Լրահոս
Օրվա լրահոսը

««Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո Վրաստանն առանց Արևմուտքի ռազմական օգնությա՞ն է մնում». JAMnews

Հուլիս 29,2024 12:04

JAMnews. Այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, Վրաստանի արևմտյան գործընկերները կոնկրետ քայլեր ձեռնարկեցին՝ ի պատասխան Վրաստանի կառավարության հակաարևմտյան քաղաքականության և հռետորաբանության։

Նախ՝ Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ մտցրեց Վրաստանի իշխող կուսակցության և կառավարության ներկայացուցիչների համար (պատժամիջոցների տակ հայտնվածների անունները չեն բացահայտվում՝ համաձայն ԱՄՆ օրենսդրության), իսկ հունիսի 27-ին Եվրոպական խորհուրդը կասեցրեց Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։

ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն և ԵՄ անդամ երկրները մեկը մյուսի հետևից դադարեցնում են Վրաստանին ֆինանսական օգնության տրամադրումը։ Դա տարածվեց նաև ռազմական ոլորտում Վրաստանին հատկացվող օգնության վրա, այդ թվում՝ դադարեցվեցին համատեղ զորավարժությունները։

Այս ֆոնին ընդդիմությունն ու անվտանգության փորձագետները խոսում են տագնապալի սպառնալիքների մասին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում ընդունված որոշումներն են՝

  • Հուլիսի 5 — Վաշինգտոնի կողմից անորոշ ժամանակով հետաձգվեցին ամերիկա-վրացական ավանդական համատեղ «Արժանի գործընկեր» զորավարժությունները, որոնք Վրաստանը հյուրընկալում է 2016 թվականից։ Ըստ Պենտագոնի՝ այս քայլը Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման ԱՄՆ քաղաքականության մի մասն է։ Խոսքն այն մասին է, որ սկսած նոր բյուջետային տարվանից, որն Ամերիկայում մեկնարկում է հոկտեմբերին, Վրաստանը կարող է մնալ առանց ամերիկյան ռազմական օգնության և աջակցության։
  • Հուլիսի 9 — Եվրամիությունը սառեցրեց 30 միլիոն եվրոյի չափով օգնությունը, որը հատկացվել էր Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման համար: «Եթե իրավիճակը էլ ավելի վատթարանա, կդիտարկվեն այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորություններ»,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ Նրա պարզաբանմամբ՝ կասեցվել է նաև Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։
  • Հուլիսի 9 — Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թեոնա Ակուբարդիան հայտարարեց, որ Դանիան դադարեցրել է չորս տարվա բազմամիլիոնանոց նախագիծը, որն իրականացվում էր ի աջակցություն Վրաստանում խաղաղությանը և կայունությանը և հանդիսանում էր ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթի մաս:
  • Հուլիսի 10 — Գերմանացի զինվորականները հրաժարվեցին մասնակցել «Արժանի գործընկեր» զորավարժություններին։ «Մենք նաև չեղարկել ենք իրավաբանական մեծ ֆորումը, որը նախորդ տարի անցկացվել էր Թբիլիսիում և այս ամառ պետք է կայանար Բեռլինում»,- ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը։

«Վրաստանը շեղվել է ժողովրդավարության կուրսից»

Այս բոլոր որոշումների պատճառը «Վրացական երազանքի» հակաժողովրդավարական, հակաարևմտյան հռետորաբանությունն է: Իշխող ուժն Արևմուտքին մեղադրում է Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ: Բացի այդ, չնայած բազմաթիվ կոչերին և առաջարկություններին՝ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, ինչը հակասում է Վրաստանի եվրաինտեգրմանը։

«Այս որոշումը կապված է ԱՄՆ-ի և արևմտյան կազմակերպությունների դեմ վրացական կառավարության կեղծ մեղադրանքների հետ այն մասին, թե նրանք ճնշում են գործադրում Վրաստանի վրա Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հարցով, ինչպես նաև հեղաշրջման երկու փորձ են արել: Ուստի ԱՄՆ կառավարությունը որոշել է, որ այժմ հարմար ժամանակ չէ Վրաստանում լայնածավալ զորավարժություններ անցկացնելու համար»,- ասված է հուլիսի 5-ին ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ, որում նշվում է նաև, որ զորավարժությունները պետք է անցկացվեին հուլիսի 25-օգոստոսի 6-ը։

Հուլիսի 9-10-ը Թբիլիսիում հայտարարություններով են հանդես եկել Վրաստանում Եվրամիության և Գերմանիայի դեսպանները, որոնք իրենց մտահոգություններն են հայտնել վրացական իշխանությունների ձեռնարկած քայլերի վերաբերյալ։

