Օրերս Թուրքիայի Կինալիադա կղզում տեղի ունեցավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման բաժնի ուսանողուհի, պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանի «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմը նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի կյանքին ու գործունեությանը:
Միջոցառումը կայացավ Պոլսո Հայոց Պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի օրհնությամբ։ Վերջինս ներկաներին փոխանցեց իր պատգամն ու կարևորեց մաեստրո Չեքիջյանի գործունեությունը։
Կարդացեք նաև
«Նրա անունը պոլսահայության պատվաբեր անուններից է և արդեն իսկ քանդակված է պատմության էջերում»,- ընդգծեց Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Aravot.am-ի հետ զրույցում Լիլիթ Մովսիսյանն ասաց, որ մաեստրո Չեքիջյանը երևույթ է, որի մասին պետք է իմանան բոլորը։
«Երկրի հզորացման գործիքակազմում անգնահատելի է մշակույթի դերը։ Մենք մեր մշակույթով վստահորեն պետք է առաջ քայլենք ու հնարավորինս հանրահռչակենք»,-ասաց Լիլիթ Մովսիսյանը՝ երախտագիտությամբ հիշելով բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս նախագծի հիմքում։
Հավելենք, որ «Եվ եկավ Հովհաննեսը» ֆիլմի նպատակն է հասարակության լայն հատվածին փոխանցել Հովհաննես Չեքիջյանի կյանքի ու ստեղծագործական ուղու մանրամասները՝ ընդգծելով նրա անգնահատելի ներդրումը Հայաստանի մշակութային ժառանգության հարստացման գործում:
Վ. Ա.