Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրանցում ադրբեջանցիները մեր բնակիչների ցորենի, գարու ցանքատարածքները հնձել են»․ Գառնիկ Դանիելյան

Հուլիս 27,2024 16:37

«Ուզում եմ ձեր տեսախցիկներն ուղղեք հատուկ ծառայության աշխատակցի վրա»,-Վայքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սրբազան շարժման ներկայացուցիչները Բագրատ սրբազանի գլխավորությամբ այսօր գտնվում են Վայոց ձորում, հանդիպում են ունեցել Վայքի բնակիչների հետ։

Պատգամավորի կարծիքով՝ եթե իշխանությունը վախեցած չլիներ, նման ճնշումների չէր ենթարկի ժողովրդին․ «Իրենց գործը թողած ընդդիմադիրների հետևից են ընկնում։ ՀՀ սահմանը բացուբրախտ թողել են, ոնց ասես ադրբեջանցիները գալիս են, ՀՀ տարածքում մարդ են սպանում, արձակում են, ասում են՝ մոլորված են։ Մարդիկ, որ իրենց գործն անեն, մոլորյալ ադրբեջանցիներ չեն հայտնվի ՀՀ տարածքում և մարդ սպանեն»։

Գառնիկ Դանիելյանը Վայքում լրագրողների հետ զրույցում ահազանգեց՝ հատուկ ծառայության ներկայացուցիչները առավոտից երեկո զբաղված են մարդկանց նկարելով, հետապնդելով, քրեական գործեր հարուցելով․ «Գալիս են, առանց ամոթի մարդկանց են նկարում, մեքենաները, մարդկանց կանչում, հետո էլ ասում են՝ ո՞նց է՝ մարդիկ դուրս չեն գալիս։ Վախի մթնոլորտ են ստեղծում։ Այս վախի, սպառնալիքի մթնոլորտը, որ կա, Նիկոլի դարաշրջանը դարձրել է 37 թիվը։ Հետո էլ պարեկներին կհրահանգեն, կսկսեն տուգանքներ գրել, հետո գալիս է ԱԱԾ-ի հերթը, հետո ՊԵԿ-ին են փոխանցում, գալիս, սկսում են  գործարարների վրա ակտեր գրելը։ Այս չարիքի իշխանությունը, որը եկել էր, իշխանության անունը դրել ժողովրդավարության բաստիոն, ժողովրդավարության բաստիոնում մարդկանց հետապնդում են։ Տավուշից մեր գործարար ընկերներից մեկն էլի հետապնդման զոհ է դարձել․ տարել են, մի ամիս կալանքի տակ պահել։ Ահաբեկչական ակտ են իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ, որը  պայքարի է դուրս եկել իր հողն ու ջուրը պահելու նպատակով»։

Գառնիկ Դանիելյանը նաև ահազանգեց՝ Կիրանցում ադրբեջանցիները ցորենի դաշտերն արդեն հնձել են, իրանցով են արել մարդկանց ձմեռվա ապրուստը․ «Հիմա, երբ Կիրանցում առաջխաղացում է տեղի ունեցել, ասում են՝ նոր ճանապարհը մերն է, ցորենի, գարու ցանքատարածքները, որ մեր բնակիչներն ունեն, ձմեռվա մարդկանց ապրուստը հնձել են։ Հիմա էլ ասում են՝ հատուկ ռեժիմ է գործում գյուղում․ խմիչքի օգտագործումից սկսած մինչև երեկոները դուրս գալը մարդկանց խնդիրներ են առաջացնում։ Անելանելի իրավիճակ է ստեղծվել մարդկանց՝ այդտեղ ապրելու համար։ Ուրիշ ելք չեն թողնում, քան, որ մարդիկ արտագաղթեն։ Այդ դպրոցի մոտ, որ ասկյարը՝ հատուկ նշանակության ստորաբաժանումը կանգնի, ոչ մի ծնող իր երեխային չի բերելու այդ դպրոց։ Ծառի տեղը մետաղյա թիթեղներ են դրել, ասում են՝ ձեզ անվտանգ զգացեք։ Հայ ժողովրդի համար մեծագույն ցավ ու տառապանք է տեսնել ադրբեջանական դրոշները այդտեղ հայտնված։ ՔՊ-ականներին ի՞նչն է երջանկացրել, որ ադրբեջանական սահմանապահները հայ սահմանապահներին նվաստացմա՞ն են ենթարկում, էդ ադրբեջանական դրոշնե՞րը, թե դատարկվող գյուղն է ուրախացրել։ Ռեժիմը սահմանը նվիրաբերել է իրենց, դրա համար էլ ազդարարեցին, որ COP-29-ից հետո պատերազմ է լինելու։ Առաջնագիծը հանձնել են, հետո ասում են՝ պատերազմ է լինելու, որ ավելի բարենպաստ դիրքից հարձակվեն մեզ վրա»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031