Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը
Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը հայկական մշակութային, պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ ոչնչացնում է ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր։ Հերթական փաստը արձանագրվեց Հադրութի շրջանում։
Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհը դարձավ Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Նույն ճակատագրին էր արժանացել նաև Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ գյուղը, բազմաթիվ բնակելի թաղամասեր Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ոչնչացնել Արցախում հայկական հետքը, որը համամարդկային արժեք ունի։
Հարկ ենք համարում ընդգծել, որ բոլոր այն բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաները, ովքեր այս ընթացքում այցելել են բռնազավթված Արցախ, կանաչ լույս են վառել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության համար և հանդիսանում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցակիցը։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող հայկական պատմական ժառանգությունը գտնվում է ոչնչացման վտանգի տակ։