Հուլիսի 27-ին Պարկ Հաուսում կայացավ Shop in Armenia նախագծի շնորհանդեսը, որը կազմակերպել էին CNN Global USA-ն ու Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը։ Նախագծի շնորհանդեսին ներկայացված էին Արցախից տեղահանված եւ Հայաստանում իրենց գործունեությունը կազմակերպած ավելի քան 100 անհատ արվեստագետների, արհեստավորների, փոքր արտադրություն ստեղծած գործարարների արտադրանքները, 28 տաղավարում ներկայացված էին իրենց անհատական աշխատանքները։
«Մի օգնիր ինձ, աշխատիր ինձ հետ». այս կարգախոսով են առաջնորդվում արցախցիները։
Ըստ Shop in Armenia ընկերության կազմակերպիչների՝ այս հարթակի շնորհիվ արցախցիները կկարողանան իրեն գործունեություն ու արտադրանքը կազմակերպել։
Կարդացեք նաև
Արցախցիների խոսքով՝ այս փոքրիկ բիզնեսները փոքր-փոքր քայլերով առաջ գնալու միջոց են։
Ծղոտե զամբյուղներ պատրաստող Լուսինե Գրիգորյանը նշեց, որ այս աշխատանքները իր համար զբաղմունքի միջոց էին։ Արդեն հինգ տարի է՝ ինչ «հոբբին» դարձել է բիզնես, փորձում է քարը քարին դնելով առաջ շարժվել. «Երբ արդեն սկսեցին հետաքրքրվել, անհատական պատվերներ կատարել, սկսեցի այդպես վաճառք անել»։
Շնորհանդեսից շատ տպավորված էին նաեւ այցելուները. « Ինձ շատ տպավորեց մեր արցախցի հայրենակիցների ձեռքի աշխատանքները, մի քանի բան եմ գնել, հնարավորության դեպքում ավելին կգնեի»,- նշեց շնորհանդեսի մասնակիցը։
Լաուրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