչում։

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը, որն այս քաղաքի տուրիզմը սնուցող ամենակարևոր կառույցներից մեկն էր, կարելի է ասել՝ շատ թույլ է գործում։ Եվ դա է պատճառներից մեկը, որ տուրիստների հոսքը դեպի Գյումրի հիմնականում Երևանից է։

Եթե կարողանային մեր օդանավակայանից ցածր գներով չվերթներ կազմակերպել Ռուսաստանի տարբեր քաղաքներ, եվրոպական երկրներ, իրավիճակը լրիվ այլ կլիներ։

Օրինակ՝Վրաստանի Քութայիս քաղաքի օդանավակայանից շատ էժան գներով՝ 50, 60, 80 դոլարով, չվերթներ են կազմակերպված դեպի եվրոպական քաղաքներ։

Պատկերացրեք զբոսաշրջային ինչպիսի հնարավորություն է ստեղծում նմանատիպ օդանավակայանը Վրաստանում, ինչո՞ւ մենք չենք կարող նույնն անել Գյումրիում։

Անհատներից պահանջել զբոսաշրջությունը զարգացնել, դա անհնար է, ես ձեզ վստահեցնում եմ, որ Գյումրիում առաջարկը պահանջարկից վաղուց առաջ է ընկել․ գյումրեցիները փոքր հնարավորության դեպքում բացում են բազմաթիվ ռեստորաններ, հյուրանոցներ։ Բավական առաջընթաց կա Գյումրիի սպասարկման ոլորտում, ճիշտ է՝ ոմանք դժգոհում են, թե գները մի քիչ բարձրացել են, բայց սպասարկման որակը, այդ օբյեկտների վրա ծախսվող գումարները բավական մեծ են, հետևաբար և պետության խնդիրն է բացը լրացնել և պահանջարկն ավելացնել առաջարկի ֆոնին»,-ասում է Վարդան Սրտաշյանը։

Նշենք, որ նա զբոսաշրջությունը խթանելու նպատակով կառավարությանն առաջարկում է Գյումրի տեղափոխել մշակութային-սպորտային-կրթական կարևոր միջոցառումները, սակայն դրանք կազմակերպել նաև ձմռան ամիսներին, երբ ռեստորանների ու հյուրանոցների տերերի համար ծանր շրջան է։

Վարդան Սրտաշյանը միաժամանակ առաջարկում է պետական բյուջե մտնող հարկային շահութահարկից որոշ գումար փոխանցել համայնքային բյուջե։ Այս դեպքում, նրա համոզմամբ, ՏԻՄ մարմինները շահագրգիռ կլինեն տարբեր նախաձեռնությունների միջոցով նպաստել զբոսաշրջության զարգացմանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031