Մեր զրուցակիցն է «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը
– Պարոն Մարտիրոսյան, օրերս TV-ներից մեկում ներկայացրիք ձեր տեսակետը մշակույթի մասին՝ բերելով, անկեղծ ասած՝ պարզունակ օրինակներ, ասենք՝ հանգուցյալի դագաղը տանից դուրս հանելիս երեք անգամ պտտեցնելը եւ այլն, եւ այլն։ Ձեր ելույթից հետո մեզ մոտ առաջացան հարցեր, որոնց պատասխանն ուզում ենք ստանալ ձեզնից։ Ի վերջո, ինչո՞ւ պետք է հանգուցյալի դագաղը երեք անգամ պտտեցնել եւ, ասենք՝ զույգ թվով ծաղիկներ խոնարհել։
– Սկսեմ մի անեկդոտից. չորս տարեկան մի բալիկ երիտասարդ մայրիկից հետաքրքրվում է, թե ինչո՞ւ են նրբերշիկը պատրաստելիս ծայրերը կտրատում, հետո գցում թավայի մեջ։ Մայրը պատասխանում է, թե ինքը դա սովորել է իր մորից։ Երեխան համառում է՝ քո մամայից էլ հարցնենք։ Հարցնում են ու ստանում նույն պատասխանը։ Հետո մեծ տատիկին են հարցնում, դարձյալ նույն պատասխանն են ստանում։ Հերթը հասնում է 90-ամյա տատին։ Վերջինիս պատասխանը հետեւյալն է լինում. «Վայ, քոռանամ ես, մինչեւ հիմա էն փոքր թավայի մե՞ջ եք պատրաստում»։ Այսինքն, մշակույթը տարածվում է ընտանիքից, բակից, դպրոցից, եկեղեցուց, TV-ներից… Ըստ կենսաբանների՝ մշակույթն այն է, ինչի կրողն է հանրության մեծամասնությունը։ Գիտեք, չէ՞, գոյություն ունեն կապիկների մշակույթ, դելֆինների մշակույթ հասկացություններ։ Կապիկների շրջանում հավանաբար կան մեկ-երկու առանձնյակ, որոնք միգուցե այլ վարքագիծ ունեն, բայց մյուսները իրենց «մշակույթի» կրողն են։ Այդպես էլ մարդիկ են, պարտադիր չէ, որ Գավառին բնորոշ մշակույթը լինի կամ գոյություն ունենա ամբողջ Հայաստանում։ Օրինակ, մի սարսափելի բան. Հայաստանը սեռով պայմանավորված աբորտների թվով աշխարհում երկրորդ տեղում է՝ զիջելով Չինաստանին, իսկ Գեղարքունիքի մարզը առաջին հորիզոնականում է աշխարհում։ Ինչ արած, սա է մեր «մշակույթը»։ Կամ՝ իմ ընտանիքից օրինակ բերեմ. եղբորս մայրը լիտվուհի է, եղբայրս ծնվել է այստեղ, բայց մեծացել, դաստիարակվել է Լիտվայում։ Իր դստեր համերգային ելույթի առիթով նա գնեց 20 վարդ, ես հարցրի՝ գուցե մեկը հանե՞նք, որ կենտ լինի։ Պետք է տեսնեիք եղբորս զարմանքը, ասաց՝ ի՞նչ կապ ունի։ Տեսեք՝ կենտ թվով ծաղիկ նվիրելը մեզ մոտ մշակույթ է, այնտեղ՝ ոչ։
– Ի վերջո, մշակույթի ձեւավորման գործում, ըստ ձեզ, ո՞րն է ամենամեծ գործոնը։
Կարդացեք նաև
– Իհարկե՝ կրոնը. 1962թ. Վատիկանում կաթոլիկ եկեղեցին հրավիրեց 2-րդ տիեզերաժողովը, որը տեւեց 3 տարի։ Հարցերի թվում քննարկվեց նաեւ աղքատության, աշխատանքի եւ հարստության հանդեպ մարդկանց վերաբերմունքը։ Իհարկե, այդ ժողովից հետո բազմաթիվ երկրներում պատարագը սկսվեց մատուցվել տեղական լեզուներով, այլ ոչ լատիներեն։ Իսկ մինչ այդ հարստությունը համարվում էր չարիք, աղքատությունը՝ բարիք, իսկ աշխատանքը՝ պատիժ։ Եվ նրանք փոխեցին իրենց վերաբերմունքը մտայնությունների հանդեպ, այսինքն ժողովից հետո հարստությունն այլեւս չարիք չէր, աղքատությունը բարիք չէր, իսկ աշխատանքը դարձավ ինքնակայացման, ինքնաճանաչման ու կատարելագործման միջոց։
– Եվ ի՞նչ տվեց դա կաթոլիկներին։
– Ընդամենը 25 տարի անց Լեհաստանում, Հարավային Գերմանիայում եւ Իռլանդիայում ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշը մեկ շնչի հաշվարկով բարձրացավ ու հավասարվեց պրոտեստանտ երկրների ցուցանիշին։
– Իսկ է՞լ ինչ գործոններ կան մշակույթի ձեւավորման համար։
