Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրը ծագել է նրանից, երբ մենք վերցրել ենք Արցախի հարցն առանձին քննարկելու․ դրա համար էլ մոռանում ենք Արցախի մասին»․ Բագրատ սրբազանը՝ Վայքում

Հուլիս 27,2024 18:56

«Այս պայքարի ամբողջ բովանդակությունն ընդհանրության մասին է։ Մենք իրավունք չունենք հայոց, հայկական հարցից որևէ հարց առանձին դիտարկել՝ որքան էլ դրանք լինեն մեծ ու ծավալուն»,-հարցին՝ Սրբազան շարժման հիմքում Արցախի վերականգնման խնդրի ու դրա մասին զրույցի, բանավեճի, օրակարգի անհրաժեշտություն կա՞, թե՝ ոչ, Վայքում բնակիչների հետ հանդիպման հարցուպատասխանի ժամանակ այսպես պատասխանեց Բագրատ սրբազանը։

Հարց հնչեցնող բնակիչը ցավով նշեց, որ Օվերտոնի պատուհանի մեթոդով մեր միջից Արցախը դուրս է եկել․ «Մենք ոչ խոսում ենք, ոչ իրար հետ խոսելիս ենք խոսում Արցախի ու Արցախի ապագայի, գոյության մասին, այլ ընդհանրապես մոռացել ենք, ամբողջ ուժերը տեղափոխվել են մի այլ դաշտ, ու թշնամին շարունակում է աշխատել, նոր գաղափարներ նետել և մենք կամաց-կամաց վաղը մյուս օրը հնարավոր է հաշտվենք այս կամ այն կորստի հետ»։

Բագրատ սրբազանն այս առիթով հայտարարեց․ «Արցախը մեր ամբողջ այդ հարցերի շարքի մեկ կարևոր և մեծ բաղադրիչն է։ Մեր խնդիրը ծագել է նրանից, երբ մենք վերցրել ենք Արցախի հարցն առանձին քննարկելու, դրա համար էլ մոռանում ենք դրա մասին։ Մեր հոգեբանության մեջ այդ հարցը ձուլված չի եղել օրինակ՝ ցեղասպանության ճանաչման խնդիրների հետ, այլ իրավունքների խախտման հետ։ Դրա համար էլ հիմա հեշտ ու հանգիստ մտածում ենք՝ դե մի հարց էր, գնացել է։ Արցախը մեր ինքնության, գոյության մաս է։ Ես չեմ դիտարկի ողջ կյանքում Արցախը՝ որպես առանձին մի հարց։ Այս պայքարը միտված է մեր տունը վերականգնելուն։ Արցախցիներ բնութագրումն ինձ համար անհասկանալի է։ Կապ չունի՝ Գյումրիից են, Վանաձորից են, թե Վեդիից։ Ասում են՝ երանի արցախցիները շուտ վերադառնան տուն․ ես ասում եմ՝ ինչո՞ւ գյումրեցիները, սյունեցիները, մյուսները, ես, դուք, մյուսները չպետք է գնան այնտեղ ապրելու։ Մեզ համար տարածք ու բնակավայրի հա՞րց է Արցախը, թե՝ մեր հայրենիքն է ամբողջության մեջ։ Վերադարձի հարցը մեզ համար անհրաժեշտություն է այս փուլում՝ միջազգային երաշխիքներով։ Դա առաջին փուլն է։ Ադրբեջանն անընդհատ խոսում է Արևմտյան Ադրբեջանի, ադրբեջանցիների՝ այստեղ բնակվելու մասին, բայց ՀՀ կառավարությունը մեկ բառ անգամ չի խոսում իր իսկ մեղքով, իր աչքի առաջ բռնահանված, տեղահանված մարդկանց վերադարձի մասին։ Արցախը մեր կյանքի ամենամեծ ամոթն ու անպատվությունն է։ Դրա տակ ապրելը ծանր է։ Այս պայքարը հենց դրան է միտված նաև»։

Բագրատ սրբազանը հայտնեց՝ նախատեսել են սեպտեմբերի 7-ին հանդիպում-հավաք ունենալ Երևանում։ Նաև տեղեկացրեց, որ փորձում են մարզային կառույցներ ստեղծել՝ պատասխանատուներով։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝  Սրբազան պայքարի էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031