Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ կարևոր է, որ իշխանությունները ամենաբարձր մակարդակով ներկա գտնվեն արարողություններին, որովհետև թե՛ Մյուռոնօրհնեքը և թե՛ Մայր Տաճարի վերաօծումը ոչ թե զուտ եկեղեցական արարողություններ են, այլ ազգային-եկեղեցական են

Հուլիս 29,2024 10:24

2023 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունենալիք Մյուռոնօրհնեքին ընդառաջ՝ օգոստոսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան ու Սուրբ Հովհաննես մատուռ-մկրտարանում տեղի էր ունեցել Ձիթայուղի օրհնության կարգ, սակայն մեկ ամիս չանցած՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից սկսած լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի հանրապետության, որը ուղեկցվում էր Արցախի հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով՝ պատճառ հանդիսացավ, որպեսզի սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) նիստում՝ քննարկվի որոշված ժամանակում Մյուռոնօրհնեքի արարողությունը անցկացնելու հնարավորությունը։ Քննարկումների արդյունքում ԳՀԽ որոշեց հետաձգել Մյուռոնօրհնեքն ու հարակից միջոցառումները՝ հռչակելով հոկտեմբերի 1-ը Արցախի համար համազգային աղոթքի օր։

Սակայն կարո՞ղ էր արդյոք Մյուռոնօրհնեքի արարողությունը որևէ կերպ արգելք հանդիսանալ կամ խոչընդոտել Արցախի համար համազգային աղոթք բարձրացնելուն։ Կարծում եմ, ոչ։ Ավելին, կարող էր ավելի զորավոր լինել, իսկ որ ևս կարևոր է՝ նման որոշումը, ըստ իս, չպետք է բեկանվեր։ Բայց անքննելի ու անմեկնելի են Աստծու գործերը։

2024 թվականի փետրվարի 20-24-ը Մայր Աթոռում կազմակերպված ԳՀԽ ընդլայնված կազմով նիստի ընթացքում որոշում է կայացվել Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները կազմակերպել սեպտեմբերի 28-29-ին՝ Սուրբ Գևորգ զորավարի և Վարագա Սուրբ Խաչի տոներին։ Հուսով լինենք, որ այս անգամ ոչինչ չի խանգարի այդ հրաշալի ու շատ խորհրդավոր արարողությունների պատշաճ կերպով անցկացմանը։

Շատ կարևոր է, որպեսզի իշխանությունները ամենաբարձր մակարդակով ներկա գտնվեն արարողություններին, որովհետև թե՛ Մյուռոնօրհնեքը և թե՛ Մայր Տաճարի վերաօծումը ոչ թե զուտ եկեղեցական արարողություններ են, այլ ազգային-եկեղեցական են։ Ժողովուրդը մեծ խանդավառությամբ ու սիրով մասնակցում է նման արարողություններին։ Անշուշտ, հրավիրված հյուրերի շարքում կլինեն նաև հեռու-մոտիկ երկրների դեսպաններ ու պաշտոնյաներ, ինչպես նաև օտարերկրյա պատվարժան հյուրեր, ում աչքերում իշխանությունների բացակայությամբ կարող է արարողությունների նշանակությունը նվազել, իսկ ավելի նրբանկատների համար կարող է դիտարկվել նաև որպես իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոս-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան լարված հարաբերությունները չպետք է խոչընդոտեն Եկեղեցի-Պետություն՝ սահմանադրությամբ անքակտելիորեն ամրագրված բնականոն հարաբերությունների զարգացմանը, որը պարտադիր է ազգային-հոգևոր նշանակության օրեցօր ավելացող առանցքային հիմնախնդիրների միասնաբար լուծման տեսակետից։

Գենադի Մնացականյան

Ակնհայտ է, որ վարչապետ-կաթողիկոս հարաբերությունների լարվածությանը, ի թիվս այլ երևացող ու աներևույթ հանգամանքների՝ նպաստում է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի հոգևորական լինելու հանգամանքը։ Ինքը շարժումը, թերևս արդեն իշխանությունների համար որևէ վտանգ չի ներկայացնում, սակայն առաջնորդի հոգևորական լինելու փաստը իշխանությունների կողմից խոցելի է դարձնում նաև Վեհափառ հայրապետին, և որոշ չափով այդ նեգատիվը տարածվում է նաև ընդհանուր Եկեղեցու վրա։ Այս խնդրում, կարծում եմ, իշխանություններին հասկանալ կարելի է։ Նկատելի է Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդների սառնությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանդեպ, դա երևում է նաև Բագրատ սրբազանի մարզեր կատարվող այցելությունների ժամանակ՝ նրա կողքը հոգևորականների բացակայությամբ։ Տեսնում ենք նաև, որ «վեհափառը իմ հայրն է» կամ «վեհափառը ինձ ամեն օր է օրհնում» սրբազանի խոսքերը կարծես հեռավոր անցյալից են հնչում։

Սակայն ակներև է նաև, որ լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն, այնուամենայնիվ կա՝ անձնապես Վեհափառի պարագայում, Նորին Սրբությունը կարգադրե՞լ է արդյոք Բագրատ սրբազանին վերադառնալ իր ծառայությանը թե ոչ, որովհետև եթե չի կարգադրել, ապա դա նույնպես իշխանությունների կողմից կարող է որպես շարժմանը աջակցություն դիտարկվել, իսկ եթե կարգադրություն եղել է, սակայն Բագրատ սրբազանը չի հնազանդվել հայրապետական կարգադրությանը, ապա ստեղծվում է մի իրավիճակ, որը կարող է հանգեցնել Բագրատ սրբազանի կարգալուծությանը, ինչը բնավ ցանկալի չէ, որովհետև Բագրատ սրբազանը որպես հոգևորական շատ ավելի օգտակար կարող է լինել ազգի համար, քան որպես հասարակական գործիչ։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031