«Դատարանում դատավորը հրապարակեց իմ հիվանդության պատմությունը՝ բոլոր մանրամասներով։ Ավելին՝ «Դատալեքս» համակարգում նույն մանրամասնությամբ դատավճիռը տեղադրված է։ Գրել եմ, որ փակեն, արդեն մի քանի ամիս է՝ արձագանք չկա»,-«Հանուն Ազատության» ԻՀԿ-ի փորձագետ-դասընթացավարին դիմեց քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող անձանցից մեկը։ Դատապարտյալները նաեւ հետաքրքրվում էին, թե ով իրավունք ունի ընդգրկվելու վարձատրվող աշխատանքներում, ինչո՞ւ լիարժեք չի գործում բարձր անվտանգային գոտուց ավելի ցածր անվտանգային գոտի տեղափոխելու կարգը եւ այլ հարցեր։
Պատիժ կրող անձանց իրավական գիտելիքներ փոխանցելու նպատակով էին այս անգամ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել քրեակատարողական հիմնարկներ։ «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վանաձոր» եւ «Սեւան» ՔԿՀ-ների 126 ազատազրկված անձ մասնակցեց Մոլդովայի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացված «Լինենք տեղեկացված» ծրագրին։
Կարդացեք նաև
Պատիժը կրող անձանց ներկայացվել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի այն հոդվածները, որոնք առնչվում են դատապարտված ու կալանավորված անձանց իրավունքներին, պարտականություններին, անվտանգային գոտիներին, դատապարտյալների տեղափոխման ու ընդունման, խուզարկության եւ զննման կարգին, բժշկական օգնությանն ու սպասարկմանը, խոշտանգման դրսեւորումներին, բողոքարկման ընթացակարգին եւ այլն։ Բացի իրավական գիտելիքներից, ծրագրի դասընթացավար, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի փորձագետ Սարգիս Ավետիսյանը մասնակիցներին իրազեկեց նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտի եւ այլ վիրուսային հիվանդությունների վարակման եղանակներին, դրանց կանխարգելման ու բուժման մեթոդներին, ինչպես նաեւ կախվածությունների դեպքում համապատասխան բուժում նշանակելու կարգին։
Ի դեպ, դասընթացի թեմաների ուսումնական մոդուլը նախապես հաստատվել էր ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից:
Դասընթացի մասնակիցներին բաժանվեցին «Լինենք տեղեկացված» ուղեցույց-գրքույկները, ինչպես նաեւ մի քանի օրինակներ հատկացվեցին ծրագրում ընդգրկված ՔԿՀ-ների գրադարաններին։ Դասընթացների վերջում «Հանուն Ազատության» ներկայացուցիչները հորդորեցին ազատազրկման վայրերում գտնվող անձանց՝ իրենց իրավունքների խախտման դեպքում անպայման ահազանգել ինչպես կազմակերպության թեժ գծին, այնպես էլ պատկան մարմիններին։ «Ծրագրի նպատակներից մեկը՝ ազատազրկված վայրերում գտնվող անձանց իրազեկվածության բարձրացումն էր, որպեսզի նրանք խախտված իրավունքների մասին բարձրաձայնեն։ Արդեն ունենք ցուցանիշ, համապատասխան ահազանգերը հասցեագրվել են պատկան մարմիններին։ Իհարկե, դասընթացների ժամանակ մասնակիցներին հորդորեցինք չմոռանալ նաեւ իրենց պարտականությունների մասին․ շատ հաճախ պարտականությունները չկատարելը, գործող ընթացակարգերին ընդվզելը մարդիկ դիտարկում են որպես իրավունքների ոտնահարման դեպքեր»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախագահ, ծրագրի դասընթացավար-փորձագետ Իրինա Մանուկյանը։
Լուսանկարները հրապարակվում են պատիժ կրող անձանց համաձայնությամբ
Արմեն ԴԱՎԹՅԱՆ