– Կլիման, պատմությունը, լեզուն… Անդրադառնամ պատմությանը. երբ նայում ենք գիշերով տիեզերքից արված Իսպանիայի լուսանկարին, որտեղ լույսեր են երեւում ինչ-որ տեղերում, համադրելով ինկվիզիցիայի օջախների հետ, պարզ դարձավ, որ վերջիններս համապատասխանում են մութ վայրերին։ Լրացուցիչ հետազոտությունն էլ պարզեց, որ 200-400 տարի առաջ տեղի ունեցած մարդկանց այրելու արարողությունը (օրինակ՝ Ջորդանո Բրունոյի մահապատիժը) մինչ օրս ազդեցություն ունի այդ տեղանքում բնակվող մարդկանց կյանքի վրա։ Իսկ այդ վայրերում աղքատության ծավալը էապես մեծ է, մարդկային կապիտալի մեջ արված ներդրումներն ու տնտեսական ակտիվությունը էապես փոքր։
– Գանք մեզ ու մեր լեզվին։
– Մեզ գալու ճանապարհը պետք է սկսել Նոբելյան մրցանակակիր Հայնրիխ Բյոլնից, ով 1946թ. համախմբեց Գերմանիայի գրողներին, թարգմանիչներին ու խմբագիրներին եւ սկսեցին քննարկել գերմաներենում առկա պաթոսի ազդեցությունը ֆաշիզմի առաջացման վրա։ Եվ այդ մարդիկ սկսեցին պաթոսազերծել իրենց լեզուն…
– Մենք էլ պարտվեցինք, բայց մեզանում պաթոսը շարունակվում է։
– Ասածիս ավելացնեմ, թե ոնց է հայաստանցի ուսուցիչը աշակերտին բանաստեղծություն կարդալ սովորեցնում, թե կուսակցությունները կամ արվեստի գործիչները ի՜նչ պաթոսով հարուստ բառապաշար են կիրառում… Բայց կուզեի անդրադառնանք սխալի մշակույթին։ Երբ մեր մեծ կամ փոքր քաղաքների բակերում խնդիր է առաջանում դեռահասների շրջանում, հայաթի տղերքը ինչ-որ արարք արած՝ գուցե վատ, գուցե չհասկացված, դեռահասին սխալ են հանում, պիտակավորում են։ Եվ քանի որ պիտակը դժվարացնելու է դեռահասի կյանքը, նա ստիպված է, հայերեն ասած՝ «կռուտիտ ըլնել» եւ չընդունել այդ սխալը։ Իսկ սխալի չընդունումը, սխալը չվերլուծելը, սխալի վրա չսովորելը բերում է նոր սխալների։ Մինչդեռ ԱՄՆ-ում երեխային դաստիարակելիս խրախուսում են, հորդորելով նույն սխալը չկրկնել, բայցեւայնպես անել նոր սխալներ։ Արդյունքում ԱՄՆ-ում իրականացվում է աշխարհում նորարարությունների 80 տոկոսից ավելին։ Տեսեք՝ ի՞նչ է գիտնականի աշխատանքը, եթե ոչ սխալներ անելու հաջորդականություն, որոնք կամ բերում են հաջողություն, կամ չեն բերում…
– Մեզ մոտ արտահայտություն կա՝ սովորիր ուրիշի սխալների վրա։
– Այո, այդ նույն ճանապարհը եւ գործարարին է վերաբերվում, եւ ստեղծագործողին, եւ… սխալների միջով դեպի աստղեր։
– Լավ, հիմա մեզ ի՞նչ եք առաջարկում անել։
– Չփորձել կարճ ճանապարհով հաջողության հասնել. դաստիարակության եւ մշակույթի մեջ կարճ ճանապարհ չկա։ Ճանապարհի տեւողությունը լավագույն դեպքում մեկ սերնդափոխության ժամանակաշրջան է՝ 25 տարի։ Սկսեք ներդնել մեր երեխաների դաստիարակության գործում կարեւոր արժեքներ՝ զիջելու, սխալը վերլուծելու, հանդուրժելու ունակություն, ինքնուրույնություն, նպատակասլացություն, հետեւողականություն, հեռատեսություն եւ մի բան էլ՝ կապված հանրության հետ. դիստանցիա իշխանության հանդեպ։ Սրա հետ կապված մի փաստ բերեմ. այնպես է ստացվել, որ բոլոր այն երկրներում, որտեղ իշխանությունը հասանելի է եւ գործընկեր ժողովրդին, այդտեղ ՀՆԱ-ի մեկ շնչի ցուցանիշը բարձր է, իսկ այն երկրներում, որտեղ իշխանությունը սիմվոլ է կամ շատ հեռու, վիճակը այլ է…
– Ըստ ձեզ՝ մեր երկրո՞ւմ ինչպես է։
– Խաբկանք կա, թե մեր երկրում այսօրվա իշխանությունը հասանելի է, այնինչ համապատասխան ինստիտուտների բացակայության պատճառով հենց մենք՝ հրատարակիչներս, արդեն հինգ տարի չենք կարողանում հանդիպել վարչապետի հետ։ Խոսքը ոչ թե որեւէ հրատարակչի մասին է, այլ հրատարակիչներիս։ Նույնը, համոզված եմ, մյուս ոլորտներում է…
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
27.07.2024