Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր աշակերտները դպրոցներում սովորեն գրել լավ էսսեներ, իրենց հաղորդակցման կարողություններն ավելի բարձր մակարդակի վրա կլինեն»․ Արամ Փախչանյան

Հուլիս 28,2024 12:13

Դպրոցներում էսսե գրելու թեմայով Aravot.am-ը զրուցել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի հետ։

Հարցազրույցի սկիզբն՝ այստեղ

– Պարոն Փախչանյան, Դուք էսսե պատրաստելը դիտարկում եք միա՞յն որպես հռետորական ունակությունների և հմտությունների ընդարձակման հնարավորություն, թե՞ կարելի է ավելի բարձր նպատակներ կապել դրա հետ. օրինակ՝ աշակերտի սեփական քննադատական մտածողության ձեռքբերում, աշակերտի մտահորիզոնի ընդլայնում կամ բնակչության ընդհանուր կրթվածության մակարդակի բարելավում 

-Ես արդեն խոսեցի էսսեի հիմնական նպատակների մասին։ Ես չէի բարդի այդ ձեւաչափի վրա շատ լայն առաքելություն։ 

Այո, եթե մեր աշակերտները դպրոցներում սովորեն գրել լավ էսսեներ, իրենց մտքի ձեւավորման եւ հաղորդակցման կարողությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա կլինեն։ Դրա շնորհիվ նրանք ապագայում միգուցե կարողանան ավելի արդյունավետ հանրություն կազմել։ 

Սակայն միայն լավ մտածելը եւ մտքերը արդյունավետ արտահայտելը բավարար չէ։ Դրան պետք է գումարվի սեփական արժեքների հիման վրա որոշումներ կայացնելու կարողություն, այլ կարեւորագույն հմտություններ եւ մարդկային հատկանիշներ, առանց որոնց արդյունավետ հասարակություն չի ձեւավորվի։

Բայց իհարկե, մարդկանց մեջ ամեն ինչի հիմքը բանականությունն է։ Արժեքները եւ գործողությունները ընդհանրացվում և միավորում են մարդկանց՝ շնորհիվ իրենց բանականության: Այդ առումով մտքերը շարադրելու եւ դրանք արդյունավետ հաղորդելու կարողությունը հիմնարար է։

– Կխնդրեմ ներկայացնել Ձեր սպասելիքները Հայաստանի դպրոցներում էսսե գրելու ներառման վերաբերյալ։ Այն հաջողելու և զգալի (կամ միգուցե հեղափոխական) կրթական, և հետեւաբար նաև հասարակական, փոփոխությունների հանգեցնելու շանս ունի՞։

-Կարծում եմ, որ մեր հիմնական խնդիրն այն է, որ տարիներով դպրոցը ընկալվել է որպես սերունդների միջեւ «գիտելիք փոխանցելու» միջոց։ Դա, անխոս, կարեւոր գործառույթ է, սակայն այն արդյունավետ է, միայն եթե այդ ընթացքը ճիշտ է ընկալվում։ Ուսուցիչները պետք է դադարեն ընկալել «գիտելիք փոխանցելը» որպես գլխից գլուխ ծորացող տեղեկույթի հոսք։ Գիտելիքը յուրացվում է շնորհիվ մտածողության, ամեն աշակերտ ինքն է ձեւավորում իր գիտելիքը՝ հենվելով այն ամենի վրա, ինչ լսում, տեսնում, զգում եւ անում է։ Գիտելիքը արարվում է, ոչ թե փոխանցվում։ 

Այդ արարումը պահանջում է ինքնագիտակցություն, ինքնաանդրադարձ, մտքի մաքրություն, միտքը խոսքի վերածելու կարողություն, ցանկացած միտք քննելու, վերլուծելու, համադրելու եւ ամփոփելու ունակություն։

Էսսե գրելը լավագույն միջոցներից է այդ հիմնարար հմտությունները հղկելու, եւ դրա շնորհիվ սովորելու ունակություն ձեւավորելու համար։

 

Զրույցը՝ Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031