Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցներում անսահման շատ տարածված են նաև բուլինգի դեպքերը»․ Ժաննա Հակոբյան

Հուլիս 29,2024 14:23

«Մենք դեռևս շատ անելիքներ ունենք պետության տեսանկյունից այս հարցը հստակ հասցեավորելու և կարգավորումներ կատարելու առնչությամբ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը՝ անդրադառնալով երեխաների նկատմամբ բռնություններին։

Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում երեխային։ Ըստ ՆԳՆ ոստիկանության կատարած ուսումնասիրության՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ առերևույթ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վեդու քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել․ դաստիարակին ձերբակալելու որոշում է կայացվել։

Ժաննա Հակոբյանն ասաց՝ երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերով արձանագրված խնդիրները բազմաթիվ են․ «Դրանք վերաբերում են ինչպես դրանց բացահայտմանը, այնպես էլ կանխարգելմանը։ Կան համագործակցության բացակայության հետ կապված խնդիրներ, օրենսդրական բացեր։ Ֆիզիկական, հոգեբանական բռնությունից բացի՝ դպրոցներում անսահման շատ տարածված են նաև բուլինգի դեպքերը։ Ունենք նաև դրանց բացահայտման և արձանագրման խնդիրներ»։

Ժաննա Հակոբյանն ասաց, որ օրենսդրական կարգավորման արդյունքում այս տարի ընդունվել է հրաման, որի շրջանակներում նշված են այն գերատեսչությունները, որոնք պարտավոր են համագործակցել միմյանց հետ և արձանագրել խնդիրը, նշված են նաև համագործակցության ուղիները։

Նա նաև հայտնեց, որ մշակվել է ուղեցույց, թե դպրոցներում ինչպես պետք է բացահայտեն բուլինգի դեպքերը և արձագանքեն դրանց․ «Մեր մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ շատ դպրոցներ տեղյակ չեն այս կարգի մասին, որ պետք է հատուկ առանձնացված մասնագետ ունենան։ Ունենք նաև իրազեկվածության պակասը։ Մեխանիզմը, որը ներդրված է, որ պետք է արձանագրի բռնությունը, դեռ հստակորեն չի կիրառվում»։

Անդրադառնալով կոնկրետ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում տեղի ունեցած բռնության դեպքին՝ Ժաննա Հակոբյանը շեշտեց․ «Ֆիզիկական բռնությունը որևէ կոնվենցիայի տեսանկյունից կիրառելի և թույլատրելի չէ ցանկացած պարագայում։ Ֆիզիկական պատժի կիրառումը ցանկացած կոնվենցիայով արգելվում է։ Նոր օրենսդրական փաթեթը հստակ սահմանում է նաև ֆիզիկական պատիժ կիրառելու արգելքը»։

Հարցին՝ որքանո՞վ է նպատակահարմար խմբասենյակներում տեսախցիկների տեղադրումը, ժաննա Հակոբյանը պատասխանեց․ «Այս տեսանկյունից պետք է հարգել երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը։ Պետք է ներդնել մեխանիզմեր, որոնք չեն վնասի երեխային այս տեսանկյունից։ Ինքնին տեսանյութի տարածումը կարող է երեխայի անձնական տվյալների խախտմանը հանգեցնել։ Եթե տեղադրվում են տեսախցիկներ, ապա պետք է հասկանալ՝ որտեղ, ինչ ձևով, որ երեխայի մյուս իրավունքները չխախտվեն։ Պետք է զգույշ լինել նաև հրապարակումներում»։

Հարցին՝ ինչո՞ւ է երկու ամիս հետո երեխայի բռնության տեսանյութը հրապարակվել, արդյոք երեխայի ծնողը երկու ամիս առա՞ջ է տեղյակ եղել դեպքին, թե տեսանյութից է տեղեկացել, Ժաննա Հակոբյանը պատասխանեց․ «Մենք ստանում ենք դիմումներ, նաև մոնիտորինգի արդյունքում ենք բացահայտում այս բնույթի դեպքերը։ Հանգամանքներն ենք մանրամասն ուսումնասիրում։ Շատ մանրամասներ, որոնք ուսումնասիրության ընթացքում պարզ են դարձել, այս պահին չեմ կարող հայտնել։ Հստակ թիրախները և աշխատանքը իրականացվել է, գրություններով հասցեագրվել են գերատեսչությունները, խոսել ենք պետական իրավասու մարմինների հետ։ Այդ աշխատանքը շարունակական է։ Շատ դեպքերում հենց երեխաներից ենք ստանում այն բոլոր բռնության դեպքերը, որոնք կան»»։

Ժաննա Հակոբյանը նաև նշեց, որ Փոքր Վեդու մանկապարտեզում ՄԻՊ-ը մշտադիտարկում մինչև այս չի կատարել։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈւՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031