Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանն արձանագրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է նաեւ հրադադարի հաստատման չորրորդ առաջարկը՝ Իրանի կողմից, ինչի մասին Հայաստանի իշխանությունը լռել է

Հուլիս 27,2024 14:46

Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է բացահայտել 44-օրյա պատերազմի մանրամասները:

Youtube-յան եթերում նա հիշում է, որ պատերազմի ընթացքում հրադադար հաստատելու մասին եղել են բազմակողմ տարբեր հայտարարություններ, որոնց մեջ ամենաէականը, թերեւս, հոկտեմբերի 25-ին Իլհամ Ալիեւի արած հայտարարությունն է այն մասին, որ իրենք պատրաստ են համաձայնության գալ հրադադարի հարցում, բայց Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին: «Եվ հոկտեմբերի 25-ին Միացյալ Նահանգներ-Հայաստան-Ադրբեջան նոր համատեղ հայտարարություն է լույս տեսնում, որտեղ կողմերը համաձայնում են հումանիտար հրադադարի շուրջ, որը պետք ուժի մեջ մտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ի՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին: Սակայն այդ հրադադարը տեւել է ընդամենը 45 րոպե»,-ասում է Մանրությանը՝ նշելով նաեւ, որ հոկտեմբերի 30-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի, հանդիպումը նույնպես որեւէ արդյունք չի տվել:

«Բայց ուզում եմ՝ կենտրոնանանք վերջերս մամուլ սպարդած այն տեղեկատվության վրա, որ Իրանի նախկին արտգործնախարարը իր հուշերում պատմում է 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած իր հանդիպումների մասին եւ կիսվում է իր մտորումներով: Ուզում եմ մի հատված կարդալ: Շատ կարեւոր է, թե մեր հարեւան երկրները ինչպե՞ս են մեզ նայել, դիտարկել կողքից: «2020 թ. պատերազմից հետո Հայաստանում եւս ինքնավստահության կորուստը սաստիկ էր: Նրանք Եվրոպայի վրա սին հույսեր էին դրել, ուրախացել էին Եվրամիության մի քանի ուղերձի եւ հայտարարության վրա: Կարծում էին՝ այդ ուղերձներն ու հայտարարությունները իրենց կօգնեն: Սա մի սկզբունքային թյուրիմացություն է: Չեն զգում, որ մեծ ուժերի այս խաղերում նման հովանավորությունը եվրոպացիների համար ճնշման լծակ է ընդդեմ ախոյանների: Այդ ախոյանները պարագայաբար կարող են լինել Թուրքիան, Ադրբեջանը կամ Ռուսաստանը: Արեւմուտքի խաղերը Վրաստանին ու Հայաստանին օգուտ չբերեցին եւ գործնական հովանավորություն չապահովեցին: Եվրոպացիները իրենց ներքին առեւտրում օգտագործում են լծակները եւ Վրաստանի ու Հայաստանի տնտեսական շահերն էլ չեն ապահովում:

Մեր ԱԳՆ-ն առաջին հայցի ժամանակ տնտեսական ու տարանցիկ համագործակցության համար 3+3 վեցակողմ կոնսորցիումի առաջարկ ներկայացրեց»:

Այստեղ Էդմոն Մանրությանն արձանագրեց, որ այդ ձեւաչափն առաջարկվել է ոչ թե Թուրքիայի, այլ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից եւ շարունակեց ընթերցանությունը. «Երկրորդ այցի ժամանակ զգացինք, որ տարածաշրջանի աշխարհագրական փոփոխության եւ Հայաստանի ամբողջական փլուզման վտանգ կա: Հայաստանն այդ ժամանակ հոգեպես փլուզվել էր: Եվ եթե  մի երկիր հոգեպես փլուզվում է, ապա հեռու չէ նաեւ նրա առարկայական փլուզումը»:

Այնուհետեւ, Էդմոն Մանրությանը վկայակոչեց հարեւան երկրի նախկին գլխավոր դիվանագետի այն հավաստիացումը, որ հրադադարի իրենց առաջարկները մերժվել են Հայաստանի կողմից:

«Սա մեզ համար, ըստ էության, նորություն է, որովհետեւ նախորդ հաղորդման ժամանակ մենք խոսել ենք հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստից, որտեղ տեղեկություն չի եղել այն մասին, թե բացի Հայաստանի վարչապետ-ՌԴ նախագահ խոսակցությունից, խոսակցություն է եղել նաեւ Իրանի հետ եւ ԻԻՀ-ն ինչ-որ առաջարկ ունեցել է: Մենք գիտեինք երեք հրադադարների մասին: Հիմա արձանագրում ենք, որ հրադադարի միջնորդություն է եղել Մոսկվայից՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ, Ֆրանսիայից՝ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ եւ Միացյալ Նահանգներից՝ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ: Եվ երեք հրադադարներն էլ տապալվել են»,-ասաց հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը:

Այսպիսով, Էդմոն Մանրությանը արձանագրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է նաեւ հրադադարի հաստատման չորրորդ առաջարկը՝ Իրանի կողմից, ինչի մասին Հայաստանի իշխանությունը լռել է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031