«Ես երբեք նման շրջադարձի ականատես չեմ եղել։ Կան որոշ օբյեկտիվ փաստեր, որոնք պետք չէ թվարկել, բայց թափանցիկության մասին օրենքն ակնհայտորեն հակասում է եվրոպական չափանիշներին… Օրենսդրական ակտերն այնքան էլ չեն համապատասխանում մեր գործընկերությանը… Եթե իշխանությունն ընտրի այս անընդունելի հռետորաբանությունը, հարաբերությունները կփոխվեն. . .. Բացի այդ, արդեն իսկ կա հռետորաբանություն: Ինչ-որ կերպ Գերմանիան, Եվրամիությունը, նույնիսկ Միացյալ Նահանգները, որոնք լավագույն ընկերներ էին, ուժեղ աջակիցներ, 30 տարվա շարունակական ֆանտաստիկ գործընկերությունից հետո այժմ ինչ-որ կերպ՝ շատ զարմանալիորեն և հանկարծակի վտանգավոր դարձան: Երբեմն մեզ անվանում են ֆաշիստներ, ահաբեկիչներ, նման հռետորաբանությունը չի նպաստում գործընկերությանը»,- հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը:

Նրա խոսքով՝ Գերմանիան ԱՄՆ-ի հետ միասին զարգացման հարցում Վրաստանի խոշորագույն դոնորներից է, սակայն այժմ գործընթացը վերանայման փուլում է։ Դեսպանն ընդգծում է այն փաստը, որ Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել կասեցնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։

«Մենք որոշել ենք, որ այս պահին Վրաստանի նկատմամբ նոր պարտավորություններ չենք ստանձնելու, հետևաբար Վրաստանի համար Գերմանիայից նոր ֆինանսական հատկացումներ դեռ չկան։ Մենք կվերանայենք նաև ընթացիկ պորտֆելը: Պետք է կրկնել, որ Վրաստան պետությանն ուղարկվել է օգնություն, ես ստույգ թվեր չունեմ, բայց այդ աջակցության մոտավորապես 10-15 տոկոսն այլևս չի ուղարկվում: Գերմանացի զինվորականները չեղարկել են նաև մասնակցությունը «Արժանի գործընկեր» զորավարժություններին, ինչը շատ ցավալի է։ Մենք իրավական ոլորտում համագործակցության երկար պատմություն ունենք։ Չեղարկել ենք իրավաբանական մեծ ֆորումը, որն անցյալ տարի տեղի ունեցավ Թբիլիսիում և այս ամառ պետք է կայանար Բեռլինում»,- ասել է դեսպան Ֆիշերը։

«Անհասկանալի միկրո որոշումներ են». «Վրացական երազանքի» արձագանքը

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին Արևմուտքի պատժամիջոցներն անվանել է «անհասկանալի միկրո որոշումներ»։

Նա ասել է, որ «նման ֆինանսական օգնությունը ծառայել և ծառայում է մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և այն կարողությունների զարգացմանը, որոնցով երկիրը պետք է կարողանա խուսափել սպառնալիքներից։ Այս տեսակի միկրո որոշումները մեզ համար անհասկանալի են, քանի որ անվտանգային մարտահրավերները, այդ թվում՝ օկուպացիան, չեն վերացել»։

Դարչիաշվիլին ասում է, որ Վրաստանը շարունակում է բարեփոխումները և կրկնում է վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանն այժմ ավելի մոտ է ԵՄ անդամակցությանը, քան նախքան «օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունումն էր, թեև և՛ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ն մատնանշել են հենց այդ խնդիրը:

«Վրաստանը հետևողականորեն կատարում է Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունները, ինչը, անշուշտ, մեզ կտանի դեպի մեր հիմնական նպատակը՝ Եվրամիության լիիրավ անդամակցություն։ Եթե ​​բանակցություններ սկսելու դժվարություններ կան, կարող եմ հիշեցնել, որ մենք դժվարություններ ունեցանք նաև թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում, թեև ամեն ինչ արեցինք այն ստանալու համար։ Ես նույնքան լավատես եմ, որ մենք շատ շուտով կսկսենք բանակցությունները։ Բանակցությունները շատ երկար, շատ բարդ գործընթաց են, բայց մենք պատրաստ ենք Վրաստանն անշրջելիորեն առաջնորդել եվրաինտեգրման ճանապարհով»,- ասում է Դարչիաշվիլին։

Ռուսուդան Մաչաիձե

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031