Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից տեղահանվածները վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք կունենան. Ռուզան Մարտիրոսյան

Հուլիս 29,2024 12:34

Ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Թեմայի վերաբերյալ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը նշեց. «Կառավարության նիստում կառավարության որոշման փոփոխություն է իրականացվել, որն ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ից:

Այսուհետ նույն պահանջներին բավարարելու դեպքում՝ շահառու կարող են լինել նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Նախկինում շահառուների խմբերից մեկում 20-36 տարեկան երկու տարի եւ ավել անպտղություն ունեցող կանայք էին: Նոր կարգավորմամբ շահառուների շրջանակն ընդլայնվում է. շահառու կարող են դառնալ 2 տարի եւ ավել անպտղության ախտորոշում ունեցող անզավակ 20-40 տարեկան կանայք» :

Ռուզան Մարտիրոսյանի խոսքով՝ «40 տարեկանում ծրագրի շահառու լինելու դեպքում նրանք պահպանում են իրենց՝ շահառուի կարգավիճակը մինչեւ 42 տարեկան դառնալը»:

Շահառուների մյուս խումբը երկրորդային անպտղություն ունեցող, 1 երեխա ունեցող, 20-36 տարեկան սահմանամերձ բնակավայրերի ամուսնական զույգերն են: Նոր փոփոխությամբ՝ հանվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչ լինելու պայմանը, եւ արդեն կարող են շահառու լինել 20-36 տարեկան երկու եւ ավելի տարի երկրորդային անպտղություն ունեցող կանայք:

«Ինչպես արդեն նշեցի, շահառուների բոլոր խմբերի մեջ ընդգրկվելու են նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները»,-ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետը: Նա հավելեց, որ վերջին երկու տարում սա արդեն երրորդ փոփոխությունն է կառավարության համապատասխան որոշման մեջ, ինչը նպաստել է շահառուների աննախադեպ աճին:

«Եթե 2022-ին եղել է ծրագրի 842 շահառու, ապա 2023թ ընթացքում՝ 5441: Բնականաբար, այս ընդլայնման արդյունքում կունենանք ավելի շատ շահառուներ՝ նոր կարգավորմամբ»,- տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետը:

Ինչ վերաբերվում է ծնված բալիկներին՝ հայտնեց, որ 2024թ հունվար-հուլիս ամիսներին ավելի շատ երեխաներ են ծնվել՝ 271, դա ավելին է, քան ամբողջ 2023թ. ընթացքում ծնված 159 երեխաների թիվը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031