Քաղաքական հետապնդումների պատճառով Հայաստանի Հանրապետությունում ապաստանած օտարերկրյա քաղաքացիների մարդու իրավունքների վիճակի մասին
ՀՔԱՎ-ի պատրաստած զեկույցում նշվում է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրավական պաշտպանություն է տրամադրել եւ շարունակում է տրամադրել ոչ ժողովրդավար պետությունների իշխանությունների կողմից թվով 130 օտարերկրա քաղաքացու։ Ներկայացնում ենք մի հատված զեկույցից:
Բելառուսի Հանրապետությունը իր պետության գլխավոր դատախազության միջոցով, երաշխավորելով արտահանձման ենթակա անձի իրավունքների եւ ազատությունների անխախտելիությունը, միջնորդություն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազություն իր քաղաքացիներին արտահանձնում իրականացնելու համար, իսկ դատախազությունը հիմք ընդունելով նման «երաշխավորությունը», ամիսներ շարունակ երկարացնում է կալանավորման ժամկետները, դատարանին վստահեցնելով, որ ստացել է երաշխավորական նամակ, որ չեն խախտվելու անձի մարդու իրավունքները։
Բելառուսի Հանրապետությունը արտահանձման պահանջ է ներկայացրել 24-ամյա Բելառուսի քաղաքացու հանդեպ, ով խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Վերջինս 2022 թ. փետրվարի 28-ին Մինսկի դատարանի որոշմամբ 15 օր ժամկետով ենթարկվել է վարչական ձերբակալման եւ այդ նույն ժամակահատվածում ամենօրյա ռեժիմով ենթարկվել է բռնությունների, խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքի ու պատժի, միայն այն բանի համար, որ համարձակվել է մասնակցել ցուցերին ու հավաքներին։ Անմարդկային վերաբերմունքը դրսեւորվել է պատժիչ նպատակներով, եւ ամբողջ վարչական ձերբակալման գործընթացն ու անազատության մեջ գտվելու ժամանակահատվածը ուղեկցվել է սպառնալիքներով։ Ավելին, բելոռուսցի իրավապահները սպառնացել են, որ զինվորական ծառայության ընթացքում վատ եւ նվաստացնող վերաբերմունքի է ենթարկվելու էլ ավելի դաժան ձեւով եւ որ ծառայությունն ուղեկցվելու է պատժիչ դրսեւորումներով։ Այլ փրկության տարբերակ չունենալով Բելառուսի քաղաքացի Մակսիմ Վարտկիավիչուսը ուղղակի փախել է իր Բելոռուսից:
Կարդացեք նաև
Ոչ ժողովրդավար պետությունների, ինչպիսիք են Բելառուսի Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, որոնք քաղաքական հետապնդման են ենթարկում իրենց քաղաքացիներին, որպես իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցներից մեկը, որը երաշխավորված է նաեւ միջազգային կոնվենցիաներով, դիմում են ՀՀ-ում ապաստան ստանալու հարցով։
Կազմակերպությանը հայտնի է Բելառուսի Հանրապետության 3 քաղաքացիների դեպքեր, որոնցով արդեն իսկ ուղարկվել են արտահանձման միջնորդություններ։ Քաղաքացիներից երկուսի իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է Կազմակերպությունը: Հատկանշական է այն հանգամանքը, որ արտահանձման նպատակով կալանավորման միջնորդության քննության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը դատարանին փորձում է հավաստիացնել, որ ներկայացված միջնորդությամբ Բելառուսը վստահեցրել է, որ հանձնումը նպատակ չունի հետապնդելու անձին քաղաքական շարժառիթներով, ռասայական պատկանելիության, կրոնի, ազգության կամ քաղաքական հայացքների համար եւ այս ամենը ներկայացվում է այն բանից հետո, երբ անձը դատարանում ցուցմունք է տալիս իր նկատմամբ քաղաքական հետապնդումների եւ խոշտանգումների մասին։ Բելառուսի քաղաքացիներից մեկի վերաբերյալ արդեն իսկ ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը կայացրել է որոշում, որով քաղաքացուն ճանաչել է փախստական եւ տրամադրել է ապաստան։
Փախստականի կարգավիճակ ստանալն արդեն արտահանձնումը բացառող հանգամանք է եւ այս դեպքում անձն ազատ է արձակվում եւ որոշում է կայացվում արտահանձման միջնորդությունը մերժելու մասին։Ապացուցողական բազայի առկայության պարագայում անգամ ՀՀ իրավասու մարմիններն անձին չեն տրամադրում ապաsստան եւ փախստականի կարգավիճակ, դրանով իրական դարձնելով անձանց արտահանձնումը իրենց քաղաքական հետապնդման ենթարկող երկիր, օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, որպիսի մոտեցումը եւ կայացված որոշումները խիստ անընդունելի լինելով մարդու իրավունքների տեսակետից, ՀՔԱՎ գրասենյակը նախաձեռնել է բողոքարկումներ դատական ատյաններում…
«Դատալեքս» տեղեկատվական համակարգի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ՀՀ վարչական դատարանում մեծ քանակի գործեր են քննվել ու շարունակում են քննվել հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին ՀՀ տարածքից արտաքսելու մասին։ Արտաքսման գործերը հարուցված են հիմնականում այն դեպքերում, երբ օտարերկրացիները ՀՀ տարածքում հանցագործություն են գործել եւ ըստ կայացված վճիռների՝ պետք է պատիժը կրելուց հետո արտաքսվեն։
Ինչ վերաբերում է օտարերկրացուն հանձնելուն, ապա «Օտարերկրացիների հանձնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: Օտարերկրացիների հանձնումն արգելվում է, եթե այն արարքի համար, որի կատարման համար օտարերկրացիները պատասխանատվության են կանչվում, նախատեսված է մահապատիժ, կամ լուրջ հիմքեր կան կասկածելու, որ կարող են ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի (Հոդված 41)»:
Վերը նշված իրավանորմերը վկայում են, որ նախորդիվ նկարագրված իրավիճակներում Հայաստանի Հանրապետությունում հաստատված օտարերկրացիներն առանց որեւէ ընթացակարգային նորմերի պահպանման չեն կարող արտահանձնվել Հայաստանից եւ վերադարձվել այն պետությանը, որի կողմից քաղաքացին ենթարկվում է քաղաքական հետապնդման։
ՀՔԱՎ գրասենյակ
«Առավոտ» օրաթերթ
27.07.2024