Լրահոս
Օրվա լրահոսը

Վառելիքի, օդի ու թթվածնի պատերազմը. Հայաստանի անտառ տարածությունները

Հուլիս 29,2024 13:00

«Բա ի՜նչ անեմ, ձմռան ցրտից պաշտպանվելու համար ուրիշ տարբերակ կա՞»։ Այսպես սկսվեց մեր խոսակցությունը Տավուշի մարզի բնակիչ Վաչե պապի հետ։ Հոկտեմբերի կեսերից սկսած բնակարանը տաքացնելու խնդիր է առաջանում, միեւնույն ժամանակ պետության կողմից սահմանված տարեկան վառելիքի քանակությունը մի քանի անգամ ավելի պակաս է, քան անհրաժեշտությունը կա։

Երկրի կանաչ շնչուղիները

Հայաստանի Հանրապետությունում 90-ականներից սկսած անտառահատումների քանակությունը աճել է։ Երկար տարիներ շարունակական խնդիր համարվող այս երեւույթը արդեն լուրջ վտանգ է ներկայացնում կենսապայմանների պահպանման համար։ Ապօրինի ծառահատումները հանգեցրել են նրան, որ այսօր Հայաստանի անտառ տարածքների զգալի մասը այս կամ այն պատճառով վերափոխվել են հանգստյան ու զվարճանքի գոտիների կամ ծառայել որպես վառելափայտ։

ՀՀ Անտառային օրենսգրքի 3-րդ հոդվածը սահմանում է. «Անտառ` անտառային կամ անտառապատման նպատակով հատկացված այլ հողերում ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված եւ միմյանց վրա փոխազդող ամբողջություն, որի նվազագույն մակերեսը կազմում է 0,1 հեկտար, նվազագույն լայնությունը` 10 մետր, եւ որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի առնվազն 30 տոկոսը, ինչպես նաեւ նախկինում անտառածածկ անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքները»։

Ընդունված օրենքին հակառակ՝ Հայաստանը ի սկզբանե համարվել է սակավ անտառապատ երկիր: 2018 թվականի անտառների պետական հաշվառման արդյունքներով անտառները եւ անտառային հողերը կազմում են երկրի տարածքի շուրջ 11.2 %-ը։ Հայաստանի տարածքում անտառները բաշխված են խիստ անհավասարաչափ, գերակշռող մասը՝ ավելի քան 60%-ը տարածված է հյուսիսարեւելյան (Տավուշ, Լոռի), 35-38%-ը՝ հարավարեւելյան (Վայոց ձոր, Սյունիք) հատվածներում։ Հայաստանում շատ անտառներ ներկայումս գտնվում են հատուկ պահպանության տակ, իսկ բնության հատուկ պահպանվող տարածքների շուրջ 90%-ը անտառներն են, եւ եթե անտառի դոմինանտ մասը հատվում է, ապա կենսաբանական մարմինները եւս ոչնչանում են։ Մարդու կողմից որեւէ միջամտություն չիրականացվելու պարագայում անտառ-վերականգնումը կարող է տեւել 80-100 տարի։

Վաչե պապը 70 տարի շարունակ ձմռան ամիսներին տունը տաքացնում է վառելափայտով, հիմնական մասը գնում է, բայց դա էլ հաճախ չի բավականացնում եւ ստիպված կամ դիտավորյալ մոտակա անտառներից որոշ քանակությամբ փայտ է կտրում։

«Եթե պետությունը մեզ բավարար չափով ապահովեր ու մենք ստիպված չլինեինք ծառեր կտրել, իհարկե մենք էլ  չէինք ցանկանա անտառներին ձեռք տալ։ Սակայն ուրիշ տարբերակ չկա։ Տարիներ շարունակ այս երեւույթը եղել է՝ իմ պապայից սկսած։ Բայց կարծես վերջին մի քանի տարիներին քչացել են, միեւնույն է՝ կտրողը էլի կտրում է»։

Անտառների ապօրինի կրճատումները հիմնականում պայմանավորված են անտառամերձ համայնքներում չքավորության եւ փայտանյութի պահանջարկի բարձր մակարդակի, չհամակարգված անտառօգտագործման, ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղ ընթացքի, ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների սակավության, էկոլոգիական անպատասխանատվության եւ այլ պատճառներով։

Հայաստանը՝ անտառ-տարածքների «աչքերով»

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանն առընթեր մարմին՝ Անտառային կոմիտե ուղարկված հարցումն այն մասին, թե 2020-23 թվականներին Հայաստանում անտառածածկ տարածները ինչ փոփոխություններ են կրել 1990-93 թվականների համեմատությամբ, պատասխանեցին, որ 1990-93 թվականներին հաշվարկներ չեն արվել եւ ոչ մի տվյալ չկա, իսկ 2020-23 թվականների հաշվարկները դեռ չեն ավարտվել, քանի որ իրականացվող ծրագիրը ենթադրում է չորս տարիների հաշվարկ, իսկ արդյունքները պարզ կլինեն միայն 2024 թվականի կեսերին։ Կոմիտեի փաստարկմամբ՝ 2021-ի համեմատ 2022 -ին ապօրինի ծառահատումները կրճատվել են 20-22%-ով:

