Այսօր Գյումրին անասելի մարդաշատ է․ ուրույն դիմագիծ ու յուրահատուկ բնավորություն ունեցող այս քաղաքը նշում է իր տոնը։ Քաղաքին ուղղված շնորհավորանքներում Գյումրին բնութագրում են միստիկ, խորհրդավոր, ցավին կուլ չգնացող, թասիբով ու հումորով քաղաք։
Դեռ երեկվանից Հայաստանի տարբեր ծայրերից, նաև արտերկրից եկել էին Գյումրի՝ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին մասնակցելու՝ Թաթա Սիմոնյանի մենահամերգը լսելու ու հանգստյան օրերը Գյումրիում անցկացնելու։
Կարդացեք նաև
Նկատենք, որ վերջին 1-2 տարվա ընթացքում Գյումրին այսքան մարդաշատ չի եղել։
Այսօր տոնակատարությունը շարունակվում է․ Աբովյան ճեմափողոցում «Արհեստի ու արվեստի» գունեղ տոնավաճառ է՝ կաշվե պայուսակներից մինչև տիկնիկներ, գինի ու սպասք հանված են վաճառքի։
Նույն ճեմափողոցում «Ամեն ժամանակի քաղաք» վերնագրով լուսանկարչական ցուցահանդես է, որի միջոցով ներկայացվում է Գյումրու պատմությունը։ Լուսանկարները Շիրակի երկրագիտական թանգարանի արխիվներից են։
Իսկ բեմում «Հրայրք» ավանդական պարի խմբի խրոխտ կատարումներ են։ Մեծ սեր վայելող այս խումբը գտնում է, որ թշնամու դեմ պայքարը միայն զենքով է, այլ մշակույթով։
Գյումրու տոնակատարությունը շարունակվելու է մինչև ուշ երեկո՝ թանգարանների բակերում, երաժշտական տարբեր խմբերի ու երգիչների կատարումներով։
Նկատենք, որ այսօր, ի տարբերություն երեկվա, երբ Գյումրի այցելած վարչապետի անվտանգությունն ապահովելու նպատակով փողոցներում ոստիկանական մեծ ուժեր էին կուտակված, քաղաքը փոքր-ինչ հանգիստ է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