«Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
-Տիկին Ալավերդյան, օրերս Շուշիում անցկացված մեդիա համաժողովի ընթացքում Ալիեւը դարձյալ տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանին։ Նա խոսում է այսպես կոչված ադրբեջանցի «փախստականների» վերադարձի մասին։ Բայց տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների կողմից համարժեք հակադարձում չկա, ի՞նչ աշխատանք պետք է տարվի հայ փախստականների վերադարձի հարցը օրակարգում պահելու համար։
-Նախ, Հայաստանի կառավարությունը չի հակադարձում Ալիեւին, քանի որ այդ հայտարարությունները համընկնում են իր ծրագրերի հետ։ Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ փաստերով կարելի է հակադրվել Ալիեւին, կասեմ հետեւյալը։ Բազմաթիվ նյութեր կան՝ բավական ճշգրիտ հաշվարկներով, թվերով, այդ բոլոր ցեղասպանական գործողությունների ժամանակ հայերին իրենց մշտական բնակավայրերից, իրենց հայրենիքից բռնի տեղահանելու մասին։ Խոսքը 1988-1992 թվականների գործընթացների մասին է։ Այսինքն՝ չի կարելի ասել, որ այս կառավարությունը, վեց տարի լինելով իշխանության, չի կարողանում գտնել այդ նյութերը։
Ես այստեղ ուրիշ անհանգստություն ունեմ՝ շատ անգամ հնչում են ահազանգեր, որ այս կամ այն փաստաթղթերը ոչնչացրել կամ անհետացել են։ Բայց որ այդպիսի նյութերը մանրակրկիտ ստեղծվում ու մինչեւ անգամ ՄԱԿ-ի մակարդակով զեկուցվում էին, դա փաստ է։ Ես կարծում եմ՝ այստեղ եւս տեսնում ենք այս իշխանությունների ոչ թե կամքի բացակայությունը, այլ կամքի ուրիշ տեսակի դրսեւորումը։ Նրանք Ադրբեջանի իշխանությունների նման անտեսում են այն բոլոր պատմական փաստերը, որոնք աշխարհով մեկ տարածված են։ Այսինքն՝ բավական շատ փաստեր կան, որ Սովետական Ադրբեջանից 1980-ականներից սկսած ոչ պակաս, քան կես միլիոն, որոշ տվյալներով՝ 700 հազար հայ է բռնագաղթել։ 1988 թվականին դա տեղի է ունեցել ոչ թե տնտեսական քաղաքականության կամ քաղաքական հետապնդումների հետեւանքով, այլ բացեիբաց ցեղասպանական գործողություններով։ Դրա վկայությունը Սումգայիթի, Բաքվի դեպքերն են, ավելի քան 320 բնակավայրերից, որտեղ հայերը բնակվում էին, դուրս են մղվել։ Եվ փաստորեն 1991 թվականին, երբ հռչակեցին ԼՂՀ կայացումը, հայեր մնացել էին միայն Շահումյանի շրջանում, որտեղ բնակվում էր 17 հազար հայ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ 1992 թվականին հայերն անասելի դաժանությամբ դուրս են մղվել Շահումյանի շրջանից, իսկ 2023 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն տարածքներից, որոնք դեռ մնում էին հայաբնակ։
Կարդացեք նաև
-Մենք տեսնում ենք, որ փորձում են Արցախից բռնի տեղահանված անձանց վերադարձի հարցը կապել այսպես կոչված ադրբեջանցի «փախստականների» հարցի հետ։ Արդյոք սրանք միեւնույն հարթության վրա գտնվող հարցե՞ր են։
-Այդ ո՞ր խեղկատակն է ուզում համեմատել Արցախից նախորդ տարի բռնի տեղահանվածների վերադարձի հարցը ադրբեջանցիների հարցի հետ։ Ես ապշում եմ, որ արցախցիների վերադարձի հարցը նրանք համադրում են 1988 թվականի դեկտեմբերից սկսած ցեղասպանական գործողությունների հետ։ Ադրբեջանցիների մեծ մասն իրենց կամքով են դուրս եկել Հայաստանից։ Այդ ադրբեջանցիների թիվը Հայաստանում եղել է 167 հազար, ուզում են համադրել կես միլիոնից ավելի դուրս մղված հայերի հե՞տ։ Այսինքն՝ այդքան ունա՞կ չեն այս իշխանությունները, որ դրան հակադարձեն։ Լավ էլ տիրապետում են իրավիճակին, լավ էլ գիտեն, կարող են օգտագործել այդ փաստերը։ Ինչպես ասացի՝ խնդիրը ոչ թե կամքի բացակայությունն է, այլ կամքի առկայությունն է, եւ այդ կամքով սպասարկվում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը։ Եվ դրանով այս իշխանությունը դառնում է հանցակից մարդկության դեմ ծանր այդ հանցագործությանը։
Այնպես որ, ինձ համար այստեղ որեւէ հանելուկ չկա՝ չեն ուզում այդ աշխատանքն անել, ուզում են անել այն, ինչ համապատասխանում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.07.2024