ՀՀ մարզպետարաններ ուղարկված հարցմանն ի պատասխան տրամադրված տեղեկությունների հիման վրա ձեւավորվել է համապատասխան գրաֆիկը։

Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Գասպարյանը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ մարզերում անտառային տարածքների լինել-չլինելը որոշվում է էկոլոգիական պայմաններով։ «Անտառի համար պետք է խոնավություն, ծովի մակարդակից որոշակի բարձրություն։ Բուսական համակեցությունները հենց այնպես չեն ձեւավորվում, այդ պատճառով ենք տարբերակում տափաստանային, մարգագետնային, անապատային բուսականության տեսակները։ Մի էկոհամակարգի՝ մյուսով փոխարինելը մեզ չի հաջողվի, քանի որ չենք կարող տվայլ տարածքի էկոհամակարգը փոխել»։

2017 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունվել է «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը», որն ուղղված է անտառային ոլորտի կայուն կառավարման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման վիճակի բարելավման ու ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրների լուծմանը։

Երեւանյան ծառերի քրոնիկոն

Երեւանը գտնվում է տափաստանային ու կիսաանապատային գոտում եւ ամռան տապից միայն ծառերը կարող են պաշտպանել։ Հաճախ ծառածածկ պուրակներն իրենց տեղը զիջում են ատրակցիոններին, սրճարաններին ու բնակելի թաղամասներին՝ բուսածածկ տարածքներն ավտոմատ վերանում են։

Արմեն Գասպարյանը անդրադառնալով ծառահատումների թեմային, նշում է, որ գլոբալ տաքացման հետեւանքով անապատացման գործընթացին զուգահեռ մարդիկ էլ են նպաստում՝ ծառերի անտեղի կամ անմտածված կտրմամբ։ Անհրաժեշտ է զգուշավոր լինել եւ յուրաքանչյուր ընտրված ծառատեսակը մասնագիտական խորը վերլուծության ենթարկել։

«Ծառատեսակներն ունեն չափ, վեգետատիվ զանգված, աճի արագություն ու բարձրություն։ Առնվազն 10 տարի անհրաժեշտ է, որպեսզի միջին չափի ծառը ստանա հիմնավոր տեսք, շատ արագ աճող տեսակներ մեր էկոլոգիական պայմաններում չկան։ Կտրուկ փոփոխությունների դիմելուց առաջ անհրաժեշտ է փոփոխությունն աստիճանական փոխարինմամբ իրականացնել»։

Շրջակա միջավայրի պահպանության եւ կանաչապատման ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ մասնագետների խումբ է աշխատել ծառատեսակների՝ համապատասխան տեղում տնկելու համար, բնորոշ Երեւանյան կլիմային։

Բնապահպանը համոզված է, որ նախկինում տնկված ծառատեսակներն ընտրվել են քաղաքին համապատասխան լինելու սկզբունքով՝ սոսիներ, արոսենիներ, որոնք կիսաանապատային գոտում կարողանում են ապրել։ Հաշվի են առել, որ դրանք մեծ քանակությամբ կլանում են փոշին, ստեղծում են էկոլոգիապես ավելի նպաստավոր միջավայր՝ կանխելով քամիների բացասական ազդեցությունը։ Հատկանշական է նաեւ ծառատեսակների դիմացկունությունը վնասատուների եւ միջատների հանդեպ, քանի որ թունաքիմիկատներով հաճախակի բուժումները քաղաքային միջավայրի համար բացասական ազդեցություն կարող են ունենալ։

Առաջարկվող լուծումներ

1.Առաջնահերթ պետք է ուսումնասիրել, թե այդ տեսակները ինչքանով են համապատասխան մեր քաղաքային կլիմային, ինչպիսի սաղարթ կձեւավորեն, ինչպիսի էկոլոգիական միջավայր կստեղծեն։

2.Անհրաժեշտ է սահմանել հատուկ նպատակներ՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ծառ ունի կյանքի որոշակի տեւողություն եւ ոչ մի կենդանի օրգանիզմ հավերժ չի ապրում երկիր մոլորակի վրա։ Կա երկու ճանապարհ, սանիտարական հատումները՝ երիտասարդացման նպատակով եւ ծառի՝ մեկ ուրիշով փոխարինելը՝ կապված արտաքին տեսքը փոփոխելու հետ։

3.Առաջին հերթին պետք է եղածը պահպանել՝ այն, ինչը ադապտացվել ու մինչ օրս կա։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ընտրել չորասեր, դիմացկուն ծառատեսակներ ու փոխարինել դրանցով։ Բայցեւայնպես անկարելի է մտածել, որ 20 տարվա կյանք ունեցող ծառը հատելու ենթակա է։

4.Մենք սակավանտառ երկիր ենք, պետք է աչքի լույսի պես պահենք այն, ինչ ունենք, հակառակ դեպքում գլոբալ կենսապայմաններին դիմակալել չենք կարողանա։

Սյունե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

3-րդ կուրս

«Առավոտ» օրաթերթ
27.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031